«Ռեգնում» լրատվական գործակալության աղբյուրները հաղորդում են , որ ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԽԽՎ ներկայացուցիչների մեծամասնությունը Բաքվի լոբբիստներ են, ովքեր տարբեր իրավիճակներում ակտիվորեն աջակցել են Ադրբեջանի իշխանություններին: Գործակալության աղբյուրի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելության մեծ թվով անդամներ դեմ են քվեարկել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով համազեկուցող Քրիստոֆեր Շտրասերի զեկույցին:
Այդ ժամանակ զեկույցին դեմ էին արտահայտվել դիտորդական առաքելության ղեկավար Կարին Վոլդսեթը (Karin Woldseth), խորհրդարանականներ Թադեուշ Իվինսկին (Tadeusz Iwinski), Ժան-Մարի Բոկելը (Jean-Marie Bockel), Լուկա Վոլոնտեն (Luca Volonte), Ռոբերտ Ուլթերը (Robert Walter) և Սենադ Շեպիչը (Senad Sepič):
Օրինակ՝ ֆրանսիացի խորհրդարանական Ժան-Մարի Բոկելը Եվրոպական-Ադրբեջանական լոբբիստական համագործակցության շրջանակներում ժամանակին ժամանել է Ադրբեջան, հիացել Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմամբ:
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք եվրոպացի գործիչներ շահախնդրությամբ աջակցում են Բաքվի ներկայիս ռեժիմին, իսկ նրանց գործունեությունը միայն Ադրբեջան կատարած էքսկուրսիաների ձևով չէ, որ փոխհատուցվում է: Ուստի գործակալությունն ահազանգում է, թե ԵԽԽՎ դիտորդական առաքելության կողմից տրվելիք գնահատականները կարող են Երևանի դեմ տեղեկատվական պատերազմում նրա իսկ դեմ օգտագործվել:
Կարդացեք նաև
Aravot.am-ը այս լուրի կապակցությամբ պարզաբանումներ ստացավ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներից:
Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններ անել: Փաստագրական տվյալները կան համացանցում, կարող եք բացել ինտերնետը, կարդալ բոլոր ելույթները»:
Հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Չգիտեմ ովքեր են այս տարի պատվիրակության անդամները, բայց առաջին անգամ որ եկան, ես այդ անձանց դժվարանում եմ ադրբեջանական լոբբիստներ անվանել: Միգուցե այլ անդամնե՞ր կան, որոնց ես չեմ ճանաչում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ