Այսօր թիվ 181 դպրոցում տեղակայված 8/16 ընտրատարածքում ամուսինը ընտրություն կատարեց կնոջ փոխարեն: Ամուսինը կնոջ քվեաթերթիկը ձեռքին մոտեցավ քվեախցին եւ անգամ կնոջը չհարցնելով, թե որ թեկնածուին է քվե տալու, նշումը կատարեց: Դեռ քվեաթերթիկը ծրարի մեջ չդրած՝ Aravot.am-ի տեսախցիկն արձանագրեց այդ փաստը: Եվ երբ մենք հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին ասացինք, որ դա օրենքի խախտում է, կինը սկսեց բղավել, որ լավ չի տեսնում ամուսինն է, այդ պատճառով էլ ամուսինն իր փոխարեն ընտրեց. «Տո էս կյանքում էնքան անարդարություններ կան, հենց է՞ս ձեր աչքին երեւաց: Մենք էնքան մաքուր ու ազնիվ, արդար մարդիկ ենք, տղես պատերազմի մասնակից է»: Պատասխանեցինք, որ ըստ օրենքի, այդ քվեաթերթիկը պետք է անվավեր համարել, եւ եթե կինը տեսողական խնդիր ունի, ապա պետք է դիմել ընտրատեղամաս եկած ընտրողներից որեւէ անծանոթ մեկին, նաեւ ամուսնուն: Ընդ որում, որպեսզի ամուսինը կարողանա օգնել կնոջն քվեարկելու համար, նախապես պետք է հանձնաժողովին տեղյակ պահի, եւ գրանցամատյանում էլ այդ մասին արձանագրվի:
8/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահան Մովսեսյանը մեզ ասաց, որ քվեաթերթիկը անվավեր չճանաչեցին, բայց հետո մատյանում գրանցել են:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ