ԳԱԼԱ-ի աղբյուրները դեռ մի քանի օր առաջ հաղորդել էին, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է ավտոբուսներով ընտրողներ տանել մայրաքաղաք՝ Ախուրյանում գտնվող Շաքարի գործարանի իր աշխատակիցներին: Այն, ինչի մասին հաղորդում էին մեր աղբյուրները, այսօր արդեն ֆիքսեց ԳԱԼԱ-ի տեսախցիկը: Այսօր՝ փետրվարի 18-ին, առավոտյան 09:05-ին Ախուրյանի Շաքարի գործարանի բակից շարժվեց աշխատակիցներով լիքը 4 միկրոավտոբուս և մեկ մեծ մարդատար ավտոբուս: ԳԱԼԱ-ի տեսախցիկը ֆիքսեց նաև այդ ավտոբուսների համարները: Ուղևորներով լիքը ավտոբուսները մեզ կանգնեցնել չի հաջողվել:
Գործարանի ինժեները հաղորդեց, որ մարդկանց տանում են ընտրության Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակ: Սակայն, այնուամենայնիվ, մենք ֆիքսեցինք, որ ավտոբուսները դուրս են եկել Գյումրի-Երևան մայրուղի: Հորդորում ենք մեր գործընկեր լրագրողներին դիմավորել Սամվել Ալեքսանյանի գործարանում աշխատող Երևանում ընտրող գյումրեցի աշխատակիցներին:
Հորդորում ենք նաեւ հայրենի իրավապահներին ընդունել ի գիտություն այս հաղորդումը եւ գնալ հետքերով՝ ու՞ր են գնում գյումրեցի ընտրողները:
Հավելենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, գործարանի աշխատակիցներին տալու են քվեաթերթիկ, որի վրա նշված է լինելու Սերժ Սարգսյանի անունը: Քվեաթերթիկը ընտրողը պետք է գցի քվեատուփը, իր հետ տեղամասից դուրս բերելով իրեն հանձնված մաքուր քվեաթերթիկը: Ի գիտություն հարգելի իրավապահների,քիչ անց կտեղադրենք նաեւ կադրեր, որտեղ պարզորոշ երեւում են մեքենաների պետհամարանիշերը:
Կարդացեք նաև