Այցելել ենք թիվ 30/12, 30/22, 30/23, 30/25, 30/26 ընտրատեղամասեր: Մինչեւ ժամը 10-ը ընտրությունը պասիվ էր, ընտրողները քիչ էին: Թիվ 30/23 ընտրատեղամասի նախագահին խնդրեցինք տեղեկություններ տալ ընտրողների քանակի վերաբերյալ, թե 9.30-ի դրությամբ քանի մարդ է քվեարկել: Նախագահն ասաց, որ իրավասու չէ որեւէ տեղեկություն հայտնել, նա իրավասու է միայն իր վերադասին: Սակայն քիչ անց ինձ տեղեկացվեց, որ ընտրատեղամասում 1576 ընտրողից ժամը 9.30-ի դրությամբ քվեարկել է 50 մարդ:
Հանձնաժողովի անդամները եւս նկատեցին, որ ընտրությունը պասիվ է ընթանում, նաեւ ասացին, որ ընտրատեղամասում ցուրտ է, իրենք մրսում են: 30/25 ընտրատեղամասում ընտրողները խումբ-խումբ էին գալիս, իսկ 30/26-ում՝ երկու կին առանց գրանցվելու մոտեցել էին քվեատուփին եւ ուզում էին քվեարկել, սակայն հանձնաժողովի նախագահը նկատեց դա եւ վերացրեց թերությունը:
30/26 տեղամասի դիմաց «Գելափ» կազմակերպությունը «էքզիթ փոլլ» է անցկացնում: Տեղամասից դուրս եկող ամեն 7-րդ քաղաքացուն նրանք հարցաթերթիկ են տալիս, որը գցում են իրենց «քվեատուփի» մեջ, իսկ ժամը մեկ հաշվում են արդյունքները եւ փոխանցում «Արմնյուզին» ու «Եվրոնյուզին»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ