Այս պահին քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողողովներից այս պահին չի ստացվել որևէ ահազանգ կապված կնիքների թանաքանյութի` որևէ խնդիր առաջացնելու հետ: Այս մասին այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա տեղեկացմամբ, Հայաստանի 41 ընտրատարածքներում ընտրությունների կազմակերպման համար ձևավորվել է 1988 տեղամասային կենտրոն: 1988 տեղամասային կենտրոններից 7-ը քրեակատարողական հիմնարկներում է ձևավորվել, որտեղ քվեարկությունը սկսվելու է ավելի ուշ:
Պարոն Մուկուչյանի խոսքերով, 15 հազար 904 հանձնաժողովի անդամներից ընտրատեղամաս չեն ներկայացել 126-ը, անդամները համալրվել են 8-ով. «Բոլոր այն տեղամասային ընտրական հանձնաժողովներում, որտեղ ներկայանում է առնվազն 7 անդամ, թափուր տեղը չի համալրվում»: ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ բացակայել էր հանձնաժողովի 237անդամ, և թափուր տեղերը համալրվել էին 126 անդամներով. «Այս անգամ հանձնաժողովի անդամները մեծ ակտիվությամբ են ներկայացել տեղամասային կենտրոններ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ