«Արմենիա մեդիա նեթվորք» ընկերության «Հորիզոն» հեռուստաընկերությունը ուրբաթ օրը «Չարթեր Քոմմյունիքեյշըն» հեռահաղորդակցության ընկերության դեմ հայցով դիմել է Լոս Անջելեսի վերադաս դատարան՝ վիճարկելու փետրվարի 19-ից «Հորիզոն»-ի հեռարձակումները դադարեցնելու նրանց որոշումը: Գրում է «Ասպարեզ» թերթը:
Ըստ հայցի «Չարթեր»-ը խախտել է մինչև 2013թ. «Հորիզոն»-ը հեռարձակելու պայմանագիրը, որը ստորագրվել է դեկտեմբերի 3-ին, նույնիսկ այն դեպքում, երբ «Հորիզոն»-ը համաձայնել էր «Չարթեր»-ի առաջարկած՝ վճարումների 25%-ով բարձրացմանը: Հունվարի 10-ին «Հորիզոն»-ը նամակ էր ստացել, որտեղ առանց բացատրության տեղեկացրել էին, որ որոշում է կայացվել դադարեցնել «Հորիզոն»-ի հեռարձակումները:
Հայցում նշված է նաև, որ «Չարթեր»-ի որոշումից կտուժեն «Հորիզոն»-ի հեռուստադիտողներն ու հայ համայնքը: Հունվարից սկսած, ընտրությունները լուսաբանելու իր հանձնառության շրջանակներում «Հորիզոն»-ը հյուրընկալել է մի շարք թեկնածուների, որոնք պայքարում են Գլենդեյլի և Բուրբանկի տեղական ինքնակառավարական ընտրություններում: Այն նախատեսում է շարունակել կրթական ծրագրերը և խթանել ազգությամբ հայ ընտրողների մասնակցույթունը երկրում տեղի ունեցող ընտրություններին: «Չարթեր»-ի որոշումը կզրկի հայ համայնքին կարևոր տեղեկատվական աղբյուրից: Գրում է «Ասպարեզ»-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ