Հաշմանդամների համար ընտրատեղամասերի անհարմարությունների մասին Կապանում բազմիցս է խոսվել եւ ամեն անգամ ընտրություններից առաջ մշտապես բարձրացվել խնդիրը, սակայն հերթական ընտրությունների օրը կրկին փաստելու ենք, որ քաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում բացկայում են թեքահարթակները: Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ-ի նախագահ Սերգեյ Սարգսյանի փոխանցմամբ` այդ առումով իրոք խնդիր կա եւ ընտրատեղամասերում բացակայում են թեքահարթակները, իսկ որոշ ընտրատեղամասերում էլ անհարմարություններ կան տարածքի պայմանների առումով:
Ինչ վերաբերում է ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների կամ այլ բողք-դիմուներին, վերջինիս հավաստմամբ, նմանատիպ բողոքներ ԸԸՀ-ն չի ստացել: «Միայն դժգոհություններ կային ընտրացուցակներում տեղ գտած Ռուսաստանում գրանցվածների տվյալների առումով, բայց այդ մարդկանց անունները հնարավոր չէ հանել, մարդիկ կարող է ընտրության օրը գան ու մասնակցեն»,- նշեց Սերգեյ Սարգսյանը եւ հավելեց, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում ընդհանուր առմամբ 50 հազարից ավելի ընտրող կա:
Կապանում տեղակայված է 54 ընտրատեղամաս, որից 21-ը` քաղաքում, իսկ մյուսները տարածաշրջանի գյուղերում: Քաջարանցիները քվեարկելու են իրենց քաղաքում գործող 6 ընտրատեղամասերում, 16 ընտրատեղամաս էլ ընտրության օրը կգործի Մեղրիում եւ Ագարակում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ