Լրահոս
Օրվա լրահոսը

Շնագայլերն ակտիվացել են Կապանում (Տեսանյութ)

Փետրվար 17,2013 19:29

Կապանում երկար ժամանակ է շնագայլերն ակտիվություն են ցուցաբերում: Դեռեւս նոյեմբեր ամսվանից ի վեր   կապանցիներն ահազանգում են, որ  գիշերվա հերթափոխից կոմբինատի աշխատողները  աշխատանքից տուն վերադառնալիս,  փողոցներում հանդիպում են ոչ միայն թափառող շների, այլեւ`  ազատ տեղաշարժվող  շնագայլերի, ինչը խիստ վտանգավոր է բնակիչների ազատ  ու անվտանգ տեղաշարժի համար:  Մի խումբ կապանցիներ Կապան համայնքի ավագանուն էին նույնիսկ դիմել`  փողոցային լուսավորությունը գիշերային ժամերին ավելացնելու խնդրանքով: Եթե նախկինում շնագայլերը վախենում էին ու քաղաքի մոտակա անտառներից քաղաքամեջ չէին իջնում, ապա վերջին ժամանակներս սնունդ հայթայթելու նպատակով արդեն միայնակ կամ զույգերով են իջնում մարզկենտրոնի տարբեր թաղամասեր:

Կապանի անհատական տներից բաղկացած թաղամասերի բնակիչները տնամերձ հատվածներում շնագայլերի հանդիպելուց հետո մութ ժամանակ զգուշանում են տներից դուրս գալ:  «Երեկոյան ժամը 8-ին տղաս քաղաքից տուն գալիս տան հայաթում չխկոցներ  ու տարօրինակ ձայներ լսեց, կանչեց մեզ, տնից դուրս եկանք, լույսը վառեցինք ու տեսանք չախկալը տան անմիջապես վերեւի հատվածից վազելով փախչում է»,- ասաց Մ.Ստեփանյան փողոցի անհատական տներից մեկի տանտերը: «Գիշերը պառկած ժամանակ պատուհանիս տակով չախկալները գալիս-գնում են, ուղիղ ականջներիս տակ ոռնոցները գցում: Լույսը վառում ենք, քար կամ փայտ շպրտում, որ հեռանան: Բայց քար շպրտելով հարց չես լուծի, համատարած  ավելացել են էդ անտեր կենդանիները, պիտի էդ հարցով լուրջ զբաղվեն պատկան մարմինները, քանի որ մի կամ երկու թաղամասի հարց չի»,- նշեց Գարեգին Նժդեհ փողոցի անհատական տներից մեկի բնակիչ Սամվելը:

Կապանի ծայրամասային Բաղաբերդ թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչները շնագայլերի հանդիպել են իրենց  բակերի  աղբամանների մոտակայքում: Ասում են, որ նախկինում միայն շնագայլերի ձայներն են լսել անտառներից, բայց այսօր արդեն անզեն աչքով են տեսնում շենքերի մոտակայքում:

Շնագայլերն իրենց գոյության մասին զգացնել են տալիս գրեթե ամեն գիշեր` իրենց ոռնոցներով մեծ աղմուկ հանելով եւ խանգարելով բնակիչների գիշերվա հանգիստն ու քունը:

Մնում է պարզել, թե արդյոք պատասխանատու կառույցները  տեղյա՞կ են խնդրին եւ  մինչեւ օրս պայքարի ինչ-որ միջոցառումներ կիրառե՞լ են բազմացած ու քաղաքի թաղամասերում անվախ շրջող, բնակչության համար վտանգ ներկայացնող  շնագայլերի դեմ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728