Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, համաձայն որի Երևան, Չարենցի փ. 19/7 հասցեում նախկինում բնակվող Բադալյանների ընտանիքից Անդրիաս Բադալյանը մահացած է, իսկ մնացածը ապրում են արտասահմանում, տարիներ առաջ հրաժարվել են քաղաքացիությունից և դուրս են եկել գրանցումից: Սակայն մինչ օրս նրանց անունները առկա են ընտրողների ցուցակներում:
Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը վերաբերում է ոչ թե Երևան, այլ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փ., 19/7 հասցեում հաշվառված անձանց:
Ոստիկանության ծառայողների կողմից վերը նշված հասցում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անդրիաս Սարգսի Բադալյանը (01.08.1951 թ.) շուրջ երկու տարի առաջ մահացել է ՀՀ սահմաններից դուրս: Ա. Բադալյանի մահվան փաստի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրը վարող մարմինը չի տեղեկացվել:
Ընդ որում՝ հարկ է նշել, որ մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում, ՀՀ ընտրական օգրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:
Ինչ վերաբերում է Ա.Բադալյանի հասցեում հաշվառված անձանց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և ընտրողների ցուցակում վերջիններիս տվյալների առկայության վերաբերյալ տեղեկությանը, հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ Նախագահի հրամանագրով:
Վերը նշված հասցեում հաշվառված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, հետևաբար իրավաչափորեն ընդգրկված են ՀՀ ընտրողների ռեգիստրում:
ՀՀ ոստիկանություն