ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԱՊՀ և մերձբալթյան մի շարք երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը կարևորել է տարբեր երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընտրական վարչարության ոլորտում փորձի փոխանակումը:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքների, նախընտրական քարոզչության ընթացքի և քվեարկության օրը ԿԸՀ-ում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ` հավելելով, որ ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթներն իրականացվել են նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն:
Հանդիպման մասնակիցները հատկապես բարձր են գնահատել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերն առցանց հեռարձակելու նորամուծությունը, ինչպես նաև ընտրողների ցուցակների հրապարակայնության ապահովմանն ուղղված աննախադեպ միջոցառումները:
Հանդիպման ավարտին հյուրերը, ևս մեկ անգամ փաստելով, որ ընտրական վարչարարության մարմինների համագործակցությունը նպաստում է ընտրական օրենսդրության բարելավմանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հաջողություն են մաղթել գալիք նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման գործում:
Կարդացեք նաև
ԿԸՀ մամուլի ծառայություն