Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը վստահեցնում է, որ երբեք ՀԱԿ կուսակցության անդամ չի դառնա

Փետրվար 16,2013 22:38

Արմենակ Դովլաթյանը սատարում է Հրանտ Բագրատյանին, բայց գտնում է, որ Կոնգրեսը ճիշտ որոշում կայացրեց՝ չմասնակցելով ընտրություններին

«Դժվար Հայ ազգային կոնգրեսը նման բան անի Հրանտ Բագրատյանի դեմ եւ իր տեղամասային ընտրական հանձնաժողովների տեղերը տա ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Դա թյուրիմացություն է երեւի, որովհետեւ այլ ընտրություների ժամանակ եղել է, որ ինչ-որ կուսակցություն չի փակել այդ տարածքը եւ Հանրապետականներն են վերցրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը այսպես պարզաբանեց ՀԱԿ-ի տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշ տեղեր ՀՀԿ եւ ԲՀԿ անդամներին տալը:

Ըստ պարոն Դովլաթյանի, այն, որ Կոնգրեսը որոշեց չմասնակցել ընտրություններին, դա ճիշտ էր. «Ես էլ եմ համաձայն, որ Կոնգրեսը չպետք է մասնակցեր: Մենք էլ ենք միացել այդ որոշմանը: Սակայն առանձին կուսակցություն, որ մասնակցել է, ցանկալի կլիներ, որ աջակցությունը մի քիչ ավելի շատ լիներ: Երկակի մոտեցում կա այստեղ. կարող է ստացվի, որ մասնակցությամբ լեգիտիմացնում է իսկապես Սերժ Սարգսյանի ռեժիմը, կարող է ստացվել, որ չմասնակցելով է լեգիտիմացնում»:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ եք Դուք սատարում Հրանտ Բագրատյանին, եթե համաձայն եք Կոնգրեսի որոշման հետ, որ պետք չէր մասնակցել ընտրություններին՝ նա պատասխանեց. «Այդ դեպքում եկեք ընդհանրապես ոչ մի բան չանենք: Թողնենք, որ իշխանությունները ինչ ուզում են, երբ ուզում են՝ անեն: Եկեք Մաշտոցի պուրակում չկանգնենք, թող այնտեղ բուտիկները մնային, Թռչկանի ջրվեժում չկանգնեինք, թող ջրվեժը քանդվեր, վերջանար եւ այսպես շարունակ»:

Արմենակ Դովլաթյանի դիտարկմամբ, այն, որ Կոնգրեսը չմասնակցեց ընտրություններին, դա ավելի շատ Տեր-Պետրոսյանի հաշվարկներից էր. «Երեւի մոտ ապագայում ինչ-որ բան կբացահայտվի»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, սպասում եք, որ «արդարացո՞ւմ» կլինի՝ նա պատասխանեց. «Որոշակի խնդիրներ, ակտիվացում ՝ նաեւ կապված նոր կուսակցության ձեւավորման հետ, ինձ թվում է որոշակի պրոցեսներ գնալու են: Այն ժամանակ արդեն ինչ-որ բաներ հստակ կլինի»:

Արմենակ Դովլաթյանը վստահեցրեց, որ նոր ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության անդամ ինքը երբեք չի լինի. «Դա նշանակում է Կանաչների կուսակցությունը չպիտի լինի: Բայց մեր կուսակցությունն իր առանձին գաղափարները, իր առանձին գիծն ունի, որը մենք տանելու ենք: Ո՞նց կարող է Կանաչների կուսակցությունը լուծարվել եւ դառնալ այլ կուսակցության անդամ: Դա հնարավոր չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728