Այս շաբաթ ևս մեկ հաղորդավարուհի լքեց ցանկալի հարսնացուների շարքը: Հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը և նրա ֆուտբոլիստ ընկեր Տիգրանը փետրվարի 15-ին նշանադրվել են: Ինչպես Կարինան է Bravo.am-ի հետ զրույցում հայտնել, օրը պատահական չեն ընտրել. ամուսնության առաջարկ ստանալուց ուղիղ 4 ամիս հետո որոշել են մատանիներով փոխանակվել. «Մեր շփումից 15 օր հետո նա ինձ ամուսնության առաջարկ արեց, ու ես ընդունեցի: Նշանադրության սկզբում բարեկամների հետ էինք, հետո` մեր ընկերների: Մեր տանը շատ նեղ շրջապատով ենք եղել, քանի որ Տիգրանի պապիկը տասն օր առաջ է մահացել: Շատ քիչ մարդկանցով ենք նշել»: Այս տարվա ապրիլին իրենց հարաբերությունները կօրինականացնեն նաև Երեւանի դրամատիկական թատրոնի դերասաններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը: Bravo.am-ի փոխանցմամբ, Վահագնն ու Լուսինը համակուրսեցիներ են եղել. միասին սովորել են Թատերական ինստիտուտում: Զույգը նշանադրվել է 2011 թվականի սեպտեմբերին, ամիսներ անց պատրաստվում է ամուսնանալ: Անձնական կյանքում փոփոխություններ են նկատվել նաև երգիչ Վլադիմիր Բարխոյանի և դերասանուհի Աննա Պանիի կյանքում: Խոսակցությունները ծագեցին այն ժամանակ, երբ համացանցում հայտնվեց մի նկար, որում Աննան և Վլադիմիրն են: Սակայն esyes.am –ի հետ զրույցում նրանք հերքել են լուրը: «Չէ, Աննայի հետ ընկերներ ենք: Ծանոթացել ենք մոտ վեց ամիս առաջ` համերգի ժամանակ, որն Աննան էր վարում»,- ասել է Վլադիմիրը: Դերասանուհի Աննա Պանին ևս նշել է, որ իրենք պարզապես ընկերներ են: Վերջերս համացանցում հայտնվել և մեծ արձագանք էր ստացել նաև Սոնա Շահգելդյանի նկարը, որտեղ նա մի տղայի հետ է: Նկարի մեկնաբանություններից շատերն են ենթադրել, թե տղան Սոնայի ընտրյալն է, սակայն երգչուհին այս լուրը ոչ հերքել է, ոչ հաստատել: Օրեր առաջ էլ ֆեյսբուքում գրել է. «…նա, ում հետ նկար է տեղադրում, չի նշանակում, թե իր ընտրյալն է: Ոչ ոք իրականում չի կարող դա իմանալ»: Այս շաբաթ հանրությանը ներկայացվել են հետևյալ տեսահոլովակները՝ Լիլիթ Հովհաննիսյան. «Քեզ մի օր թողեցի», Նիկ Էգիբյան. «Release Us», Ալին Գոյան և Վահագ Ռաշ. «Ախ, մարալ ջան»:
Տիգրանուհի Թասլակյան