Եթե հանդիպի Աստծուն, Սերժ Սարգսյանը շնորհակալություն կհայտնի
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ներկաներից մեկը ՀՀԿ-ական թեկնածուին հարց ուղղեց` ի՞նչ կարծիք ունի ՀՀ նախագահի մյուս թեկնածուների ծրագրերի մասին, եւ ընտրվելուց հետո ինքը պատրաստվո՞ւմ է համագործակցել նրանց հետ: Սերժ Սարգսյանն անկեղծորեն ասաց, որ մյուս թեկնածուների ծրագրերին ծանոթ չէ, քանի որ ինքն իր ծրագիրն ունի, որը կազմված է թիմի կողմից եւ անհրաժեշտություն չի տեսել մյուս թեկնածուների ծրագրերին ծանոթանալու համար: Բայց եթե ամսի 18-ին ինքն ընտրվի եւ մյուս թեկնածուների ծրագրերում ռացիոնալ հատիկ տեսնի, իհարկե, դրանք վերցնելու է: Նա մյուս թեկնածուներին գործընկերներ է համարում եւ խնդիր չի տեսնում հետագա համագործակցության համար: Իսկ թե համագործակցությունն ինչ ձեւ կընդունի, ըստ իշխող կուսակցության թեկնածուի, կախված է մեր բոլորի իրատեսական մոտեցումներից: Ընդհանրապես, նա որեւէ մեկի հետ համագործակցության խնդիր չի տեսնում, եթե այդ համագործակցությունն ուղղված է մեր երկրի, տնտեսության զարգացմանը: Իսկ եթե դա ուղղված է լինելու պարզապես որեւէ մեկի կողմից ինչ-որ դերակատարություն ունենալուն, ապա Սարգսյանը դա այնդքան էլ կարեւոր չի համարում: «Պրծնեն ընտրությունները` տեսնենք»,- ասաց նա:
Հանդիպման մասնակիցներից մեկ ուրիշն էլ հետաքրքրվեց, թե որո՞նք են այն երեք երեւույթները, որ ինքը չի սիրում: Սերժ Սարգսյանը ասաց. «Չեմ սիրում գոռոզոթյունը, չեմ սիրում, երբ հրապարակավ ինձ գովում են եւ չեմ սիրում կեղծավորներին»: Հանդիպման մասնակիցներից մեկն էլ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են իր թուլությունները ու կայացրած ծանր որոշումները: «Եթե թույլ տաք, չխոսեմ հա այդ մասին, որովհետեւ ճիշտ չէ, երբ մարդն իր թուլությունները բարձրաձայնի… բայց ծանր որոշումներ, իրոք, եղել են»,-ասաց նախագահի թեկնածուն: Հարցին էլ` եթե Աստծո հետ հանդիպի՝ ի՞նչ կասի, պատասխանեց, որ շնորհակալություն կհայտնի:
Իսկ թե ինչպես եկավ Սերժ Սարգսյանը, ովքեր էին նրան դիմավորում եւ ինչ ասացին նրան այն մարդիկ, ովքեր չկարողացան դահլիճ մտնել, քիչ ուշ` տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աստծո հետ հանդիպելուց շնորհակալություն կհայտնի, որ աստված չխոչնդոտեց ողջ երկրի
արժեհամակարգը այլանդակելու գործում: