Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Սերժ Սարգսյանը երբ հանդիպումների ժամանակ պիտի խոսի պլանավորվածից դուրս՝ հայտնվում է խայտառակ վիճակի մեջ»

Փետրվար 16,2013 19:20

Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի մամլո ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրեց ՀՔԱ-ի կողմից նախագահական ընտրությունների քարոզարշավի դիտորդության արդյունքները Տավուշի և Լոռու մարզերում:

Ա. Սաքունցը պարզաբանեց, որ դիտորդության բուն նպատակն է արձանագրել քարոզարշավի ընթացքում կատարված խախտումները, ամփոփել դրանք և ներկայացնել հասարակությանը, քանի որ սա կարող է մեծ ազդեցություն ունենել ընտրությունների վրա:

Նրա խոսքերով, նկատվել են վարչական ռեսուրսների չարաշահումներ՝ արձանագրվել է, որ Իջևան և Վանաձոր քաղաքներում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ հատկապես դպրոցի աշխատողներին ստիպել են ներկա գտնվել դրանց՝ խաթարելով դպրոցական դասերը. «Սա ոչ միայն վարչական ռեսուրսի չարաշահում է, այլև կրթական գործընթացի խաթարում: Մեր հարցումների արդյունքում հստակ կարելի է ասել, որ քաղաքացիները վախենում են ահազանգել խախտումներ տեսնելու դեպքում, քանի որ չկա երաշխիք, որ ինքը հետագայում հետապնդման չի ենթարկվի: Մյուս խախտումը ՕԵԿ-ի ղեկավարի՝ ազգային անվտանգության խորհրդի նախագահի կողմից էր, ում հետ հանդիպման ժամանակ մարդկանց, այսպես ասած, «բերման են ենթարկել»: Ըստ նրա՝ երկու դպրոցում ուսուցիչները պարտավորվել են ամեն մեկը 15 ընտրողի անուն ներկայացնել:

Արթուր Սաքունցը նշեց, որ այս ընթացքում քողարկված ընտրակաշառքի դեպքեր են արձանագրել. «Վանաձորի դպրոցներից զանգ է եկել այն մասին, որ ընտրությունների մասնակցության 70 տոկոս պետք է ապահովվի: Սա փաստում է այն մասին, որ անգամ այս անմրցակցային ընտրությունների պայմաններում էլ մտավախություն կա, որ ընտրողների բավարար քանակություն չի լինի: Բացի այս դրամական օգնություններից՝ գոյություն ունի նաև ընտրական աշխատավարձ, օրինակ շտաբներում աշխատում են 2 վարձատրվող անձիք և 2-3 կամավորներ, բայց, իհարկե, այս կամավորներին նույնպես վճարում են: Ընտրակաշառքների վերաբերյալ մեր բազմաթիվ ահազանգերից հետո մենք չենք տեսնում իրավապահ մարմինների կողմից որևիցե աշխատանք՝ ոչ մի դեպքի արձանագրություն չկարողացան կազմել»:

Նա նշեց, որ իրենց համար նաև հանելուկ է մնում ֆինանսական ռեսուրսների այդ հսկա պաշարը, քանի որ գործող շտաբներ ամեն մարզում ունի միայն Ս, Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը ունի մեկ շրջող շտաբ, իսկ մնացած թեկնածուները որպես այդպիսին շտաբներ չունեն. «Մենք չենք տեսնում պետական բյուջեի և կուսակցության ռեսուրսների սահմանը: Ֆինանսական հոսքերի վերահսկման մեխանիզմ գոյություն չունի»:

Արթուր Սաքունցը նշեց, որ Ս. Սարգսյանի քարոզչական նյութերը Իջևան քաղաքում փակցված են ոչ թույլատրելի վայրերում՝ խանութների վրա. «Մեր դիտարկումների արդյունքում գալիս ենք հետևյալ եզրակացության՝ նախընտրական քարոզչությունը իրականացվել է օրենսդրական խախտումներով: Երկրորդ՝ մենք արձանագրում ենք, որ Ս. Սարգսյանը ունեցել է ակնհայտ մեկնարկային առավելություն մյուս թեկնածուների համեմատությամբ թե վարչական, թե ֆինանսական և թե մարդկային ռեսուրսների տեսակետից: Լայնորեն օգտագործվել են վարչական լծակները՝ նրա օգտին քարոզչության իրականացման համար»:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք այս խախտումները օրենսդրական բացերի՞ պատճառով են, Ա. Սաքունցը պատասխանեց. «Քաղաքական կամքի բացակայության պատճառով է»:

Այն հարցին, թե ինչու՞ Ս. Սարգսյանը չի օգտվել մամուլում շատ լուսաբանվելու իր իրավունքից, նա պատասխանեց. «Որովհետև Ս. Սարգսյանը գտնում է,որ ինքը մրցակցային չի և կարիք չունի լուսաբանվելու: Երկրորդ՝ Ս. Սարգսյանը , երբ հանդիպումների ժամանակ պիտի խոսի պլանավորվածից դուրս հայտնվում է խայտառակ վիճակի մեջ և այսպիսով կանխարգելվում է անմիջական մեկնաբանություններ անելուց՚:

Այն հարցին, թե արդյո՞ք կարելի է համեմատել 2008թ-ի ընտրություններն այս ընտրությունների հետ՝ պատասխանեց, որ միանշանակ համեմատել չի կարելի, որովհետև 2008 թվականին ընտրական դաշտում կար ակնհայտ մրցակցություն, ինչը հիմա բացակայում է. «Բացի Սերժ Սարգսյանից, մնացած թեկնածուները անպատրաստ մտան ընտրական պրոցես՝ չկար նախապատրաստական փուլ: Հիմա իշխող կուսակցությունը շահագրգռված է ամեն կերպ մարդկանց տանել ընտրությունների՝ կապ չունի՝ ում օգտին կքվեարկեն, քանի որ եթե մարդիկ ընտրությունների չգան՝ ավելի դժվար կլինի կեղծել ընտրությունները»:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728