Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը սոված չթողեց ոստիկանապետին

Փետրվար 16,2013 18:41

Քաղաքապետը  պաշտոնի է նշանակել Գյումրու նախկին ոստիկանապետին, ում 4 տարի առաջ պաշտոնազրկեցին   մարդ ծեծելու ու լրագրողի աշխատանքը խոչընդոտելու պատճառով  

 

Գյումրու նորանշանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարանի  համատիրությունների և մոնիտորինգի  նորաստեղծ բաժնի  պետ է նշանակել Գյումրու նախկին ոստիկանապետ  Շիրակ Շահնազարյանին:

Այս փաստը ուշագրավ է նրանով, որ պարոն  Շահնազարյանը` որպես ոստիկանապետ,  անչափ բեղուն ու հետաքրքիր անցյալ  է ունեցել: Նրա  դեմ պարբերաբար քրեական գործեր են հարուցվել , ու նա պարբերաբար պաշտոնազրկվել է:  Նշենք, որ նրան վերջին անգամ ոստիկանության  համակարգից հեռացրեցին 2009 թվականին` Գյումրու քաղաքացիներից մեկին` Գրիգոր Վարպետյանին, ժամանակավոր պահպանման  խուց գցելու, շուրջ 7 ժամ ապօրինի պահելու ու  ռետինե մահակով մի  լավ ծեծելու համար: Վարպետյանի որդին երթեկության կանոնների խախտում էր կատարել ու փախուստի դիմել: Նրան ոստիկանություն էին հրավիրել, սակայն որդու փոխարեն ներկայացել էր հայրը` հետաքրքրվելով, թե ինչո ՞ւ են տղային ոստիկանություն կանչում: Ոստիկանապետն  էլ  իր առանձնասենյակում հորը մի  լավ դաս էր տվել` հայհոյելով, ձեռքով, ոտքով հարվածելով:

Այդ դեպքի կապակցությամբ Շիրակ Շահնազարյանի  դեմ քրեական գործ հարուցվեց Քր. օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը: Այն, իհարկե,  հետագայում կարճվեց :

Այդ նույն ժամանակահատվածում  հատուկ քննչական ծառայությունում քննվեց նաև ոստիկանապետի դեմ ուղղված մեկ այլ բողոք, որը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին  հասցեագրել էր  Գյումրու ժուռնալիստների  «Ասպարեզ»  ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա  պահանջում էր քրեական գործ հարուցել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար:  Ոստիկանապետը իրեն իրավունք էր վերապահել Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց  խոչընդոտել  «Շանթ» հեռուստաընկերության աշխատանքները` տարածքից կոպիտ ձևով դուրս հրավիրելով լրագրողին ու օպերատորին ու թույլ չտալով նկարահանել առևտրականների բողոքի ակցիան: Այս երկու փաստերը առիթ դարձան, որպեսզի Գյումրու ոստիկանապետին  զրկեն պաշտոնից: Նշենք, որ  մինչ այդ էլ Շիրակ Շահնազարյանի դեմ այլ քրեական գործեր են հարուցվել: Նա մեղադրվել է ՌԴ քաղաքացիություն ունեցող իր որդու համար ՀՀ կեղծ անձնագիր  հանելու մեջ  (որոշ տեղեկություններով՝ 3 անձնագիր. մեկը` հայրենի Կոթի գյուղի, մեկը՝ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի, մյուսն էլ՝ Գյումրի քաղաքի գրանցումով):  Այնպես որ Սամվել Բալասանյանի կողմից նոր պաշտոնի նշանակված պաշտոնյայի մասին բավականին  հարուստ  նյութեր կան համացանցում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Haykaram says:

    Էդ ճիշտ ա , որ Մկրտչյան Աշոտին էլ բերել է գործի:Այս ամենն այլևս ծիծաղելի էլ չէ:

  2. Karen says:

    Ճիշտ են ասում էլի գյումրեցիք.Ոստիկանության Գյումրու քաղաքապետարանի բաժին, պետն էլ՝Բալասանյանն է:

  3. Shavarsh says:

    Բալասանյանին ու Արման Սահակյանին պատրադրելով գյումրեցոնց ու շիրակցոնց, նախագահն հարգանքի իրա տեղը փոքրցրեց գյումրեցոնց մեջ: Ըդիկ ըբը ընտրություններ էին: Շունը շապիկ էր հագել, կատուն վարդիկ: Բալասանյանին մենք կճանչնանք անտենա բաժնելով , ուրիշ պիտու բանմ էրած կա?Էն Վարդանիկը ջիգյարով հավեսով մարդը կաշխատեր, մոտը մտնեիր տղավարի հարցերդ կլուծեր, կօգներ:Քիչմ շրջապատն էր վատը, բայց այ օղուլ, էդ ում շրջապատն է լավն օր? Տո վերևից վար ոչ թե շրջապատերն է վատը, տո իրանք են վատը:Չիդեմ, ես հըլը քանիմ ժամ ունիմ մտածելու ընտրության էրտլու համար, տեսնիմ կերթամ, թե չէ:Վայտե չերտամ, հըլը տեսնիմ սծիլյագների խիարը կրնա թարս բուսնի, հեչ չեմ տեսել թարս բուսնած խիար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728