Րաֆֆի Հովհաննիսյանը ամփոփեց քարոզարշավը
«5 ձայն մի ընտանիքից քեզ եմ տալու: Ի՛նքը պտի նստի, Ռաֆո՛ն պտի նստի»,- այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի ամփոփման ժամանակ մի մեծահասակ կին այսպես սկսեց բղավել: Րաֆֆի Հովհաննիսյանը կրքերը հանդարտեցրեց: Նա հորդորեց ձայները տալ մեկ-մեկ:
«Րաֆ-ֆի՛, նախագա՛հ, Րաֆ-ֆի՛ նախագահ» վանկարկումների ներքո ասաց, որ մեր երեխաներին պիտի վերադարձնի անկախությունը: Հավաքված մարդկանց դժվար էր բացատրել դինամիկներից հեռու մնալ: Բոլորն ուզում էին մոտենալ թեկնածուին, համբուրել նրան:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց. «Մեր պայքարը այս 25 օրերի ընթացքում, 2500 տարիների ընթացքում սիրո, դրոշակ բարձրացնելու, հայրենիք նվաճելու պայքար է: Եվ թող ոչ ոք չնսեմացնի այդ պայքարը: Ոչ ոք՝ ոչ Սերժ է անունը, թե Րաֆֆի, իրավունք չունի նսեմացնի, որովհետեւ սա սեր է՝ հայրենիքի նկատմամբ: Այս 25 օրերի ընթացքում հրաշալի ճանապարհ ենք անցել: Խախտումներ կան, բողոքներ կան: Այդ խախտումները լինում են վախից: Էդ ցուցակները, հասկացեք, ստորություն է, վախ է: Փետրվարի 18-ից այդ վախը, ստորությունը գործ չունի: Եթե դա է մնում իրենց՝ այս երկու օրերին վախեցնել մարդկանց ուզում են առնել մեր զինվորին, որ պաշտպանում է սահմանը առնել ուսուցչին, որ սովորեցնում է մեր երեխային հետո մեծ-մեծ ելույթներ ունենալ, թե մենք ազատ ենք, արդար են: Ես կընդունեմ բոլոր հարվածները, բայց ոչ ոք խաղ չի տալու մեր ժողովրդի հետ: Վերջնախաղը ոչ թե ժողովրդի դեմ , այլ ժողովորդն է տալու: Կենսատու, կենարար մի ամիս անցկացրել ենք: Մի ամիս առաջ խոսում էին՝ ամեն ինչ կանխորոշված է, ժողովուրդը ինչ է, թող պատերի տակ բողոքի: Ժողովուրդը մի անգամ ասելու է՝ սա իմ Երեւանն է, իմ Գյումրին է, իմ Իջեւանը, իմ Վանաձորը, մեր հայրենիքը: Փետրվարի 18-ին մի փուլով հաղթելու ենք ընտրությունները»: Մարդիկ ամեն խոսքից ու տոնայնության բարձրացման հետ գոռում էին՝ այոոո՜, Րաֆ-ֆի՛, ապրես, բալե՛ս:
Կարդացեք նաև
Նախագահի թեկնածուն, շարունակելով իր խոսքը, նշեց. «Ով մինչեւ փետրվարի 18-ը ձեռքը բարձրացրեց, փող տվեց, պատասխան է տալու ոչ թե իմ առաջ, այլ օրենքի, ժողովրդի կամքի, ողնաշարի, հավատամքի առաջ: Թող պատրաստվե՛ն: Փետրվարի 18-ից հետո Արմենուհու, մեր երեխաների, Ժառանգության կուսակցականների եւ մեր կամավորների երդմամբ՝ ոչ մի անգամ չենք չարաշահելու ձեր վստահությունը, ոչ մի բիզնեսի մեջ փայ չենք ունենալու: Ունենալու ենք մեր հայկական ընտրությունները: Մենք առաջին հերթին մեզ, հետո աշխարհին պիտի ցույց տանք, որ ունենք պետական շահ, որ մեզ համար սրբավայր է ոչ միայն հողը, այլ նաեւ գյուղը: Ես կանգնելու եմ օրինապաշտ յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի կողքին՝ ինքը Հայաստանից է, թե Սփյուռքից: Մենք մեր երկիրը պիտի փոխենք հենց փետրվարի 18-ին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ