Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում» (Տեսանյութ)

Փետրվար 16,2013 17:56

Սերժ Սարգսյանը նաեւ ուրախ է, որ խորհրդարանում Հրանտ Բագրատյանի նման պատգամավորներ կան

 

«Ես շատ ուրախ եմ, որ այս քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը: Եվ ես սրա մասին կարող եմ միայն հպարտությամբ խոսել: Այո, այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն` Սահմանադրական հեղափոխություն: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավն է, լի հազարավոր ձեռքսեղմումներով: Ոմանք դրան սարկազմով են վերաբերում, բայց իրականությունն այն է, որ Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում, նոր քաղաքական ավանդույթ է արմատավորում ու ապացուցում է, որ ընդդիմադիր լինել չի նշանակում շուրջ բոլորը ատելություն սերմանել:

Հիշում ենք` Հրանտ Բագրատյանը ժողովրդին ղրղզական և թունիսական ճանապարհ էր առաջարկում: Այսօր ուշադրությամբ եմ հետևում նրա հարցազրույցներին և ուրախ եմ, որ իր պես պատգամավոր կա մեր ԱԺ-ում: Բազմաթիվ անգամ ասել եմ, որ եթե նույնիսկ համաձայն չենք ինչ-որ կարծիքի հետ, ապա իրավունք չունենք այն լռեցնել: Պետք է հնարավորություն տանք այն արտահայտելու, վիճենք դրա հետ և եթե կարող ենք հերքել այն»,- այսօր` Մոսկվա կինոթատրոնի դահլիճում Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում այսպիսին էր իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերջին նախընտրական ելույթը:

Հանրապետականի թեկնածուն շնորհակալության հայտնեց ՀՀ նախագահի մյուս թեկնածուներին, որոնց հետ միասին, իր խոսքով «հեղափոխություն ենք անում մեր երկրում, եւ դա առաջին հերթին տեղի է ունենում մեր գիտակցության մեջ»: Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում չհիշատակեց Պարույր Հայրիկյանին, մինչդեռ մինչ քարոզարշավի մեկնարկը եւ քարոզարշավի որոշակի փուլում, Սերժ Սարգսյանը մշտապես դրվատանքով էր խոսում եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ Հրանտ Բագրատյանի, եւ Պարույր Հայրիկյանի մասին:

Նախագահի խոսքի այլ մանրամասները` տեսանյութում

Իշխող կուսակցության թեկնածուն անդրադարձավ նաեւ իր երբեմնի զինակիցներին:

«Երբ սկսում էր Արցախյան ազատամարտը, ոչ մեկիս մտքով չէր անցնում, թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Բոլորս էլ ունեցանք կորուստներ, զրկանքներ: Սակայն, արդյունքը փառահեղ էր. ունենք անկախ Հայաստան և Արցախ: Սակայն հեղափոխության տարիներին ցավալիորեն ի հայտ եկավ մի շատ վտանգավոր մտայնություն` երբեմնի զինակիցների միջև կտրուկ կերպով սրվում էին հակասությունները: Նրանցից շատերը մի պարզ հարց էին տալիս` ինչո՞ւ դու ինձ պետք է կառավարես, եթե ես կարող եմ, դու ինձնի՞ց լավն ես: Շատերը չեն դիմանում գայթակղությանը և ընկնում են իշխանություն ունենալու մոլուցքի թակարդը և բնական է, որ այսպիսի տրամադրվածությամբ անընդհատ հեղափոխություն են ակնկալում, այն մտքով, որ եթե մեկ անգամ հեղափոխություն է տեղի ունեցել, ապա այն պետք է շարունակվի: Այսպիսի տրամադրությունը հանգում է հեղափոխական փակ շրջանի, դրանցից ոչ մեկը դեռ լավ բան չի տեսել, քանի որ դա ինքնաոչնչացման ճանապարհ է, որն անընդունելի է մեզ համար»,- ասաց Սերժ Սարգսյանը` փաստելով, որ այս բնորոշ է շատ երկրների եւ շատերն են անցել դրանով: Նրա խոսքով, այս չարիքի դեմ քաղաքակիրթ երկրները լուծում են գտել` Սահմանադրությունը, որը հստակ արգելում է իշխանությունը բռնի ուժով զավթելը և իշխանությունից բռնի ուժով կառչելը:

Ըստ նախագահի թեկնածուի վերջին տարիներին մեզանում ամենից շատ արծարծվող տերմինը հեղափոխությունն եղել, «սակայն մեր իրականության մեջ կար մեր սեփական հեղափոխությունը, որը հեղափոխություն էր ոչ թե իշխանություն փոխելու համար, այլ ճակատագիր փոխելու, ազատ ապրելու համար»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728