Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ բացվեն դռները լույսի. «Բաց նամակ» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Փետրվար 16,2013 17:08

Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ գրում է ՀՀ քաղաքացի, կոմպոզիտոր, ՌԴ «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր, հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի գեղ. ղեկավար Արփինե Կալինինան:

Թույլ տվեք, որպես դասական երաժշտության ոլորտում գործող երիտասարդ արվեստագետ, առաջարկ-խնդրով արձագանքել Ձեր նախընտրական ծրագրի հետեւյալ մեջբերմանը. «Զարգացնելու ենք մշակութային ժամանակակից ենթակառույցներ, որոնք հնարավորություններ կստեղծեն հայ արվեստը միջազգային ասպարեզում ըստ արժանվույնս ներկայացնելու եւ համաշխարհային մշակութային գործընթացներում մրցունակ դարձնելու համար»:

Դուք մեծ առաքելություն ունեցող «Լույս» հիմնադրամի հիմնադիրն եք: Առաջարկում եմ «Լույս»-ի բուհերի ցանկում, աշխարհի հեղինակավոր համալսարանների կողքին, ընդգրկել արվեստի մասնագիտացված հեղինակավոր բուհերը (արվեստի ակադեմիաներ, կոնսերվատորիաներ…)՝ օգնելով հայազգի երիտասարդ արվեստագետներին յուրացնել համաշխարհային արվեստի առաջադեմ ձեռքբերումները, դրանք ի սպաս դնել հայոց մերօրյա մշակութային կյանքում: Ստացած կրթությունը՝ որպես աշխարհում հարգի հավաստագիր, հայ արվեստագետին լայն հնարավորություն կտա համաշխարհային արվեստի ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնել հայոց ուրույն մշակույթն իր նորօրյա նվաճումներով: Սա, ըստ իս, ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է, որի լուծումը կհզորացնի Հայաստանի դիրքը համաշխարհային մշակույթի եւ քաղաքակրթությունների հոլովույթում (սույն խնդիրը 2011-12 թթ. ներկայացրել եմ «Լույս»-ի համահիմնադիր ՀՀ վարչապետին, նույն հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենին):

Ձեր հոգածությունը շախմատի հանդեպ մեծապես նպաստել է Հայաստանի՝ շախմատային գերտերություն դառնալուն: Թույլ տվեք հույս հայտնել, որ Ձեր հոգածությունն առաջարկվող խնդրին նույնքան արդյունավետ կլինի՝ նպաստելով Հայաստանի՝ աշխարհի մշակութային հզոր կենտրոններից մեկը դառնալուն: Առաջարկում եմ «Լույս» հիմնադրամի բուհերի ցանկում ներառել մասնավորապես Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիան՝ որպես աշխարհի մեծահամբավ երաժշտական կաճառ, որտեղ ուսանել են Բեռլինի հռչակավոր ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխ. դիրիժոր Սայմոն Ռեյթլը, մեծահամբավ կոմպոզիտոր եւ երգիչ Էլթոն Ջոնը, այլ նշանավոր երաժիշտներ:

Գերազանցությամբ ավարտելով Երեւանի պետ. կոնսերվատորիայի կոմպոզիցիայի եւ դաշնամուրային բաժինները՝ 2011, 2012, 2013 թթ, արդեն 3-րդ անգամ, ընդունվել եմ Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայի մագիստրատուրա, նվաճել կոմպոզիցիայի բաժնի սակավաթիվ ուս. տեղերից մեկը՝ ընդունելությանս քննությանը ներկայացնելով իմ ստեղծագործությունները, ինչպեսեւ Կոմիտասի մեներգերի մասին գրված երաժշտագիտական ակնարկս: Կրթաթոշակ գտնելու դեպքում միայն կկարողանամ մեկնել Լոնդոն. դրա համար 3 տարի ապարդյուն դիմել եմ հայաստանյան տարբեր կառույցների:

Ներկայացնեմ արտերկրում կատարելագործվելուս նպատակը. մեծ ավանդույթներ ունեցող Լոնդոնի Ակադեմիայում կհամալրեմ գիտելիքներս, ուսմանս պրոցեսում գրված ստեղծագործություններս կկատարվեն, անմիջականորեն կառնչվեմ եւ ստեղծագործական համագործակցություն կհաստատեմ համաշխարհային արվեստում ծանրակշիռ ներդրում ունեցող արվեստագետների հետ, կզարգանամ մշակույթի միջազգային կիզակետերից մեկում: Այս անգնահատելի փորձառությունն ինձ կօգնի նոր թափով շարունակել իմ գործունեությունը հայրենիքում, որտեղ 2007-ին հիմնել եւ ղեկավարում եմ «Կանթեղ» անսամբլը՝ ներկայացնելով հայ դասական երաժշտությունն ակունքներից մինչեւ մեր օրերը: 2010-ից անսամբլը ՀՀ-ում հետեւողականորեն իրագործում է «Կոմիտասը՝ հոգեւոր ապահովության գրավական» խորագրով Կոմիտասյան համերգաշար. ցայսօր տեղի է ունեցել 21 համերգ-դասախոսություն՝ Հայաստանի Ազգային պատկերասրահ, Կամերային երաժշտության տուն, Գեւորգյան ճեմարան, Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ…, որոնց մուտքն ազատ է եղել:

Մեծարգո նախագահ, խնդրում եմ Ձեզ նկատի առնել իմ գործուն մասնակցությունը հայ մշակութային կյանքում, ղեկավարածս անսամբլի 5-ամյա լուսավորչական գործունեությունը եւ «Լույս» հիմնադրամի միջոցով կամ որեւէ այլ կերպ աջակցել ինձ Լոնդոնում ուսանելու համար:

Գնահատելով մասնագիտական ցուցանիշներս՝ Լոնդոնի Երաժշտական Ակադեմիան 2012թ. պաշտոնապես դիմել է Ձեր աշխատակազմին, «Լույս» հիմնադրամին՝ ինձ կրթաթոշակ տրամադրելու խնդրանքով, ես եւս դիմել եմ Ձեզ պաշտոնական նամակներով (դրանք հասցեագրվել են «Լույս» հիմնադրամ, որտեղից պատասխանել են, որ սույն բուհը ներառված չէ «Լույս» -ի ցանկում):

Դիմում եմ Ձեզ՝ գիտենալով, որ աջակից եք դասական երաժշտությանը: 2012թ. Երեւանում Ձեր բարձր հովանու ներքո հանդես եկավ մեծանուն դաշնակահար Եվ. Կիսինը, որին պարգեւատրեցիք Պատվո շքանշանով: «Եթեր» շաբաթաթերթին տրված հարցազրույցում Կիսինը նշել էր, որ իր ստացած ամենապատվաբեր մրցանակներից մեկը համարում է ՌԴ արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակը:

Մեծարգո նախագահ, մեր հանրապետությունում ապրում եւ ստեղծագործում է մի երիտասարդ արվեստագետ, որը 2010թ. Մոսկվայում պատիվ է ունեցել արժանանալ «Տրիումֆ» մրցանակին եւ ոսկե մեդալին՝ մեր երկրի միակ արվեստագետը, որին, որպես երիտասարդ կոմպոզիտոր, շնորհվել է այդ մրցանակը: Այդ դափնեկիրն այս նամակի հեղինակն է՝ Արփինե Կալինինան: «Տրիումֆ» հեղինակավոր մրցանակի դափնեկիրներ են աշխարհահռչակ արվեստագետներ Մայա Պլիսեցկայան, Սվյատոսլավ Ռիխտերը, Ալֆրեդ Շնիտկեն, Վալերի Գերգիեւը եւ այլք:

«Տրիումֆ»-ից եւ Լոնդոնի Ակադեմիա ընդունվելուց առաջ եւ հետո իմ կամերային եւ խոշոր կտավի ստեղծագործությունները բարձր են գնահատել նշանավոր արվեստագետներ՝ Մոսկվայի պետ. Կամերային երգչախմբի գլխ. դիրիժոր Վլադիմիր Մինինը, ով ասել է՝ «Ծանոթ եմ Արփինե Կալինինայի կամերային ստեղծագործություններին: Ուզում եմ նշել նրա շռայլ մեղեդային շնորհը, կոլորիտի նուրբ զգացողությունը, ստեղծագործությունների ֆակտուրայի սքանչելի թափանցիկությունը: Նա, անկասկած, տաղանդավոր կոմպոզիտոր է», լեհ հռչակավոր կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ռուս ականավոր գրող, «Հայաստանի դասերը» գրքի հեղինակ Անդրեյ Բիտովը (որն էլ ինձ առաջադրել է «Տրիումֆ»-ի) եւ այլք, իսկ Էստոնիայի Արվեստների Ակադեմիան, Լոնդոնի Գրքի համաշխարհային ցուցահանդեսը, արտասահմանյան այլ մշակութային կենտրոններ համագործակցելու առաջարկներ են արել ինձ եւ «Կանթեղ»-ին, ստեղծագործական գործունեությունս լուսաբանվել է հայաստանյան եւ արտասահմանյան լրատվամիջոցներով:

Մեծարգո նախագահ, լիահույս եմ, որ իմ գործունեությունը կխրախուսվի նաեւ Ձեր կողմից, եւ 3 տարի տեւող «կրթաթոշակային ոդիսականից» հետո ի վերջո աջակցություն կստանամ Լոնդոնում կատարելագործվելու նպատակով: Նպատակ, որը հատկապես փայփայել է կյանքից վերջերս հեռացած հայրս, ով, մտավորականի իր ազնիվ ջանքով իմ հոգում սեր է սերմանել ստեղծագործության, գեղեցիկի եւ լույսի հանդեպ…

Նամակիս կրկնօրինակը, համապատասխան փաստաթղթերի եւ երաշխավորագրերի հետ, ուղարկում եմ Ձեզ՝ նախագահական նստավայր՝ պատասխանի ակնկալիքով:

Խորին հարգանքով՝

ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱ

«Առավոտ» օրաթերթը տարիներ ի վեր հետեւել է երիտասարդ կոմպոզիտոր, ՌԴ «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր, հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի գեղ. ղեկավար Արփինե Կալինինայի ստեղծագործական ընթացքին, բազմիցս անդրադարձել է նրա նվաճումներին, ղեկավարած անսամբլի գործունեությանը՝ մասնավորապես Կոմիտասյան համերգաշարին, նաեւ նրա՝ Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիա ընդունվելու փաստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728