Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոլորտի զարգացման շարժիչ ուժը կրթված մարդն է

Փետրվար 16,2013 17:03

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշներով, մասնավորապես հետազոտությունների, տարբեր մշակումների ու արտադրության ասպարեզում, Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Առկա մրցունակ աշխատուժի գնահատումը, պետության աջակցությունը եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը հնարավորություն են տվել արձանագրել իրական առաջընթաց: Այսպես. ներկայումս այս ոլորտում արտադրանքի ընդհանուր շրջանառության ($205մլն) կեսից ավելին ապահովում են տեղական ընկերությունները: Այն որոշակի պահանջարկ ունի Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ռուսաստանի Դաշնությունում: Իր հերթին արագորեն ավելանում է մասնագետների պահանջը, ինչը կրթության ասպարեզում առաջադրում է լուծել մրցունակ կադրերի պատրաստման հիմնահարցերը:

Վկայում են

գնահատականները

Մասնավորապես Հայաստանի հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական լուրջ տեղաշարժեր եւ առաջընթաց: Այս առումով ուշագրավ է հարցումների հիման վրա տրված կառավարության գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությունը: Ըստ այդ գնահատականների (95,3%)՝ վերջին տարիների ընթացքում առավել աչքի ընկնող եւ շոշափելի արդյունքներ արձանագրվել են բջջային կապի եւ ինտերնետի ոլորտում:

– Առաջին հերթին նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ պետական միջոցառումների իրականացումը հնարավոր դարձրին հեռահաղորդակցության ոլորտում ստեղծելու ծառայությունների բազմաճյուղ եւ ժամանակակից ցանց, – մեր զրույցի ընթացքում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը:

– Ի տարբերություն նախորդ տարիների, երբ առկա էին հեռախոսահամարի ու անգամ հեռախոսի ձեռքբերման լուրջ խնդիրներ, այժմ բջջային հեռախոսն ու համապատասխան այլ ծառայությունները մեր կենցաղի անբաժան մասն են: Նաեւ օպերատոր կազմակերպությունների աշխատակազմերի ջանասիրության շնորհիվ այսօր ունենք հնարավորություն մեր քաղաքացիներին առաջարկելու ոլորտում ընդունված ծառայությունների գերակշիռ մասը:

Շուտով, համապատասխան հստակեցումներից հետո, հնարավոր կլինի իրականացնել նաեւ բջջային հեռախոսների միջոցով բանկային տեղեկատվության ստացման եւ ուղարկման գործառույթը, որն այսօր արդեն իսկ առկա է զարգացած երկրներում: Հետեւողական աշխատանք է կատարվում ոչ միայն ծառայությունների ընդլայնման, այլ նաեւ մատուցման առավել բարձր որակի ապահովման ուղղությամբ:

– Նաեւ ինտերնետ ծառայության կարգավորման նպատակով, որն այսօր նույնպես լուրջ հիմնախնդիր է:

– Անկասկած, քանի որ այն ունի համընդգրկուն նշանակություն: Վերջին 3-4 տարիների ընթացքում այս ուղղությամբ իրականացված աշխատանքները հնարավորություն են տվել շուկայում ստեղծել առողջ մրցակցություն եւ հասնել նրան, որպեսզի.

* Առավել մատչելի դառնա անսահմանափակ ինտերնետի հասանելիությունը,

* Քաղաքային համայնքների գերակշիռ մասում ապահովվեն ինտերնետ ծառայություններ, որին մեծ չափով նպաստել է նաեւ «Համակարգիչ բոլորի համար» նպատակային ծրագիրը,

* Համակարգիչների մուտքը հանրապետություն իրականացվի համեմատաբար էժան գներով:

Անշուշտ, հիմնախնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Օրվա հրամայական է ինտերնետ ծառայությունը հեռավոր համայնքներ հասցնելը: Դա նշանակում է ապահովել համապատասխան ենթակառուցվածքների առկայություն, եւ գերատեսչությունն այդ ուղղությամբ իրականացնում է որոշակի քայլեր: Մասնավորապես աշխատանք է տարվում մշակելու մեխանիզմներ եւ գործիքակազմ, որն օպերատոր կազմակերպություններին կշահագրգռի ներգրավվելու այդ գործընթացներում, ինչպես նաեւ կլուծի հայալեզու ինտերնետի ստեղծման խնդիրը որպես առաջնահերթություն: Չմոռանանք, որ ինտերնետն անսահմանափակ հնարավորություններով գործիք է, կիրառելի առեւտրի, սպասարկման, էլեկտրոնային հաշվարկների, մարդու ինքնադրսեւորման, առհասարակ մեր կյանքի բոլոր ոլորտներում:

ԱՆԴՐԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ

Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն

Հ. Գ. Ըստ քաղաքացիների գնահատականների՝ վերջին տարիների ընթացքում նաեւ երրորդ անձանց ապահովագրության (82,4) եւ կադաստրի (65,1) ոլորտներում արձանագրված շոշափելի արդյունքները ցույց են տալիս հասարակության ընկալումների դրական փոփոխությունները, եւս մեկ անգամ հիմնավորում, որ ընթացող բարեփոխումները համակարգված են, ընդգրկում են միանգամից մի քանի ոլորտներ եւ հեռանկարային են:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728