Չնայած սրան, ըստ Սոս Սարգսյանի, հայերն արդարություն են փնտրում
Անվանի դերասան Սոս Սարգսյանի հետ «Առավոտի» զրույցը սկսվեց Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» կինովիպակով, հասավ մինչեւ նախագահական ընտրություններ ու նորից հանգեց երկրին ու ազգային արժեքներին տեր լինելու գաղափարին:
Արվեստագետը հիշեց, որ ժամանակին իրեն խանգարել են թատրոնում մարմնավորել «Տերը» կինովիպակի Ռոստոմին ու այդ դերն իր համար մնացել է երազանք. «Իմ բախտը չբերեց, ես ուզում էի խաղալ թատրոնում… Կինո էլ նկարեցին, Խորենը նկարվեց Աբրահամյան, Հովհաննիսյան Բագրատի խելքը չկտրեց, որ դա իմ դերն է, տվեց Խորիկին, հիմա ոչինչ, Աստված իր հետ: Իսկ թատրոնում ինձ խանգարեցին, փորձերը սկսել էի, եւ թույլ եմ տալիս ինձ ասել, որ ստացվել էր, խանգարեցին, չթողեցին խաղալ, էդ դերը մնաց ինձ համար երազանք: Ախր էդ Ռոստոմը, էդ Սարգսյանը, Մամիկոնյանը՝ սկզբից մինչեւ վերջ, ես եմ»: Արվեստագետը գործի հեղինակին էլ բնորոշեց որպես ամեն ինչ նկատող ու խորը մարդ. «Հրանտի հետ ընկերություն, մոտիկություն շատ ենք արել, շատ բարդ մարդ էր, խիստ մարդ էր, ամեն բան նկատող մարդ էր, վտանգավոր մարդ էր, տեսնում էր՝ թերթերունքդ ընկա՞ծ է, թե՞ չէ»:
Ի՞նչ անել, որ երիտասարդ սերունդը կրկին մոտենա կինոյին, թատրոնին, գրականությանը, մշակութային «բեռին» տեր զգա:
Կարդացեք նաև
«Աշխարհքը գնում է իր հունով, ժողովուրդներն էլ բնազդաբար էդ նույն ճանապարհով են գնում: Մեզ նման փոքր ազգերը պիտի հասկանան, որ էս համաշխարհային շարժման մեջ նույն ճանապարհով գնալով կործանվում ենք, վերանում, հատկապես հայերը, որ չորս կողմից շրջապատված են թշնամիներով, պիտի ասեն՝ մի րոպե կանգ առնենք, տեսնենք, ոնց ենք ապրելու այսուհետ: Իսկ մեր արժեքները մեր ընտանիքի մեջ են, ու էն ազգը, որ ընտանիքը կորցնի, կվերանա: Համո Սահյանն ասում էր՝ գիտե՞ս ինչու չվերացանք, որովհետեւ հայերը, որ տեսան թագավորություններ չեն ստեղծվում, ամեն մի ցեղ ստեղծեց իր թագավորությունը եւ էդպես ապրեց: Ես դրա վկան եմ, իմ մորս տատը իրենց ցեղի թագավորն էր, 40-50 մարդ էին մի տեղ ապրում, ու Ազին ինչ որ ասեր, օրենք էր բոլորի համար… Մենք ժողովուրդ ենք, որը 1000 հատ լավ խոսք ունի՝ ջան, ցավդ տանեմ, չարդ տանեմ, ուրիշների մեջ էս բանը չկա, ուրեմն ինչի՞ ուրիշի ճամփով գնանք, հենա մերը կպահենք: Թե չէ հիմա, օրինակ, հարսանիքներ են անում, որ հարսանիք չէ, այլ ժողով, մի մարդ էլ վեր է կենում ու էնտեղ թղթով թամադայություն անում, կենաց ասում: Հարսանիքն էն է, որ քավորը մի բարի խոսք ասի հարսնուփեսին, որ էդ մարդու հարեւանը վեր կենա ասի՝ ես էնքան երջանիկ եմ, որ դու մեծացար ու էսօր զույգավորվում ես… Ավանդույթը չպիտի կորցնել, էդ մարդու տատը պիտի խոսի՞, պապը պիտի խոսի՞, թե՞ չէ… Էսպես հասարակ բաներ կորցնելով՝ մեզ կկորցնենք»:
Սոս Սարգսյանի համոզմամբ, Եվրոպայից ներմուծված ամեն լավ բան չէ, որ խրախուսելի է. «Օր օրի ավելանում են բաներ, որ հակառակ են Աստծուն: Ինձ մեկը հարցրեց՝ դուք ազատությանը դե՞մ եք: Ասացի՝ այն ազատությանը, որը թույլ է տալիս միասեռ ընտանիք, ես դեմ եմ, որովհետեւ դա բնության եւ Աստծո դեմ է: Ո՞վ պիտի երեխա ծնի, երեխեն ում պիտի մամա, ում՝ պապա ասի, ում փեշից կախվի»:
Վարպետը դեմ է նաեւ հայ-թուրքական սահմանի բացվելուն ու հարաբերությունները շտկելու փորձերին: Ասում է. «Որքան հեռու լինենք թուրքերից, էնքան լավ: Լեռ Կամսարը մի հանճարեղ խոսք ունի՝ հենց որ թուրքերը մի բարի բանից խոսում են, սպասիր մեծ ողբերգությունների: Նրանք ձեւը կգտնեն մեզ վնասելու… Իմ կարծիքով՝ թուրքերը ու հատկապես ազերիները մեզանից խելոք են: Նրանք գիտեն՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում, իսկ մենք չգիտենք ու տարիներ շարունակ աշխարհով մեկ ընկել արդարություն ենք փնտրում: Նրանք գիտեն, որ դա չկա, մենք չգիտենք՝ չենք հասկանում: Նրանք գիտեն, որ չկա արդարություն, բայց կա՛ մարդը՝ հայ, թուրք, վրացի, ֆրանսիացի, եվրոպացի, որը անպատճառ չի մերժի քո կաշառքը: Նրանք կաշառք են տալիս, իսկ մենք կաշառք վերցնողին ասում ենք՝ արդար եղի՝ հա՞, մեր նկատմամբ: Էլ ո՞նց արդար կլինի… մարդը թույլ է, անգլիացի կլինի, թե ուրիշ մեկը, ձրի բանի մեռած է»:
Արվեստագետից հետաքրքրվեցինք՝ ամեն ընտրությունից առաջ ի՞նչ զգացողություն եւ ակնկալիքներ է ունենում:
«Շատ ներվային վիճակի մեջ եմ լինում, որովհետեւ ժողովրդի համար ընտրությունները փորձանք են, ամեն ընտության ժամանակ ամեն ինչ խարխլվում է, ժողովուրդն իրար է խառնվում, ծանր պահեր է ապրում, ջղեր են քայքայվում, ես շատ դժվար եմ ընկալում ընտրությունները եւ Աստված եմ կանչում, որ դրանք անփորձանք ավարտվեն»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Հիշեցնելով 1991 թվականը, երբ ինքն էր առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու, հարցրինք՝ ինչպե՞ս է գնահատում իր քայլը՝ տարիների հեռվից:
«Ես համարյա չեմ հիշում… Նախ դա շատ վաղուց էր, մանավանդ առաջին էդ տեսակ ընտրությունն էր: Ինձ համար հետաքրքիր էր, համ էլ ժողովրդի հետ շփվեցի: Հիմի ի՞նչ անենք, որ էդպես եղավ… Իհարկե, լավ կանեին՝ ինձ ընտրեին, բայց դե որ չընտրեցին, ես էդքան էլ չնեղացա, ուղղակի ժողովուրդը շատ բան կորցրեց, կներեք մեծամտությանս համար, բայց դա էդպես է»,- ասաց վարպետը:
Իր կարծիքով՝ այսօր ի՞նչ է պակասում հայ կինոյին: «Շատ զարմանալի վիճակ է, շնորհալի ռեժիսորներ կան, որոնց շատ հարգում եմ, բայց կինոն չի ստեղծվում, որովհետեւ արմատից կտրվել ենք, էսպիսի բան կար նաեւ մինչեւ 60-ական թվականները, հետո եկան տղաներ՝ Հենրիկ Մալյանի գլխավորությամբ, ու մտածեցին, որ այ մարդ, սենց չի լինի: Գնացին, սովորեցին, էկան սկսեցին փորփրել, գտնել իրենց արմատները: Գտան ու որոշեցին զբաղվել ժողովրդով… Օրինակ՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը ի՜նչ դարդեր ունի, էսօր էլ են դրանք արդիական: Հենրիկը հասկացավ, որ շատ հարցերի պատասխան, եթե ժողովուրդը չի էլ ուզում ստանալ, գոնե ուզում է, որ խոսեն դրանց մասին: Հիմա չգիտեմ՝ նման տղաներ էլի ե՞րբ կգան… Թե չէ հիմա ֆիլմեր են նկարում՝ Եվրոպային զարմացնելու համար: Իսկ նրանք կզարմանան, եթե մերը ցույց տանք, 1000 ու մի ցավ ունենք, էսօր գյուղատնտեսությունն ի՜նչ վիճակի մեջ է, այ մարդ, մի ֆիլմ նկարեք էդ մասին, գնացեք բռնեք անտառ կտրողին, Սեւանը փչացնողին, դո՛ւք բռնեք, Ձե՛րն է երկիրը, ամեն տեղ հո ոստիկան չի՞ կանգնելու: Էդքան ոստիկան որտեղի՞ց ճարենք, Չինաստանից 3 մլն ոստիկա՞ն բերենք, որ ամեն մեկիս տան կողքին կանգնի»,- նեղսրտում է մեր զրուցակիցը:
Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի դիմորդների մեջ պայծառ դեմքեր, գործը շարունակողներ տեսնո՞ւմ է:
«Մեծ մասամբ լավ երեխեքը գավառից են»,- ասում է արվեստագետը: Հետո էլ հիշում է Համո Սահյանի հետ զրույցը նույն թեմայով: «Մի անգամ գնացի Համո Սահյանի տուն, տխուր էր: Ասացի՝ ի՞նչ է եղել, ասա, թե՝ էսօր Գրողների միությունում ժողով էր, ինձ էնքա՜ն քննադատեցին, ասացին՝ գյուղագիր եմ, քաղաքի, արդյունաբերության, բանի մասին չեմ գրում: Հարցրի՝ վերջը ինչ պատասխան տվիր: Համոն ասել էր՝ մեղավո՞ր եմ, որ բարոյականությունը գյուղում է (ժպտում է- Գ. Հ.): Կարեւորը հիմքը չկորցնելն է, էն ինչ եղել է, չպե՛տք է արհամարհել: Խորեն Աբրահամյանը միշտ ասում էր, դե թող սրանց ֆիլմերից ժողովուրդը մի նախադասություն հիշի, իսկ մեր ֆիլմերը բոլորն անգիր հիշում են: Սրանից մեծ մեղադրանք, ճշմարիտ եւ դառը, մենակ Խորենը կասեր»,- նշում է Սոս Սարգսյանը:
Նրա խոսքով, թատրոնի եւ կինոյի հիմքը գրականությունն է, սցենարը, պիեսը: Ափսոսում է, որ հիմա այդ առումով էլ համաշխարհային ճգնաժամ է. «Չկան մեծ դրամատուրգներ, դատարկություն է, մինչդեռ սրանից 30-40 տարի առաջ Արթուր Միլլեր կար, Էդուարդո ֆիլիպո, Վամպիլով…»:
Հարցրինք նաեւ, թե ի՞նչ դեր ունի մշակույթի մարդու համար նրա կողքի կինը: Հարցից վարպետը բարձրաձայն ծիծաղեց, ու նայելով տիկնոջը՝ Նելլի Մարտիրոսյանին, ասաց. «Ես հիմա էն տարիքում եմ, որ կվախենամ կնոջս մասին վատ խոսել, մանավանդ որ ինքը շատ լավն է: Մենք 25 տարի է՝ միասին ապրում ենք, ու մի քանի հատկություն կա, որ բարձր եմ գնահատում իր մեջ՝ մաքրասիրությունը, աշխատասիրությունը եւ հմայքը: Իմ կինը էս ամենը ունի, իր գործին, աշակերտին, տղային, հարսին, ինձ, բոլորիս ՏԵ՛Ր է, հեր է: Ես հասարակ խոսք չեմ ասում, էդ տերը մեծ շերտեր ունի, պատահական բառ չէ: Երբ Տիրոջն ենք դիմում, ասում ենք Հայր մեր… էդ է իմաստը»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Սոս Սարգսյանը հասկանալի լեզվով է խոսում, թեպետ ավելին ես ցանկանում լսել ազգի մեծից,
թե չէ մի պահ թվում է բոլորը,՝ մերուժան տեր-գուլոյան են: