Անդրադառնանք ընտրությունների օրինականությանը սպառնացող եւս մեկ խնդրի, ինչը հարթելու համար հիմնադիր նախագահն ավելի քան 5 տարի պայքարում է, իսկ միջազգային կառույցները բազմիցս այդ մասին հորդորել են իշխանություններին: Թեկնածուները պահանջում են ընտրացուցակներից հանել Հայաստանի Հանրապետությունից 6 ամիս եւ ավելի ժամանակով մեկնած քաղաքացիներին: Այդ պրոբլեմը դեռեւս տեղապտույտի մեջ է, իսկ պետական այրերը պատճառաբանում են, որ հանրապետությունից մեկնողների հաշվառում չի տարվել եւ մեկնողները տվյալ երկրում ՀՀ հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը չեն ծանուցել (քաղաքացիները Հայաստանից փախչում են, ուր մնաց՝ հյուպատոսությանը հայտնեն): Դիտարկենք համապատասխան նորմը: ՀՀ պետական ռեգիստրի մասին օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է. «Ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անհատական հաշվառման տեղատվական համակարգ է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում բնակվող քաղաքացիներին (այսուհետ՝ բնակիչների) ըստ բնակության վայրի հաշվառելու համար»:
Բանից պարզվում է, որ մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգության համար հույժ կարեւոր նշանակություն ունեցող խնդիրը ձախողվել է եւ պետությունը չգիտի իր սեփական քաղաքացիների գտնվելու տեղը (մեռած են, թե անհայտ կորած՝ հետաքրքիր չէ, բայց ընտրությունները անցկացնելիս կարոտում են եւ խցկում են ընտրացուցակներում): Ի տարբերություն, Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն քաղաքականությունը գտնվում է պետության գլխի եւ կառավարության ուշադրության ներքո, իսկ պատկան ծառայությունները գործում են պատշաճ: Այդ երկրում նախ պետծրագրով օտարերկրյա քաղաքացիներին հավաքագրելով, բնակեցնում են սակավաբնակ եւ ստրատեգիական նշանակության վայրերում, իսկ ՌԴ ժամանակավոր եւ մշտական բնակության մեկնած քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց սեղմ ժամկետում հաշվառում եւ գրանցում են ըստ մեկնելու եւ բնակության վայրի (18.07.06թ. թիվ 109 դաշնային օրենք): Նախագահ Վ. Պուտինն էլ 2003թ. հունվարի 4-ին օրենքի նախագիծ է ներկայացրել Պետդումա՝ միգրացիոն օրենսդրությունը կատարելագործելու եւ դրանց խախտողների նկատմամբ քրեական պատասխանատվությունը խստացնելու հղումով:
Համոզված եմ, եթե ՀՀ կառավարությունը համագործակցեր ՌԴ միգրացիոն ծառայությունների հետ, նրանք Ռուսաստանի Դաշնություն մեկնած ՀՀ քաղաքացիների ըստ բնակության վայրի տեղաշարժի տվյալները բարեխիղճ կհայտնեին: Նկատենք, որ այս խնդիրը իր շարունակությունն ունի, ըստ այդմ.
ա) ընտրություններին մասնակցողների մասին ակնհայտ անհամապատասխան տվյալներ հրապարակելը եւ ընտրացուցակները միտումնավոր սխալ կազմելը արարքները մեր քրեական օրենսդրությամբ պատժելի չեն (Քրեական օրենսգրքի 150 հոդված), որի պարագայում ռեժիմը ապահով հանրապետությունից մեկնած քաղաքացիների «պահուստային ֆոնդի» հաշվին (500 հազարից 700 հազար քաղաքացիներ) քվեարկում են որքան պետք է եւ ընտրողների ցուցակում կեղծում նրանց ստորագրությունները՝ իբր գրանցվել են:
Կարդացեք նաև
բ) Այս հանցագործությունը պարտակելու համար ստորագրված ցուցակները գաղտնագրում են, ըստ այդմ՝ օրենսդրությամբ արգելվում է ցուցակները հրապարակելը, պատճենահանելը, զննելը, առգրավելը եւ այլն (Ընտրական օրենսգրքի 11 հոդված), իսկ հանրապետության սահմանադրական արդարադատությունը իրականացնող բարձրագույն մարմինը՝ Սահմանադրական դատարանը, իր անորոշ որոշմամբ դակել է եւ գլխի գցել, որ ստորագրված ցուցակների հրապարակումը ընտրելու գաղտնիության սկզբունքի խախտում է: Իմ կարծիքով, այդ եզրահանգումը սխալ է, որովհետեւ ընտրությունների գրանցման փուլում ընտրողների ցուցակում քաղաքացին իր մասնակցությունն ստորագրությամբ հավաստելը որեւէ կապ չունի ընտրելու գաղտնիության հետ եւ թափանցիկ է, իսկ գաղտնիությունը վերաբերում է քվեարկության փուլին, երբ քաղաքացին քվեարկում է՝ իրացնելով իր սահմանադրական իրավունքը: Ընտրելու գաղտնիություն նշանակում է.
1. քվեաթերթիկը կամ հարցման թերթիկը լրացնելուն չմիջամտելը (մեջ չընկնելը),
2. քվեարկության համար նախատեսված քվեախցիկը քվեարկելու համար այլ անձանց չթույլատրելը այն ժամանակ, երբ այնտեղ գտնվում է ընտրողը կամ հանրաքվեին մասնակցողը,
3. քվեարկության համար նախատեսված տեղում հատուկ հարմարություններ ապահովելու միջոցներ ձեռնարկելու պարտականությունները չկատարելը (cՎ. ԽՏՎՎպվՑՈՐՌռ Ս ձԽ ՀՂ չ. ԾՏրՍՉՈ, 2010չ. րՑ. 390, ԾՏրՍՏՉրՍՈÿ չՏրցՊՈՐրՑՉպվվՈÿ ՈՍՈՊպՎՌÿ): Ինչպես նկատեցինք, Սահմանադրական դատարանը ընտրությունների գրանցման եւ քվեարկության փուլերը շփոթել է: Ահա Հայաստանում անցկացվող ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխանությունը:
Քանի դեռ կուռ հանցավոր համագործակցությունը կամ հանցավոր կառույցը գործում է եւ ընտրությունների են գնում ՀՀ ընտրողների ռեգիստրում հաշվառած 2 միլիոն 505 հազար հավելագրված ընտրողների թվով, ապա ընտրությունները կեղծելու են, մի «թուլափայ» էլ գցելով մյուս թեկնածուներին:
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա