Մեր հասարակությունն արժանի չէր ոչ այսպիսի իշխանության, ոչ էլ այսպիսի ընդդիմության
Stratfor հեղինակավոր կենտրոնը հրապարակել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների մասին վերլուծություն, ըստ որի՝ դրանց արդյունքները «չեն հանգեցնի էական փոփոխությունների»՝ հաղորդում էր «Ազատություն» ռ/կ-ն։ Փորձագետները հիշեցրել են, որ Սերժ Սարգսյանի հաղթանակով ավարտված 2008-ի ընտրություններն ուղեկցվել են բողոքի ակցիաներով եւ արյունալի բախումներով, զոհվել է 10 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ վնասվածք են ստացել։ Սակայն այս ընտրությունները, նրանց կարծիքով՝ հավանաբար չեն լինի մրցակցային, քանի որ նախկին երկու նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել են առաջադրվել, իսկ առաջադրված թեկնածուներից ոչ մեկն ի զորու չէ լուրջ մարտահրավեր նետել Ս. Սարգսյանին։ Նվազել է նաեւ լայնածավալ բռնությունների եւ անկայունության վտանգը։ «Սարգսյանը դյուրին հաղթանակ կտանի եւ, հավանաբար, կստանա քվեների 60-70 տոկոսը»,- նշել են Stratfor-ի փորձագետները։ Նրանց համոզմամբ՝ արտաքին քաղաքականության ասպարեզում էլ էական փոփոխություններ չեն լինի՝ անկախ այն բանից, թե ով կհաղթի, քանի որ թեկնածուները հայ-ռուսական սերտ կապերի կողմնակից են՝ գրել են փորձագետները ու հավելել, որ ընտրությունները տեղի են ունենում Հարավային Կովկասի համար «ռազմավարական կարեւոր տեղաշարժի ժամանակաշրջանում»։
Ինչեւէ, անկախ այն բանից, թե ինչ են փաստում միջազգային հեղինակավոր կազմակերպություններն այս օրերին, անկախ նրանից, թե փետրվարի 19-ից սկսած Հայաստանն ինչ ուղղությամբ կընթանա, քաղաքական ինչ վերադասավորումներ կլինեն, գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հինգ տարի հնարավորություն ուներ շտկելու բազմաթիվ սխալներ, իրականացնել իրական փոփոխություններ: Սակայն բացառապես կոսմետիկ բնույթի քայլեր իրականացնելով, երբեմն միայն խոսքերով սահմանափակվելով՝ այսօր իշխանությունը գնում է վերարտադրման՝ նպատակ ունենալով առանց աղմուկ-աղաղակի ընտրություններ անցկացնել եւ միջազգային հանրության գովասանքին արժանանալ: Բայց արդյոք դրան արժանանալուց հետո պետք է շարունակի՞ գործել այնպես, ինչպես վերջին հինգ տարիներին է իշխանավարել…
Ցանկացած իշխանություն պետք է ունենա մեկ գերխնդիր՝ արժանանալ հասարակության, եթե չասենք՝ համընդհանուր գովասանքին (ինչը ոչ մի երկրում տեղի չի ունենում), գոնե վստահության որոշակի ավելացմանը։ Մեր հասարակությունն, իսկապես, արժանի չէր ոչ այսպիսի իշխանության, ոչ էլ այսպիսի ընդդիմության: Փետրվարի 18-ի ընտրությունները եւս մեկ հնարավորություն են իշխանության համար իրավիճակը շտկելու: Սա է Սերժ Սարգսյանի միակ գերխնդիրը:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթեյթ
Հաջորդ 5 տարիները, լինելու են ավելի ողբերգական քան այս անցնողը: Եթե սս-ը հնարավորություն
ունենա երրորդ անգամ գահին բարձրանալ, ապա այդ հնարավորությունը մեր երկրում լիովին ունի,
կեղծարարների ահռելի բանակը՝, հաջորդ 5 տարում կարող է կրկնապատկվել: Իսկ թագավորը,՝
անամոթ է, սուտասան և երկրի ճակատագրի վրա թքած ունենա: Կարծում եմ հատուցման պահը
գալու է:
“Մեր հասարակությունն, իսկապես, արժանի չէր ոչ այսպիսի իշխանության, ոչ էլ այսպիսի ընդդիմության:” – իսկ ես կասեմ, որ դեռ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ չի ձևավորվել, այլ կա մոտ մեկ միլիոն ծախու մարդկանց խումբ, որոնք ունեն Հայաստանի գրանցում ու նորմալ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ խանգարում են նորմալ Հայաստան ստեղծելուն