Հարգելի՛ պատվիրակներ, համագումարը լինելով հերթական, այնուամենայնիվ, այն տեղի է ունենում նախագահական ընտրությունների ժամանակ, որը 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ընթանում է առանց ընդդիմադիր ուժային կենտրոնի և, բնականաբար, ոչ մրցակցային և նախապես կանխորոշված արդյունքով:
Համագումարն առանձնանում է նաև նրանով, որ վերջին երկու ամիսները մեր հասարակության ուշադրությունը սևեռված էր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության վրա` կուսակցության կողմից ներկայացված ՀԱԿ-ի բարեփոխման ծրագրի մասով և կուսակցության երկու անդամների անհասկանալի կեցվածքով:
Հաշվետու զեկույցն ընդգրկում է 2011թ.-ի երկրորդ կեսից մինչև օրս ընկած ժամանակահատվածը: Այդ ժամանակահատվածը հակիրճ կարելի է բնութագրել որպես հուսախաբության և հուսալքության ժամանակաշրջան:
Քանի որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն այդ ընթացքում իր գործունեությունը ծավալել է ՀԱԿ-ի կազմում, ուստի հիմնականում կներկայացնեմ կոնգրեսի գործունեությունը:
Կարդացեք նաև
Կոնգրեսը շուրջ երեք տարի` 2008թ. կեսերից մինչև 2011թ. հունիս-հուլիս ամիսները, ձևավորում և թելադրում էր քաղաքական օրակարգը:
Կոնգրեսի կոպտագույն, ես կասեի, ճակատագրական սխալը «Բարգավաճ Հայաստանի» վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն էր և այդ ուղղությամբ տարվող քաղաքականությունը:
Այս հարցում կոնգրեսը, չունենալով կոնսեսուս, այնուամենայնիվ, այդ գիծը շարունակեց, իսկ նրանք, ովքեր նշված գծին դեմ էին հռչակվեցին խառնակիչներ: Այդ քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ընդդիմադիր ընտրազանգվածը, որ տարիներ շարունակ «Ազատության» հրապարակում էր, կորցնելով հավատը` աստիճանաբար երես թեքեց ՀԱԿ-ից և հեռացավ ակտիվ պայքարից: Եվ, վերջապես, հանրության համար անհասկանալի մեթոդներով կոնգրեսը ԲՀԿ-ին ներկայացրեց որպես հայաստանածին լուրջ քաղաքական ուժ, մոռանալով, որ ըստ փաստահավաք խմբի զեկույցի` Գագիկ Ծառուկյանի կողմից ամենամեծ բանդան է տրամադրվել մարտի 1-ի ոճրագործության ժամանակ: Փաստորեն, քաղաքագիտական վերլուծության» քաղաքականության արդյունքում ՀԱԿ-ը գնաց համագործակցության մարտի 1-ի սպանդն իրականացնողի հետ և մարտի 1-ի հեղինակ Քոչարյանի հետ հայտնվեց նույն քաղաքական ճակատում:
Նույնիսկ բանը հասավ նրան, որ հասարակության որոշակի շերտեր վարչախմբից ազատվելու հույսը, որքան էլ զարմանալի էր, սկսեցին կապել ԲՀԿ-ի հետ, ինչն ամենամեծ խայտառակությունն էր:
ՀԱԿ-ի հաջորդ լուրջ թերացումն այն էր, որ մայիսի 6-ի ԱԺ-ի ՀՀԿ-ԲՀԿ մանդատների աճուրդից հետո էլ շարունակվեց բարգավաճի հետ հույսեր կապել, և որևէ քայլ չարվեց սխալներից դասեր քաղելու, իրավիճակը շտկելու և իր երբեմնի համակիրներին հրապարակ վերադարձնելու համար: Ընդհակառակը, կոնգրեսում առանց քննարկման ու որոշման` վերցրեցին ԱԺ մանդատները և անցան «լուրջ օրենսդրական» աշխատանքի. մոռացության մատնվեց հրապարակային հանրահավաքային շարժումը և լեգիտիմացվեց աճուրդով ձևավորված ԱԺ:
Այս ամենի մասին մենք չէինք կարող հրապարակային չարտահայտվել ու կոնգրեսի քաղաքական խորհրդում հարցերը չբարձրացնել, ինչի մասին պարբերաբար իրազեկվում էր մեր կուսակցության քաղաքական խորհրդում:
Ամփոփելով կարող ենք ասել, որ այն, ինչը վարչախմբին չհաջողվեց` ընդդիմադիր դաշտը չեզոքացնել` նույնիսկ տարատեսակ հաճախորդներ բուծելով, անցած բոլոր նախագահական ընտրությունները ընթացել են ընդդիմադիր հզոր ուժային կենտրոնի ու թեկնածուի մասնակցությամբ և փաստացի հաղթանակով, ինչը բացակայում է այս նախագահական ընտրություններին: Ինչում որքան վարչախմբին կարելի է մեղադրել, նույնչափով էլ կոնգրեսին` իր վերջին երկու տարվա անհաշվենկատ ու անհասկանալի գործունեության համար:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը փորձել է անել իրենից կախվածը` մասնավորապես մշտապես կոնգրեսում ներկայացնելով առաջարկություններ` կանխելու վերոնշված զարգացումները և փոխելու իրավիճակը, ինչը հանդիպել է կոնգրեսի անկուսակցական նոմենկլատուրայի դիմադրությանը:
Տպավորություն է ձևավորվում, որ մեր կուսակցության սրտացավ վերաբերմունքը, մասնավորապես` վերջին ՀԱԿ բարեփոխումների փաթեթը, առիթ հանդիսացավ մեր կուսակցության երկու գործընկերների ակտիվացմանը և կուսակցությանը վարկաբեկելու գործընթացին, որն իր կուլմինացիային հասավ հունվարի 30-ի նրանց կողմից տարածած հայտարարությամբ, ինչը այլ բան չէր, քան` կուսակցությունը լուծարել և տարածուլել նոր ձևավորվող ՀԱԿ կուսակցության մեջ:
Բարեբախտաբար, կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես բերեց ոչ միայն օպերատիվություն, այլև իրավիճակի ճշգրիտ գնահատում, և հունվարի 31-ի արտահերթ քաղաքական խորհրդի նիստում, քննարկելով կուսակցության Երևան քաղաքի մարզային կազմակերպության առաջարկությունը, Ղուկաս Մեհրաբյանին և Պետրոս Գևորգյանին հեռացրեց կուսակցությունից` կանխելով կուսակցության կազմաքանդման գործընթացը:
Ամփոփելով ասելիքը` կարող ենք հստակ հետևություն անել նաև իշխանությունների վարքագծի մասին` կախված ընդդիմության որակներից, մասնավորապես` 2008-2011թթ. իշխանությունը, իր ծոծորակին զգալով ընդդիմության շնչառությունը, փորձում էր հնարավորինս խուսափել ոչ միայն գործող իշխանությանը բնորոշ անպատասխանատու վարքագծից, այլև առավելագույնս զգոն էին, ինչը չենք կարող ասել 2012թ. մասին:
Նախագահական ընտրություններից հետո, հաշվի առնելով ընդդիմության բզկտված վիճակը, շատ հավանական է, որ իշխանությունը կորցնի զգոնությունը, և այն, ինչին ականատեսն էինք տարիներ շարունակ, էլ ավելի ցայտուն դրսևորումներ ունենա:
Մասնավորապես, չթվարկելով Հայաստանայն հասարակական կյանքի քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական-մշակութային և հոգևոր ոլորտներում առկա աղետալի իրողությունները, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք գնահատել մեր երկրում տիրող վտանգավոր իրավիճակը և, բնականաբար, ցույց տալ այդ վիճակից դուրս գալու ուղիները:
Գործող վարչախմբի գոյության 15 տարիների ընթացքում տեղի է ունեցել հասարակության ծայրահեղ ու վտանգավոր սոցիալական բևեռացում: Մի կողմից` քրեածին ճանապարհով ձևավորված գերհարուստներ, մյուս կողմից` գերաղքատների ու ընչազուրկների զանգվածային խավերի ձևավորում: Արվել է ամեն ինչ` կանխելու արժանապատվության, քաղաքական ակտիվության և բարեփոխումների ներուժ կրող միջին խավի ձևավորումը:
Ստեղծվել են նյութական լծակներին տիրապետող կազմակերպված հանցագործ կառույցներ, որոնք սերտաճել են իշխանության օղակներին:
Ձևավորվել է կլանային համակարգ, որը վերահսկում է երկրի հարստության գերակշիռ մասը:
Վարչախումբն արմատավորեց անօրինականության, անպատժելիության մթնոլորտ, որտեղ խրախուսվում է քծնանքն ու շողոքորթությունը, ստորաքարշությունը, անսկզբունքայնությունն ու մորթապաշտությունը:
Ամբողջ պետական համակարգում ձևավորվել է կայուն կոռուպցիոն ավանդույթ, որը դարձել է կյանքի նորմ պետական չինովնիկների համար: Պետական համակարգի ամբողջովին կոռումպացված լինելը խորը անվստահություն է առաջացրել հասարակության մոտ:
Հարկային և իրավապահ կառույցները տնտեսավարող սուբյեկտների համար դարձել են քաղաքակական գործընթացներում նրանց հնազանդեցման գործիք:
Այսօր մեր երկիրը վտանգված է ոչ այն պատճառով, որ մեզ սպառնում են արտաքին թշնամիները, տարերային կամ որևէ աղետ, այլ այն պատճառով, որ մեզնից յուրաքանչյուրը ներսից կորցնում է իր հայրենիքը, հայրենիքի տիրոջ զգացումը, ինչը հետևանքն է ներդրված կեղծ իմիտացիոն ժողովրդավարության, որի նպատակն է` անել ամեն ինչ, որպեսզի ամեն գնով պահեն իշխանությունը և շարունակում են փորձել Հայ ժողովրդին իրենց հպատակ դարձնել: Մեր հասարակությունը չի հավատում, որ հնարավոր կլինի մեզ մոտ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ և ընտրության միջոցով իրականացնել իշխանափոխություն:
Արդյունքում` հասարակության ակտիվ և ունակ մասը զանգվածաբար շարունակում են արտագաղթել, և եթե այս հարցում հիմնական մեղավորները իշխանություններն են, ապա ոչ պակաս մեղքի իր բաժինն ունի նաև ընդդիմությունը, իսկ վերջի տարիների հասցեատերը Հայ Ազգային Կոնգրեսն է, որը հուսախաբ արեց ժողովրդին իր իսկ հռչակած ավազակապետական բուրգը կազմաքանդելու փոխարեն` կազմաքանդեց Հայ Ազգային Կոնգրեսը:
Ստեղծված իրավիճակը գնահատելով` թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական հարթություններում` տրամաբանական հարց է ծագում. ի՞նչ անել և ինչպե՞ս ազատվել գործող ռեժիմից և հաստատել սահմանադրական կարգը, երկիրը դուրս բերել խորը բարոյահոգեբանական ճգնաժամային վիճակից:
Մեր հասարկության գերակշիռ մասը ցանկանում է փոփոխություններ և այդ փոփոխությունները տեսնում է իշխանափոխությամբ: Ցավոք, պետք է փաստենք, որ փոփոխություններ ցանկացողների գերակշիռ մասը չի ցանկանում ակտիվ մասնակցություն ունենալ. պատճառները տարբեր են` սկսած վախից, վերջացրած հաջողության հասնելու գործում թերհավատությամբ:
Կարծում եմ այստեղ լուրջ անելիքներ ունի քաղաքական ընդդիմությունը, արդյոք կկարողանա՞նք այնպես աշխատել հասարակության հետ, որպեսզի վերստին հավատ ու վստահություն ներշնչենք, որ իշխանափոխությունը ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի:
Պետք է մթնոլորտում զգացվի ոչ միայն փոփոխության պահանջը, այլև շունչը. այդ ժամանակ փոփոխություն ցանկացողների մասնակցությունը կլինի լիարժեք, իսկ իշխանափոխության իրականացումը անխուսափելի է:
Արձանագրելով ներքաղաքական կյանքում ձևավորված նոր իրողությունները, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն իր հռչակած նպատակներն իրականացնելու համար համագործակցելու է առաջին հերթին գաղափարական ընդհանրություն ունեցող, ինչպես նաև բոլոր այն ուժերի հետ, որպես առաջնային նպատակ, տեսնում են երկրում սահմանադրական կարգի հաստատումը: