Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության 10-րդ համագումարի բանաձև

Փետրվար 16,2013 16:22

 «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրում հռչակված սկզբունքներին ու նպատակներին, ինչպես նաև 15-ամյա հետևողական պայքարին, վերստին արձանագրում է, որ Հայաստանի զարգացման միակ ուղությունը` Եվրոպական (համամարդկային) արժեքներ դավանող` ժողովրդավարական, սոցիալական պետության կերտումն է, որն ապահովելու է քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

  Այդ նպատակները կյանքի կոչելու համար ԺՀԿ 2008թ. դարձավ համաժողովրդական շարժման, այնուհետև` ՀԱԿ-ի կարևոր դերակատարներից մեկը` իր վրա ընդունելով վարչախմբի բազմաթիվ վայրագ հարձակումները:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը, որովհետև Հայաստանը դեռևս գտնվում է անապագա դեգերումների մեջ:

Վարչախումբը տարիներ շարունակ կեղծեց բոլոր ընտրությունները և ձևավորեց իմիտացիոն` կեղծ ժողովրդավարական համակարգ: 15 տարիների ընթացքում վարչախմբի վարած քաղաքականության, տնտեսական ծանր պայմանները, գործազրկությունը, սոցիալական և իրավական անպաշտպանվածությունը, անարդարությունները երկրում ստեղծել են հասարակության սոցիալական վիճակի ծայրահեղ բևեռացում` մի կողմից քրեագործ գերհարուստներ, մյուս կողմից` ունեզրկված ժողովուրդ, որը հանգեցրել է հուսահատության ծանր մթնոլորտի: Շարունակվում է հասարակության ակտիվ և ունակ շերտերի զանգվածային արտագաղթը:

Հնարավոր չէ ունենալ ժամանակակից պետություն և իշխանությունների տարանջատում` առանց իրական ընտրական համակարգի: Հասարակությունը ոչ միայն չի դարձել իշխանության ձևավորման սուբյեկտ, այլև` 2012թ. ԱԺ “ընտրությունները>> ցույց տվեցին, որ վարչախումբն արեց ամեն ինչ, որպեսզի ՀՀ քաղաքացուն զրկի ընտրելու իր սահմանադրական իրավունքից:

Դասեր չքաղելով 2008թ. հետընտրական զարգացումներից և հարյուրավոր քաղաքական բանտարկյալների առկայությունից` այսօր ևս շարունակվում է նույն արատավոր գործելաոճը:

Արդյունքում` վտանգված է պետության և քաղաքացիական հասարակության գոյությունը, չեն գործում սահմանադրությունը և օրենքները, վարկաբեկված են պետական բոլոր ինստիտուտները, շարունակվում է գերակայել անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը: Վարչախումբը ձգտում է հասարակությանը վերածել միակերպ մտածող հպատակների:

Ցավով պետք է արձանագրենք, պարտադրվող արժեհամակարգը, և ընդդիմության վերջին երկու տարվա անհաշվենկատ գործունեությունը նպաստեց ավազակապետական բուրգի բարգավաճմանը, և հիմնական ընդդիմադիր բևեռի` ՀԱԿ-ի կազմաքանդմանը:

Արձանագրենք, որ երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նախագահական ընտրություններն առաջին անգամ անցնում են առանց ընդդիմադիր ուժային կենտրոնի, ոչ մրցակցային, կանխորոշված “ընտրությունների>> արդյունքով:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության համագումարը արձանագրելով ներքաղաքական կյանքում ձևավորված նոր իրողությունները,  իր հռչակած նպատակները իրականացնելու համար համագործակցելու է առաջին հերթին գաղափարական ընդհանրություն ունեցող, ինչպես նաև բոլոր այն ուժերի հետ, որոնք առաջնային նպատակ տեսնում են երկրում սահմանադրական կարգի հաստատումը:

  «Ժողովրդավարական Հայրենիք» 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728