Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չցանկացավ «ֆորա տալ» իր մրցակիցներին

Փետրվար 16,2013 18:04

 ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը վստահ չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի «փլատակների վրա կառուցել քաղաքական միավոր»:

– Արդյունավե՞տ էր նախընտրական քարոզարշավը նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի համար: Կարողացա՞վ Սերժ Սարգսյանը առաջիկա հինգ տարիների համար նախատեսված իր ծրագրերը հասու դարձնել հանրությանը, եթե նկատի ունենանք, որ հանրության քիչ մասին դրանք հասանելի եղան, քանի որ հանդիպումները հիմնականում դահլիճային էին:

– Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ քարոզարշավը մեզ համար ոչ այնքան քաղաքական պայքարի միջոց է, որքան հնարավորություն՝ մեր ծրագրերն ու ասելիքը, գաղափարաբանությունը հանրությանը ներկայացնելու: Այս տեսանկյունից, կարծում եմ, արդարացված էր ՀՀԿ թեկնածուի քարոզարշավը, որի ընթացքում հաջողվեց շատ բաց, անկեղծ երկխոսության բռնվել հասարակության հետ, շատ բաց, անկեղծ շփում ապահովել ՀՀ քաղաքացիների հետ, շատ ազնիվ ներկայացնել անցյալի եւ ներկայի մեր գնահատականները եւ խոսել ապագայի մասին:

Գիտեք, մեր քննադատներն էլ երբեմն ինքնանպատակ քննադատության զոհ են դառնում: Երբ մենք անում էինք միայն բացօթյա, մարդաշատ հանդիպումներ, մեզ քննադատում էին, որ այդ հանդիպումները արդյունավետ չեն, որովհետեւ ավելի շատ ներկայացում են, քան զրույց: Երբ անցանք զրուցային, կամերային ֆորմատի, ասում են՝ մասսայական չեն: Իրականում դրանք բավականաչափ մասսայական էին նաեւ շնորհիվ նրա, որ մամուլը հավասարաչափ լուսաբանելով բոլոր թեկնածուներին՝ օգնում էր նաեւ մեզ՝ մեր ասելիքը հայ հանրությանը հասցնելու համար: Տվյալ պահին դահլիճներում, այո, մի քանի հարյուր հոգի մարդիկ էին, բայց նախագահի խոսքը, ասելիքը շատ արագ տարածվում էր լրատվամիջոցների շնորհիվ: Մենք մեր խնդիրն իրականում լուծել ենք: Երկխոսությունը ստացվել է. անցյալի, ներկայի ու ապագայի մասին մեր ամբողջական պատկերացումը նույնպես ձեւավորված է: Հանրապետական թեկնածուն այն բացառիկ թեկնածուներից է, որ կուռ ծրագրային ելույթներով ու դրույթներով է հանդես եկել իր ժողովրդի առջեւ:

Ընդհանուր քարոզարշավը նույնպես դրական եմ գնահատում: Մի շարք թեկնածուների մոտ քարոզարշավային տեխնոլոգիաների կիրառման որոշակի հաջողություններ արձանագրվեցին: Հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ նորարարական քարոզչական տարրեր եղել են, եւ որոշակի հաջողություններ գրանցվել են: Ելնելով ստեղծված ներքաղաքական վիճակից՝ Սերժ Սարգսյանը եւ իր թիմը մեծածավալ նոր տեխնոլոգիաների օգտագործման ռազմավարության կարիք չէին տեսնում: Քարոզարշավի մեջ մենք նույնպես ներմուծեցինք նոր քաղաքական տեխնոլոգիաներ, սակայն նորարարական-ստեղծարարական մեր զինանոցն ամբողջությամբ չենք կիրառել, քանի որ քարոզչական գերլարման կարիք չի եղել:

– Ասացիք, որ քարոզարշավը բաց, անկեղծ շփում ապահովեց ՀՀԿ-ական թեկնածուի եւ քաղաքացիների միջեւ. որոշ դեպքերում չափից ավելի «ազատ ու անկաշկանդ» չէ՞ր այդ շփումը՝ նկատի ունեմ Մովսես գյուղում Սերժ Սարգսյանի եւ տարեց գյուղացու զրույցը՝ արտագաղթի ու «խիարը թարս աճելու» վերաբերյալ, Եռաբլուրում լացող կնոջն ուղղված խոսքը՝ «եկել ես, լացում ես, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», Գյումրիում ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարությունը՝ «որքան ուզես՝ այնքան խփենք»:

– Որեւէ միջադեպ ես չեմ գրանցում քարոզարշավի ընթացքում: Երբ ամեն ինչ հարթ է գնում, ապա մակերեսից մի փոքր վերեւ կամ ցած եղող ինչ-որ մի երեւույթ փորձում են ուռճացնել՝ դարձնելով անդունդ կամ սար: Իրականում մենք շատ հարթ քարոզարշավ ենք տարել: Ես որեւէ կիքսային ձեւակերպումների հետ համաձայն չեմ: Անգամ այն խոսքերը, որոնք նախագահն ուղղել է ձեր թվարկած վայրերում, եւ որոնք որոշ մարդկանց ականջ են ծակել, եղել են որոշ դեպքերում շատ անկեղծ ու ազնիվ գնահատականներ, որոշ դեպքերում՝ հումոր, որոշ դեպքերում՝ մարդկային էմոցիաների արտահայտում: Կարծում եմ՝ 21-րդ դարը պահանջում է ոչ սինթետիկ քաղաքական գործիչների առկայություն: Բնական ու իրական, ինչպիսին որ Սերժ Սարգսյանն է: Սինթետիկ, նեյլոնային քաղաքական գործիչների դարն անցել է: Մեր հասարակությունն էլ սովորել է կեղծն ու իրականն իրարից տարբերել՝ անկախ նրանից, թե դա դո՞ւր է եկել որոշ շրջանակների, կամ նրանք այս առիթներն օգտագործե՞լ են փքելու ինչ-որ տեղեկատվական շոուներ, թե՞ ոչ: Մեր նախագահը մարդ է՝ միս ու արյունից, իր զգացմունքներով, իր մտորումներով. անգամ այդ դեպքերն ապացուցում են, որ մենք եղել ենք մաքսիմալ մարդկային՝ եւ մեր հույզերի, եւ տեսակետների, եւ շփումների, եւ հումորի մեջ:

– Ինչո՞ւ ՀՀԿ-ական թեկնածուն խուսափեց բանավեճերից՝ գոնե տարբեր հարցազրույցներում եւ ելույթներում իր կողմից հայտարարված մրցակիցների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ: Առավել հետաքրքիր չէ՞ր լինի ԼՂ հարցի եւ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ լսել Ս. Սարգսյանի եւ Ր. Հովհաննիսյանի բանավեճը, քան լսել Սարգսյանի կողմից Հովհաննիսյանին ուղղված քննադատությունը: Կամ՝ Հրանտ Բագրատյանի «100 քայլ»-ի վերաբերյալ հեգնական արտահայտությունների փոխարեն լսել երկու գործիչների բանավեճը՝ Հայաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ:

– Զարմանալի է, երբ քարոզարշավի ընթացքում մեր նման մարտավարությունը դառնում է մանրադիտակով ուսումնասիրման եւ կվազիքաղաքական հետեւություններ անելու առիթ: Ակնհայտ է, որ յոթ թեկնածուների պարագայում խոսել հեռուստաբանավեճի մասին թեկնածուներից մեկի հետ՝ աբսուրդ է:

– Երեքին Սերժ Սարգսյանն առանձնացնում էր:

– Անգամ երեքի պարագայում: Որպես նախագահի թեկնածուներ՝ յոթն էլ հավասար են օրենքի առջեւ, յոթն էլ հավասար մեդիածածկույթի հնարավորություն ունեն, հավասարապես պետք է գտնվեն հանրային ուշադրության կենտրոնում: Առանձնացնել նրանցից մեկին կամ երեքին՝ նշանակում է ի սկզբանե քարոզչական ֆորա տալ: Հասկանում եմ, որ մեր ընդդիմախոսները, մրցակիցները, այլ թեկնածուները ունեն այդ քարոզչական ու քաղաքական ֆորայի կարիք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է սպասարկենք իրենց քարոզչական կարիքները: Իհարկե, կան դեպքեր այլ երկրներում, երբ թեկնածուները շատ են, բայց առաջին փուլում երկուսն իրար հետ բանավիճում են: Ամենացայտուն օրինակն ԱՄՆ-ն է, բայց այնտեղ փաստացի ավանդական երկկուսակցական համակարգով քաղաքական սիստեմ է, ու անկախ թեկնածուների քանակից՝ ակնհայտ է, որ հիմնական պայքարը գնում է դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ: Շատ կցանկանամ, որ Հայաստանում մի օր ձեւավորվի ավանդական քաղաքական համակարգ: ՀՀԿ-ն իր տեղը քաղաքական համակարգում արդեն ունի: Եթե որեւէ այլ կուսակցության կհաջողվի դառնալ երկրորդ կամ առավելագույնը երրորդ քաղաքական ավանդական բեւեռ, այդ դեպքում կարելի է տարիների ընթացքում խոսել հնարավոր նման ձեւաչափի մասին: Այս պարագայում Հայաստանում տեսականորեն խոսել քաղաքական բանավեճի մասին կարելի է միայն երկրորդ փուլում:

Ինչ վերաբերում է պատասխաններին՝ այս 28 օրերի ընթացքում մեր հասցեին քննադատություն է հնչել: Դրա մեծ մասին արձագանքել է Սերժ Սարգսյանի թիմը: Կային դրույթներ, որտեղ նախագահն ինքն է որոշել արձագանքել: Եթե չարձագանքեր՝ պիտի ասեին՝ արհամարհել է, անլուրջ է համարել այլ թեկնածուներին ու չի էլ անդրադարձել: Մեր հասարակության մեջ մի հատված կա, որի միակ սկզբունքն իշխանություններին քննադատելն է: Եթե ինքնանպատակ քննադատների այդ հատվածն իր մեջ հստակեցնի մի ինչ-որ արժեհամակարգ, որի մեջ դիտարկի մեր գործողությունները, այդ հատվածի հետ ավելի հեշտ կլինի աշխատել: Բայց քանի որ նպատակը ինքնանպատակ քննադատությունն է, ինչ էլ անես՝ այդ հատվածը հորինելու եւ փքելու է խոսելու ինչ-որ մի թեմա:

Քննադատությունները բնական են, եւ ինչպես նախագահն է ասել իր նախընտրական ելույթներից մեկում, ավելի լավ է հարյուր անհիմն քննադատություն հնչի, քան մեկ հիմնավորված քննադատություն բաց թողնենք:

– Թե նախագահական ընտրություններին մասնակից ուժերն ու գործիչները, թե չմասնակցողներն այս ամբողջ ընթացքում խոսում են հետընտրական հնարավոր զարգացումներից: Նկատի ունենալով այդ սպասելիքները եւ այն, որ առաջին նախագահը թեեւ տարիքային ցենզը մատնանշելով չմասնակցեց նախագահական ընտրություններին, սակայն նոր կուսակցություն ստեղծելու հայտ է ներկայացրել, ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

– Իրականում մտավորական, քաղաքական էլիտայի լրջախոհ հատվածը այսօր ավելի շատ մտածում եւ վերլուծում է հետընտրական Հայաստանը: Մեր ծրագիրը, մեր նախագահի ծրագիրը շատ հավակնոտ է, իրատեսական, որեւէ պոպուլիստական, սին խոստում, որեւէ ամբոխահաճություն այդ ծրագրում, ոչ է Սերժ Սարգսյանի ելույթներում չի եղել: Իսկ հետընտրական զարգացումները պետք է դիտարկել երեք թեւում՝ իշխանություն, ընդդիմություն, պետություն: Իշխանության ցանկությունը՝ երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու, պետք է զուգակցվի նաեւ ներկուսակցական բարեփոխումներով: Մի կուսակցություն, որն ուզում է փոխել երկիրը, պետք է փոխվի նաեւ ինքը: Քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանն այդ էվոլյուցիոն փոփոխությունների վեկտորը հստակ ուրվագծել է ոչ միայն երկրի, այլ նաեւ կուսակցության համար: Ակնհայտ է, որ գալիք հինգ տարիների ընթացքում մենք վերջնականապես պետք է նորագույն պատմությունից շրջենք տրանզիտային ժողովրդավարության էջը, վերջնականապես վերացնենք «լատինաամերիկանիզացիայի» վտանգը մեր երկրում, վերջակետ դնենք կլանային-օլիգարխիկ գործոնի ազդեցությանն իշխանությունների եւ որոշումների կայացման վրա, վերջակետ դնենք միայն խոշոր կապիտալի ազդեցությանը Հայաստանի ներքաղաքական որոշումների վրա:

Ընդդիմադիր դաշտում ակնհայտ է, որ որոշ փլատակների վրա կփորձեն կառուցել քաղաքական ինչ-որ միավոր: Որքանո՞վ այդ միավորը կլինի իրականում կենսունակ, անկեղծ ասած, այդ գործընթացն ինձ լավատեսություն չի ներշնչում: Անգամ այսօրվա ընդդիմությունը շահագրգիռ չէ ուժեղ ընդդիմություն լինելու այնքան, որքան իշխանությունն է շահագրգիռ ուժեղ ընդդիմություն ունենալու մեջ: Սա ակնհայտ փաստ է: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի Հայաստանում, ընդդիմադիր դաշտում վերջնականապես ձեւավորվեն գաղափարական, ավանդական, քաղաքական համակարգի մեջ տեղավորվող քաղաքական ուժեր, որոնց օրակարգը չի լինելու կազմաքանդումը եւ ռեֆլեկտոր, բնազդային ատելությունն իշխանությունների նկատմամբ: Ընդդիմություն, որը կունենա այլ օրակարգ, քան միայն գործող իշխանությունների վերացումն է: Որքանո՞վ կստացվի դա կառուցել փլատակների վրա՝ ես չգիտեմ, բայց ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակությունում այդ ռեսուրսը կա, եւ պատահական չեմ համարում Նիկոլ Փաշինյանի եւ մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք իրականում, առանց որեւէ սարկազմի եւ քաղտեխնոլոգիայի կիրառման, դրական արձագանքի են արժանի, որովհետեւ գուցե իրենց մոտ ստացվի:

– Ասացիք, որ պետք է «վերջակետ դնենք կլանային-օլիգարխիկ գործոնի ազդեցությանն իշխանությունների եւ որոշումների կայացման վրա, վերջակետ դնենք միայն խոշոր կապիտալի ազդեցությանը Հայաստանի ներքաղաքական որոշումների վրա»: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն իր խմբակցության օլիգարխներին, գործարարներին առաջարկելու է ինքնաբացարկի դիմումներ գրել:

– Իմ ասածներից միանգամից պրոյեկտել նման կտրուկ տեղաշարժեր եւ քաղաքական վերլուծություններ անել… ես ասում եմ սկզբունքը: Հայաստանում հասունանում է իրավիճակ, երբ քաղաքական որոշումների կայացման վրա պետք է ազդեցություն ունենա ոչ միայն խոշոր կապիտալը, այլ նախեւառաջ քաղաքացիական հասարակության ինստիտուտները: Տարիներ շարունակ գործել է գումար-իշխանություն սխեման: Ամբողջ աշխարհում դա կա, բայց այն ավելի բարդ է՝ գումար-քաղաքացիական ինստիտուտներ, ազդեցության խմբեր-իշխանություն: Մեզ պետք է մաքսիմալ հեռացնել իշխանությունը գումարից՝ կայացնելով լուրջ համակարգով ինստիտուտներ՝ քաղաքացիական հասարակություն, մամուլ, արհմիություններ եւ այլն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728