Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի կողմից կանաչ տերեւի օգտագործումը ցինիկ քայլ էր»

Փետրվար 16,2013 15:49

 «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը եւ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը «Դեմ առ դեմ» քննարկում են ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի բնապահպանական հատվածները: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ:

Սոնա Այվազյան- Ինձ համար ամենահիասթափեցնողը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն էր, որտեղ որեւէ անդրադարձ չկար շրջակա միջավայրի, ազգային հարստության եւ բնական պաշարների վերաբերյալ, ինչը, միգուցե, անկեղծ էր: Այսինքն՝ այն մոտեցումները, որոնք նա ունի եւ իր կառավարման ընթացքում մենք տեսել ենք՝ բնական պաշարների բավականին ոչ ողջամիտ օգտագործում, շրջակա միջավայրի բնաջնջման քաղաքականություն… եւ այդ մոտեցումներն, ըստ էության, կարելի է ասել, արտացոլվել են ծրագրում, ասել է թե՝ որեւէ անդրադարձ չի կատարվել: Եվ այդ ֆոնի վրա ինձ համար շատ ցինիկ է Սերժ Սարգսյանի սիմվոլներից մեկը՝ կանաչ տերեւը, որը կարծում եմ՝ միգուցե արվել է հերթական էժանագին RP-ի նպատակով, որպեսզի ներգրավի բնապահպանական մոտեցումներ ունեցող անձանց: Բայց դա բավականին ցինիկ է, որ շրջակա միջավայրի խնդիրներին որեւէ առնչություն չունեցող ծրագրի ջատագով թեկնածուն ունենա այդ տերեւը որպես իր սիմվոլներից մեկը: Դա արհամարհանք է եւ երկրի բնակչության ու քաղաքացիների, եւ շրջակա միջավայրի նկատմամբ:

«Առավոտ»- Թեեւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում բնապահպանական խնդիրներին անդրադարձ չկա, այդուամենայնիվ, իր քարոզարշավի ընթացքում՝ թե Սյունիքում, թե Լոռիում եւ Կոտայքում, Սերժ Սարգսյանն անդրադարձել է բնապահպանական խնդիրներին՝ ելույթային մակարդակներով որոշակի խոստումներ տալով:

Արթուր Գրիգորյան- Դեռեւս մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ավելի բնապահպանական ծրագրեր էր առաջ քաշում, ես հիշում եմ, Սասունցի Դավթի հրապարակում խոսում էր, որ պետք է բնապահպանական հարցեր բարձրացնեն եւ այլն: Հիմա ինչո՞ւ այս նախագահական ծրագրում նա չի անդրադարձել բնապահպանական հարցերին, կարծում եմ՝ այն պատճառով, որ հասկացավ՝ այդ «կուտը» ոչ ոք չկերավ: Բնապահպանական գործընթացներում կենտրոնացված մարդիկ՝ գերազանցապես երիտասարդներ, շատ ադեկվատ արձագանքեցին՝ ասելով. եթե ինչ-որ բան եք ասում, մենք ձեր առջեւ կոնկրետ հարցեր ենք դրել, լուծեք այդ կոնկրետ հարցերը: Օրինակ՝ դրել ենք Թեղուտի հարցը, որի սեփականատերը, շատերի պնդմամբ, հենց դուք եք: Խնդրեմ՝ կարգավորեք, հարցին լուծում տվեք: Եթե ոչ՝ ձեր ասածները բացարձակ դատարկաբանություն են, եւ այդ դատարկաբանությունը կոնկրետ փաստերով եւ թվերով դրվեց իր առջեւ, ու նա չկարողացավ դրա տակից դուրս գալ: Եվ եթե հիմա նա իր նախագահական ծրագրում այդ հարցերն առաջ քաշեր, նույնը լինելու էր հիմա:

Ս. Ա.- Սերժ Սարգսյանի ճառագիրներն, իհարկե, բավականին պրոֆեսիոնալ են, բավականին պոպուլիստական ճառեր գրում են, բայց կարծես թե իրենց մոտ չի ընկալվում, որ այդ ճառերը կտրված են իրականությունից:

«Առավոտ»- Օրինակ՝ երբ Սերժ Սարգսյանն Ալավերդիում ասում է, որ չնայած շրջակա միջավայրի աղտոտման եւ այլ բնապահպանական խնդիրներին, երկիրը հնարավոր չէ զարգացնել առանց հանքարդյունաբերության, դա իրականությունից կտրված եւ պոպուլիստակա՞ն մոտեցում է:

Ս. Ա.- Իհարկե, եւ այդ հայտարարությունը նա անում է հենց Ալավերդիում, որովհետեւ այդտեղ գործարանում աշխատող բնակչությունը, բնականաբար, հետաքրքրված չէ, որ գործարանը փակվի եւ հանքարդյունաբերությունը կանգ առնի: Բայց Սերժ Սարգսյանն այդ ելույթը չի ունենա, օրինակ, Երեւանում՝ բնապահպանական կազմակերպությունների հետ հանդիպմանը: Ես ուզում եմ նշել, որ նրա ծրագրում կան նաեւ այլ մտահոգիչ դրույթներ, մասնավորապես կապված էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էներգետիկայի զարգացման հետ: Մենք գիտենք, որ այսօր երկրում համատարած ՀԷԿ-եր են կառուցվում, ինչը բավականին աղետաբեր է էկոհամակարգերի համար: Դա որեւէ ձեւով չի կարգավորվում, եւ պարզապես բիզնես է արվում, որը բխում է մի քանի հոգու շահերից: Եվ մյուսը՝ հեռագնա արոտավայրերի ակտիվ օգտագործման կոնցեպցիան: Եթե չլիներ Սյունիքի արոտավայրերը հանձնելու հետ կապված այս վերջին դեպքը, միգուցե այդ նախադասությունը մեզ մոտ անհանգստություն չառաջացներ: Սակայն այսօր մենք արդեն մոտավորապես հասկանում ենք, թե ինչ կարող է նշանակել արտագնա արոտավայրերի ավելի ակտիվ օգտագործումը:

«Առավոտ»- Իր տնտեսական ծրագրի 100 քայլերից երկուսը նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հատկացրել է բնական պաշարների տնօրինման հարցերին՝ առաջարկեով իրականացնել ընդերքի գույքագրում եւ օգտագործման քվոտավորում: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը:

Ա. Գ.- Ես ուզում եմ ընդգծել, որ բոլոր թեկնածուների մեջ միակը, ով շատ կոնկրետ առաջարկներ է ներկայացնում, որոնք նաեւ նոր գաղափարներ են պարունակում, Հրանտ Բագրատյանն է: Այս դեպքում եւս ներկայացվածն ամենառացիոնալ առաջարկներից մեկն է: Դա նշանակում է, որ եթե դու ունես կոնկրետ պարունակությամբ հանքավայր, որը նախկինում տալիս էիր կոնցեսիոն շահագործման, այսուհետ գույքագրվի եւ ասվի՝ այս հանքավայրում կա այսքան ոսկի, եւ դրա արժեքն այսքան է միջազգային գներով: Եվ յուրաքանչյուր տարի պետք է վերահաստատել գինը, որովհետեւ ամեն տարի հումքի գները փոխվում են: Այսպիսով՝ Հրանտ Բագրատյանը բարձրացնում է եկամտի արդարացի վերաբաշխման հարցը: Նաեւ ես ողջունում եմ Բագրատյանի քվոտավորման առաջարկը, որով կսահմանափակվի բնական պաշարների շահագործումը, որ եւ բնությունը կարողանա մի փոքր վերականգնվել եւ մաքրվել, եւ նաեւ այդ պաշարներից ինչ-որ բան մնա նաեւ հաջորդ սերունդներին: Իսկ այսպես մի երեսուն տարվա ընթացքում ամեն ինչ փոշիացվելու է եւ վերջ: Ես ուզում եմ հիշատակել նաեւ բոլոր օֆշորային ընկերությունները Հայաստանում գրանցելու Բագրատյանի առաջարկությունը: Դա ամենաողջունելին է, քանի որ բոլորս գիտենք, թե այդտեղ ինչ կոռուպցիոն ռիսկեր կան, եւ գրեթե բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում:

Ս. Ա.- Ես նույնպես ողջունում եմ այդ առաջարկները, որոնք շատ կոնկրետ են եւ մեծ չափով լուծում կտան ընդերքի ռեսուրսների գազանաբար ոչնչացումը կանգնեցնելու հարցին:

«Առավոտ»- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի բնապահպանական հատվածը: Այնտեղ եւս կան կոնկրետ առաջարկներ: Օրինակ՝ Ր. Հովհաննիսյանը նշում է, որ սահմանված չափից ավելի շատ թափոններ արտանետելու եւ դրա դիմաց չվճարած 4 միլիարդ դոլարի հասնող պարտքի դիմաց պետք է ազգայնացվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ա. Գ.- Ես շատ ընդունելի եմ համարում մոտեցումը, ոչ թե թվերն ու փաստերը: Բայց դա ներկայացված է ընդհանրական, որովհետեւ եթե առաջ է քաշվում ազգայինին անցնելու հարցը, ապա պետք է հստակեցվի, թե ինչ ընթացակարգերով պետք է ազգայնացվի հենց այդ մեկ կոմբինատը: Եվ եթե ազգայնացման հարց է բարձրացվում, պետք է դրվի ընդհանուր հանքարդյունաբերական սեկտորի ազգայնացման հարցը:

«Առավոտ»- Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ առաջարկում է բնապահպանական ոլորտը կարգավորող մեկ տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ կատարել:

Ս. Ա.- Անկեղծ ասած՝ վստահ չեմ, թե որքանով պետք է նախագահի թեկնածուն այդպես մանրանար եւ առաջարկություններ աներ օրենսդրության վերաբերյալ: Այնուամենայնիվ, այն առաջարկությունները, որ նա արել է՝ եւ սկզբունքային, եւ գործողությունների, կարծում եմ՝ ընդունելի են:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Բանավեճն ամբողջությամբ 

OSI NEW ARM copy

Սույն հաղորդման բովանդակությունը կարող է չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տեսակետներին։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N17870։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728