Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը տնտեսության զարգացման համար որպես մեծագույն խոչընդոտ նշեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը

Փետրվար 16,2013 15:37

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստան ժամանած մի խումբ օտարերկրացի լրագրողների: Ողջունելով նրանց այցը խորհրդարան՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ լրագրողները Երեւան են ժամանել Հայաստանի համար կարեւոր մի ժամանակաշրջանում՝ երկրի նախագահի ընտրության նախօրեին: «Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անցկացվեն հանրապետության նորագույն պատմության ամենաժողովրդավարական ընտրությունները»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նախորդ ընտրությունների համեմատ քաղաքական բազմակարծությունն ու ազատ խոսքը լիովին ապահովված են: Նրա գնահատմամբ՝ այսօր հասարակությունը զերծ է քաղաքական նիհիլիզմից, եւ ընթանում է բնականոն քաղաքական պայքար, մրցակցություն քաղաքական թիմերի, գաղափարների միջեւ, բացակայում են սեւ փիարի դրսեւորումները: Սա գնահատում են նաեւ միջազգային դիտորդները՝ միաժամանակ արձանագրելով, որ իրավապահ մարմինները արագ արձագանքում են յուրաքանչյուր ահազանգի: «Մենք հույս ունենք, որ փետրվարի 18-ի ընտրությունները կլինեն ամենաբացը, ամենաժողովրդավարականը, քանի որ դրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Մենք գնում ենք ոչ թե քաղաքական հակամարտության, այլ քաղաքական երկխոսության ճանապարհով»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Լրագրողների խնդրանքով ներկայացնելով Հայաստանի տնտեսական իրավիճակն ու առաջնային ուղղությունները, Էդուարդ Շարմազանովը տնտեսության զարգացման համար որպես մեծագույն խոչընդոտ նշեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Ընդ որում, վերջինս, շրջափակելով հարեւան երկրին, Եվրամիության անդամ դառնալու նկրտումներ է դրսեւորում:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նաեւ հայ-թուրքական արձանագրությունների նախապատմությունը, ընդգծելով, որ ի հեճուկս նախնական պայմանավորվածությունների եւ միջազգային հանրության ակնկալիքների, Թուրքիան փաստաթղթերի ստորագրումից հետո սկսեց խոսել նախապայմանների լեզվով, ինչն անընդունելի է: Նա հիշեց ԱՄՆ նախկին պետքարտուղարի գնահատականներն ու խոսքերը. «Գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է»:

Անդրադառնալով Հայաստան-Իրան փոխհարաբերություններին, Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս արտահայտվել է իրանյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին: Իրանի հետ Հայաստանն ունի սերտ տնտեսական հարաբերություններ, իրականացվում են համատեղ ծրագրեր, այդ երկրում բնակվում են բազմաթիվ հայեր, եւ ցանկացած ռազմական գործողություն ընդունելի չէ: Նա նշեց, որ Հայաստանը հակամարտության՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է նաեւ Սիրիայի պարագայում:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն պաշտպանում են հիմնախնդրի լուծման խաղաղ, բանակցային ճանապարհը՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը հայտնի երեք սկզբունքներից ընդունում է միայն մեկը՝ անընդհատ խոսելով ռազմական ավանտյուրայի, ֆաշիզմի լեզվով: Նախագահի մակարդակով Ադրբեջանը հայտարարում է, որ «համաշխարհային հայությունն ադրբեջանական ժողովրդի գլխավոր թշնամին է»: «Նման հայտարարությունները հիշեցնում են նացիստական Գերմանիայի առաջնորդների կոչերը, որոնք ժամանակին հանգեցրել են համաշխարհային պատերազմի եւ ցեղասպանության»,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ միջազգային հանրությանը կոչ անելով ավելի գործուն ու կոշտ դիրքորոշում որդեգրել այս դրսեւորման դեմ:

Անդրադառանով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանը ձգտում է վարել բաց արտաքին քաղաքականություն: Նա ներկայացրեց ՀՀ հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ երկրների, հարեւան պետությունների, Եվրամիության, ԱՄՆ եւ այլ երկրների հետ:

Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նաեւ օտարերկրացի լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728