Քարոզարշավի վերջին օրը ամփոփում են փորձագետները
Այսօր Հայելի մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի եւ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի հնչեցրած կարծիքները այդքան էլ չէին համընկնում: Ըստ Իսկանդարյանի` ընտրությունները դեռ կանխորոշված են խորհրդարանական ընտրությունների ժամանակ` Հանրապետական կուսակցության հաղթանակով:
«Թեկնածուներին բաժանել եմ 3 խմբի: 1-ին խմբի մեջ մտնում են Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը: Այս երկուսը ունեին որոշակի ընտրական քայլերի համալիր ծրագիր եւ ավելի մոտ էին դասական քարոզչության մոդելին: 2-րդ խմբի մեջ մտնում են մնացյալ թեկնածուները, որոնք չունեին 1-ին խմբի թեկնածուների գաղափարախոսությունը: 3-րդ խմբի մեջ միայն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն է, որն այս ընտրությունների հիմնական ֆավորիտն է և չունի մրցակից»,-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը
Հարություն Մեսրոպյանի կարծիքով` այստեղ խնդիրը ոչ թե քարոզարշավի ընթացքն է, այլ նախագահի թեկնածուների բարոյական անկումը, որը նույն իրավիճակին է հասցրել նաեւ ժողովրդին: Ըստ նրա` օրեցօր ավելացող արտագաղթն այն ամենի արտացոլանքն է, որ այսօր մեր հանրությունը գոհ չէ երկրում տիրող իրավիճակից:
Կարդացեք նաև
«Մեր երկրում չկա քաղաքական վերնախավ, այն բացակայում է: Հենց վերնախավը պետք է իր հետ բարձրացնի ժողովրդին: Իսկ մեզ մոտ բոլորը վստահ են, թե ինչ է լինելու: Ստացվում է, որ ոչ մի դասական քարոզարշավ էլ չկար, քանի որ չկային հստակ գրված ծրագրային փուլեր և անհայտ էր թեկնածուի ընտրվելուց հետո իշխանություն եկող նրա թիմը»,-հավելեց Հարություն Մեսրոպյանը:
Պրն Մեսրոպյանը կարծում է, որ ընտրություններից հետո կլինի «Վայ քոռանամ ես իրավիճակ», կավելանան արտագաղթի չափերը: Իսկ դրանում մեղավոր կլինեն բոլոր թեկնածուները, որ պատրաստել էին նախընտրական այս շոուն:
Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ