Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր քարոզարշավի վերջին օրը ասուլիսի սկզբում նախ կարդաց իր աջակիցների ուղերձը ՀՀ քաղաքացիներին.
«Հունվարի 31-ի մահափորձ իր սատանայական դիտավորությամբ ահազանգ էր բոլորիս համար…Մեր քվեները տանք մեր ինքնորոշման նվիրյալ Պարույր Հայրիկյանին, հանուն անկախության, հանուն ազատության եւ ընդդեմ տեռորիզմի: Գնալ ու քվեարկել Հայրիկյանի ու միայն Հայրիկյանի օգտին, այսօր որեւէ այլ պահվածք ու դիրքորոշում, չմասնակցել, չքվեարկել, ձայն տալ այլ թեկնածուին դավաճանություն է ազգային արժեքային համակարգի նկատմամբ, եւ աջակցություն մեզ ազգովի ահաբեկել ցանկացող տեռորիստներին»:
Պարոն Հայրիկյանը նորից կրկնեց, որ նախագահի բոլոր թեկնածուների պահվածքից հասկացել է, որ նրանք կողմ են եղել մահափորձին. «Ես տեսա, որ նույնիսկ ուրախացել են: Այնպես որ վերացականորեն բոլորին էլ ձեռնտու էր, մի թեկնածու էլ պակասեց: Բայց առարկայական ձեւով ոչ մի թեկնածուի էլ չեմ կասկածում»:
Մահափորձ իրականացնելու կասկածանքով ձերբակալվածների լուսանկարներն էլ պարոն Հայրիկյանն անգամ չի էլ տեսել. «Դիտավորյալ չեմ նայել ու չեմ էլ նայի: Ինձ պետք չէ: Հայրիկյանը նախագահի թեկնածու է, ոչ թե քննիչ, այս պահին փորձում եմ մնալ նախագահի թեկնածու: Ես քննության հետ դրա մասին կխոսեմ,բայց ձեզ հետ՝ ոչ, պարտավոր չեմ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՍԴ-ից իր որոշումը վերցնելու պատճառով իրեն ուղղված քննադատություններին, թե ընտրություններից հետո Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի շարքերը կհամալրվի Պարույր Հայրիկյանով, ասաց. «Բայց ի՞նչ կապ ունի իմ դիմում բերելն ու վերցնելը: Եթե 15 օրով քարոզարշավն ավելացվեր, կարո՞ղ է 15 օրում միայն ես պետք է քարոզարշավով զբաղվեի՝ ոչ: Մյուսներն էլի պետք է շարունակեին, էլի կստացվեր, որ մյուսները 15 օր ավել են: Հայրիկյանն օգտվել է օրենքով ընձեռված հնարավորությունից, այ ողորմելիներ, ուրիշ բան չգտաք, փրփուրներից եք կախվում: Ասում են՝ Հայրիկյանը փոփոխամիտ է, օրենքն է փոփոխամիտ, օրենքը գրել է՝ կարող ես տալ, մյուս օրը վերցնել: Ես էլ օրենքի ենթակա եմ: Հայրիկյանը, որ փոփոխամիտ էր, ձեր ինչը փոխեց»:
Անդրադառնալով միասնական թեկնածուով հանդես գալու իր առաջարկին, ասաց, որ չմիավորվելու պատճառը թեկնածուների անպատրաստ լինելն էր. «Նրանք դրան պատրաստ չէին: Հետո կարող է մեկի մոտ էլ բիզնես է, չէ՞ որ ընտրությանը մասնակցելով ու տոկոսներ ստանալով, ասում են մի քիչ ավելի շատ փող տվեք: Դուք գիտեք, թեկնածուներից ով ումից ինչքան գումար է ստացել, ինչ-որ բաներ գրում են, չէ՞: Բայց նկատի ունեցեք, որ շատ ավելի կարող են ստանալ: Լավ էլ բիզնես է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ