Լրահոս
Օրվա լրահոսը

100 խախտում՝ ընտրություններում

Փետրվար 16,2013 13:56

Ահազանգում է Հովսեփ Խուրշուդյանը

«Ոչ միայն ընդհատում են, այլ նաեւ ավելանում են ընտրախախտումները»,- այսօր «Փաստարկ» ակումբում այսպիսի գնահատական տվեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, Րաֆֆի Հովհանիսյանի ընտրական շտաբի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը:

Նա նշեց, որ Էրեբունիի թիվ 13 ընտրատարածքից ամսի 12-ին ստացել են ահազանգ, որ ոստիկանությունը տրամադրել է ընտրացոցակները ոչ թե տեղամասային ընտրական հանձնաժողովներին, այլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին. «Պարզ չի, թե այդ ժամանակ ինչ է տեղի ունեցել ցուցակների հետ, ինչպես է այն օգտագործվել: Կարծում եմ, խստագույնս պետք է պատժի եւ այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը եւ ոստիկանությունը»:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ նույն համայնքում այլ խախտումներ էլ են եղել. «Էրեբունիի թաղապետարանում զուգահեռ սոցապի մուտքից նույն մուտքում տեղակայված է գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների հավաքից հետո առանձնացվել են ՀՀԿ տեղերով ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահներին, մնացածին դուրս են արել: Մնացել են ՀՀԿ-ի շտաբում եւ պետական մարմնի տարածքում իրենց կուսակցական նիստն են արել: Գիտեք, որ մեր օրենքով պետական կառույցները անկուսակցական են: Երբ իրենք դառնում են հանձնաժողովի անդամ, այլեւս ինքը ենթարկվում է բացառապես ընտրատարածքային հանձնաժողովին եւ օրենքին եւ դադարում է լինել քաղաքական անձնավորություն եւ քաղաքական մարմին: Կուսակցապետության էլեմենտներն ակնհայտ են եւ շարունակվում են, չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս ահազանգել է դրա մասին»:

Խախտումների մասին բոլոր տեղեկությունները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքում:

Հովսեփ Խուրշուդյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունն ինքը պետք է ավելի շատ ինֆորմացիա ունենար. «Բայց իրենք զբաղվում են բացառապես այն խախտումներով, որը մենք ենք իրենց տրամադրում: Նույնը վերաբերում է ԿԸՀ-ին: Մինչեւ մենք չասենք՝ այստեղ պաստառ է փակցված՝ հիվանդանոցի վրա է, դպրոցի վրա է, ԿԸՀ-ն դա չի տեսնում: Երբ որ մենք ահազանգում ենք, իրենք գնում եւ հանում են այդ պաստառները: Իհարկե, էլի լավ է, որ ահազանգից հետո գոնե գնում եւ հանում են: Բայց միայն մի կուսակցությունը քիչ է, որ հետեւի, որ օրենքի տառը չխախտվի»:

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ ընտրակաշառքի մասին ահազանգեր կան՝ հիշեցնելով, որ ընտրակաշառք ստանալն ու բաժանելը քրեական պատասխանատվություն են ենթադրում՝ տուգանք եւ ազատազրկում՝ 2-3 տարի ժամկետով:

Հովսեփ Խուրշուդյանը, ամփոփելով ողջ քարոզարշավի ընթացքում խախտումները, ասաց, որ դրանք մոտ 100-ի են հասնում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728