Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Անդրիաս Ղուկասյանն իրեն одинокий волк-ի պես դրսեւորեց» (Տեսանյութ)

Փետրվար 16,2013 13:17

Գարիկ Քեռյանի դիտարկմամբ` թեկնածուների մի մասը չիրականացրեց լիարժեք քարոզչություն

 «Քարոզարշավն անցավ ազատ,  սահմանափակումներ եւ ճնշումներ որեւէ թեկնածուի գործունեության նկատմամբ չկային: Բացակայում էին սեւ PR-ը, անձնական վիրավորանքները եւ մյուս թեկնածուին վարկաբեկելու նպատակաուղղվածությունը, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ  նկատելի էին: Այս ընտրությունները քաղաքականացվածության աստիճանով զիջում էին նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Պատճառն այն է, որ հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին ընտրություններին, ինչը հանգեցրեց քարոզարշավի հանդեպ հետաքրքրության անկման»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Նրա խոսքով. «Ցանկալի է, որ հակաքարոզչություն իրականացվեր, ինչպես բոլոր ժողովրդավար երկրներում: Խոսքն այն մասին է, որ մրցակիցները ներկայացնում են իրենց առավելությունները եւ մյուսի ծրագրերի թերությունները` անձին սեւացնելու փոխարեն: Մինչդեռ յուրաքանչյուր թեկնածու գործում է անկախ եւ անկապ միջավայրում` անուշադրության մատնելով  մյուսների ծրագրային դրույթները»:

Քեռյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում բացակայում էին նաեւ հեռուստաբանավեճերը, որոնք շատ կարեւոր են ցանկացած ժողովրդավար ընտրությունների ժամանակ. «Դրանք մարդկանց հնարավորություն  են տալիս կողմնորոշվել: Հիշենք, օրինակ, թե քանի փուլով ընթացան եւ ինչ ազդեցություն ունեցան Օբամայի եւ Ռոմնիի միջեւ հեռուստաբանավեճերը: Իսկ մեր քարոզարշավը կարծես «դահլիճային» է, թեկնածուները խուսափում էին  զանգվածային միջոցառումներից: Սերժ Սարգսյանը, օրինակ,   գերադասեց հանդիպել փակ լսարաններում, որտեղ հիմնականում հավաքվեց ՏԻՄ զանգվածը, իսկ մնացած թեկնածուները համարյա թե  չիրականացրեցին քարոզարշավ, դուրս չեկան Երեւանի սահմաններից եւ չկարողանցան զանգվածին ներկայանալ  նախընտրական  ծրագրերով»:

Քաղաքագետը թեկնածուներին դասակարգեց մի քանի խմբի. «Առաջինում ընդգրկված են Աերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր ունեին քաղաքական թիմ: Երկրորդ խմբում են Արման Մելիքյանը, Արամ Հարությունյանը եւ Վարդան Սեդրակյանը, ովքեր խնդիր ունեին ոչ թե մրցապայքարի մեջ մտնել, այլ ներկայացնել իրենց անձը: Ինչ վերաբերում է Հայրիկյանին, թվում էր, թե կարող է առաջին խմբի ներկայացուցիչների հետ քարոզչություն տանել, բայց ավելի շատ թեքվեց երկրորդ խմբի կողմը եւ չիրականացրեց լիարժեք քարոզարշավ: Իր գործունեությամբ, ինչպես ասում են, одинокий волк-ի պես առանձնացավ Անդրիաս Ղուկասյանը, որի ակցիայի միակ նպատակն էր` հակաիշխանական քարոզչություն իրականացնել եւ հասարակության շրջանում ամրապնդել այն գաղափարը, թե ապագա ընտրությունները շինծու են»:

Հոգեբան Աննա Բադալյանի համոզմամբ. «Այս շրջանում հասարակությունն ունի տրամադրության անկումներ եւ վերելքներ, բայց իրեն դրսեւորեց ինչպես հարկն էր: Ինչ վերաբերում է պասիվությանը, գուցե դա հասունության եւ գրագիտության դրսեւորում էր»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728