Aravot.am-ը շարունակում է հրապարակել ՄՕԿ-ի գործկոմի՝ սպորտային ըմբշամարտը 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրից հանելու սկանդալային առաջարկի շուրջ տեսակետները:
«Հայաստան» մարզական միության նախագահ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը համոզված է, որ ՄՕԿ-ի համաժողովն այդ առաջարկը չի վավերացնի: «ՄՕԿ-ի գործկոմի առաջարկն ընդունելի չէ: Ու վստահ եմ, որ համաժողովն այդպիսի որոշում չի կայացնի: Այսօր ընբշամարտը շատ-շատ սիրված մարզաձեւ է ամբողջ աշխարհում ու շատ մեծ թիվ են կազմում այս մարզաձեւով զբաղվողները: Մարզադպրոցներում, ակումբներում, տարբեր թիմերում եւ հավաքականներում մարզվող բազմամիլիոն պատանիներին, երիտասարդներին ու մեծահասակներին ասել, որ ձեր մարզաձեւն իր գագաթնակետին հասնելու իրավունք չունի, այսինքն, դուք չեք կարող մասնակցել օլիմպիական խաղերին, սխալ է:
Դեռ մեր թվարկությունից առաջ, երբ մարդիկ ընդգրկվում էին սպորտային գործընթացի մեջ եւ իրենց ֆիզիկական ուժն ու կարողությունն էին սկսում դրսեւորել, ըմբշամարտը դրանց հիմքում է եղել: Այն դեռեւս հին օլիմպիական խաղերի մարզաձեւերից էր եւ ժամանակակից օլիմպիական խաղերում էլ հենց առաջին մեկնարկից եղել է ծրագրի հիմնական մարզաձեւերից մեկը: Զարմանալի է, որ մի կողմից օլիմպիական խաղերի ծրագիր են ընդգրկվում մարզաձեւեր, որոնք այնքան էլ չեն նպաստում մարդու ֆիզպատրաստվածության ընդհանուր եւ ներդաշնակ զարգացմանը, մյուս կողմից առաջարկվում է Խաղերի ծրագրից հանել ըմբշամարտը: Ես համոզված եմ, որ ամբողջ աշխարհում ըմբշամարտի ներկայացուցիչները կմիավորվեն եւ այդպիսի բան թույլ չեն տա», – Aravot.am-ին ասաց Ռազմիկ Ստեփանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ