Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկուսը պայքարում են երկրորդ տեղի համար

Փետրվար 16,2013 10:44

Մյուսները «պիառ» են անում

Քարոզարշավը չսկսված՝ ներսուդրսից գնահատականներ հնչեցին, թե «այս ընտրությունները մրցակցային չեն»։ Հիմա ասվում է, որ ընտրարշավն առավել քան երբեւէ «անլուրջ» է ընթանում՝ աննախադեպ «էկզոտիկ» դրսեւորումներով եւ այլն։
Ինչպիսի՞ն են այս նախագահական ընտրությունները քաղաքագետի աչքերով։ Մեր հարցերին ի պատասխան, իր տեսակետները ներկայացնում է Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ։

-Արդյոք այդ բնորոշումները համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Ե՛վ այո, ե՛ւ ոչ։ Մի կողմից՝ ընտրությունները մրցակցային չեն, այն առումով, որ ֆավորիտը՝ հաղթող թեկնածուն, կանխորոշված էր ի սկզբանե՝ առնվազն դեկտեմբերից, երբ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին։ Եթե Գ.Ծառուկյանն առաջադրվեր, ընտրարշավը թերեւս այլ կերպ ընթանար, թեպետ, կարծում եմ, Սերժ Սարգսյանը այս դեպքում էլ կընտրվեր։
Մյուս կողմից՝ չի կարելի ասել, թե ընտրությունները մրցակցային չէին. մրցակցություն կար, բայց ոչ թե ֆավորիտի եւ մյուսների, այլ «մյուսների» միջեւ։ Անկասկած լուրջ մրցակցություն էր ծավալվում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի, Հայրիկյանի եւ մյուս թեկնածուների միջեւ, եւ միանշանակ չէ, թե ով շահած դուրս կգա այդ «խաղից»։ Սեդրակյանի «պրոյեկտը» ակնհայտորեն մրցում էր Հայրիկյանի, Ղուկասյանի «պրոյեկտների» հետ։ Այդ տեսակետից, մրցակցության պակաս իրոք չէր զգացվում։
-Եթե քաղաքական կյանքում այս կամ այն կերպ իրենց դրսեւորած թեկնածուների հավակնություններն ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, ապա էպոսագետի եւ Անդրիաս Ղուկասյանի դեպքում այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ են ուզում, ինչո՞ւ հանկարծ հայտնվեցին քաղաքական զարգացումների «կիզակետում»։
-Շարժառիթները կարող են տարբեր լինել՝ ինչ-որ կերպ դրսեւորվել քաղաքականության մեջ, «չափել» սեփական կշիռը, հիմքեր դնել ապագա քաղաքական գործունեության համար, պարզապես ներկայանալ հանրությանը, ճանաչում գտնել, որպես ոչ թե քաղաքականության, այլ որեւէ ոլորտի, օրինակ, էպոսագիտության հետ կապ ունեցող անհատ։ Թեկնածուներից մեկին հանրությունը այսօր ճանաչում է որպես էպոսագետի, այն դեպքում, երբ նա ոչ մի կապ չունի դրա հետ՝ էպոսագետ չէ, երբեք չի զբաղվել էպոսագիտությամբ եւ, դատելով ամենից, չի էլ զբաղվի։
Կարելի է ծիծաղել, անեկդոտներ պատմել այդ թեմայով, բայց ավելի կարեւոր է հասկանալ՝ ինչո՞վ են պայմանավորված «քաղաքական էկզոտիկայի» ցայտուն դրսեւորումները այս ընտրություններում։ Արդյոք դա պատահականությո՞ւն է։
Վստահ եմ, որ ոչ։ Եթե պայքարը ոչ թե նախագահի պաշտոնի, այլ ուրիշ բանի համար է, թեկնածուների նման վարքագիծը, իմ կարծիքով, համարժեք է, անգամ՝ արդյունավետ։ Այդ «ուրիշ բանը», վերջին հաշվով, «պիառն» է՝ այս կամ այն բնագավառում հայտնի դառնալու ցանկությունը։
Մարդիկ ընտրապայքարի մեջ մտել են, որ ստանան իրենց ուզածը, բայց ռեսուրսներ չունեն։ Ինչպե՞ս հասնել ընտրողներին, եթե բենզին չունես, չունես 5000 ակտիվիստ, որոնք պատրաստ են երեք ամիս «վիզ դրած» աշխատել քեզ համար, փող չունես՝ վճարելու այդ մարդկանց, չկան հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք կարող են կազմակերպել քո քարոզարշավը մարզերում եւ այլն։
Շատ հասարակ՝ էպոտաժ անել, լրագրողների միջոցով մտնել բոլորի տները. երեւալ հեռուստաէկրանին, հարցազրույցներ տալ, առաջին հայացքից անիմաստ հայտարարություններ, աննպատակ քայլեր անել, հացադուլ հայտարարել՝ պահանջելով անվավեր ճանաչել մյուս թեկնածուի առաջադրումը, մի օր սոված մնալ, հաջորդ օրը հանել թեկնածությունը եւ այլն։ Այդ տեսակետից թեկնածուների «Էքսցենտրիկ» պահվածքը ռացիոնալ եմ գնահատում։
-Նախագահի պաշտոնին հավակնող այլընտրանքային թեկնածուների քարոզչական մարտավարությունը ծառայե՞ց իր նպատակին։
-Այս ընտրություններում, գործող նախագահից բացի, կա եւս երկու թեկնածու, որոնք ունեն որոշակի քաղաքական, ֆինանսական, մարդկային ռեսուրսներ եւ օգտվում են այդ ռեսուրսներից քարոզարշավի ընթացքում։ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության լիդեր է, ինչ-որ տեղից փող է ճարել եւ իր համախոհների միջոցով դասական ամերիկյան քարոզարշավ է վարում։
Ավելի նվազ ռեսուրսներով նույնը փորձում է անել Հրանտ Բագրատյանը՝ խոսելով տնտեսական բարեփոխումների մասին։ Ընդ որում, տեղի է ունենում էլեկտորալ ընտրություններին շատ բնորոշ մի երեւույթ. լիբերալ քաղաքական ուժի դիրքերից ներկայացող կուսակցության ղեկավարը հանդես է գալիս ընդգծված ձախ հռետորաբանությամբ։ Սա էլ է նորմա. գործում է շուկայական տրամաբանությունը՝ եթե կա պահանջարկ, առաջարկ միշտ էլ կգտնվի։
-Րաֆֆի Հովհաննիսյանի «ամերիկյան քարոզարշավը» որքանո՞վ ընկալելի է հայաստանցի ընտրողի համար։
-Պարոն Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» փորձը գալիս է հաստատելու, որ ոչ արեւմտյան երկրում արեւմտյան տիպի կուսակցություն ստեղծելու, արեւմտյան ոճի քարոզարշավ իրականացնելու փորձերը հեռանկար չունեն։ Գոնե ես չեմ հիշում նման նախադեպ։
Փորձը ցույց է տալիս, որ կարելի է ստեղծել քաղաքական ինչ-որ «զանգված», գրագետ քարոզարշավ վարել, ներգրավել որոշակի ֆինանսական միջոցներ, ներդնելով պատշաճ քաղաքական տեխնոլոգիաներ, եւ զգալի թվով ձայներ հավաքել, բայց իշխանության գալ անհնար է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728