Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակն արդեն զբաղված է

Փետրվար 16,2013 10:25

Քարոզարշավը դեռ չավարտված՝  նախագահի թեկնածուների շտաբների ներկայացուցիչներն արդեն դիմել են քաղաքապետարան՝  հետընտրական միջոցառումների համար խորհրդանշական հարթակները զբաղեցնելու դիմումներով: Մեր երկրում ընտրական զարգացումներն այնքան կանխատեսելի են, որ թեկնածուները նախապես կարող են մշակել նաեւ հետընտրական միջոցառումների սցենարներ:Սակայն եթե նախորդ ընտրության ժամանակ այդ խորհրդանշական հարթակները շտապում էր զբաղեցնել արմատական ընդդիմությունը՝ իշխանության դեմ անողոք պայքար մղելու նպատակով, ապա այս անգամ Ազատության հրապարակն ու Մատենադարանի հարակից տարածքը որոշել է իրենով անել ոչ արմատական ընդդիմություն համարվող «Ժառանգություն» կուսակցությունը: Փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արդեն դիմել է քաղաքապետարան եւ իրազեկել փետրվարի 20-ին, 21-ին, 22-ին հանրահավաքներ անցկացնելու մտադրության մասին: 20-ին եւ 22-ին՝ Ազատության հրապարակում, 21-ին՝ Մատենադարանում:

Սա էլ այն պատճառով, որ այդ օրը Ազատության հրապարակում միջոցառում է անելու իշխող կուսակցությունը: Թերեւս վերջինը պատրաստվում է իր սազանդար երգիչ-երգչուհիների հետ նշել «հաղթանակը»: Արմատական ընդդիմություն համարվող Հրանտ Բագրատյանը դեռ չի պլանավորել  հետընտրական անելիքը: Դրան կանդրադառնա, երբ ակնհայտ կլինի ընտրությունների արդյունքների թվաբանության ճշգրիտ պատկերը: Իսկ ի՞նչ նպատակով է ընտրություններից անմիջապես հետո «Ժառանգությունն» իրար հաջորդող երեք օր որոշել զբաղեցնել միտինգային հարթակները, արդյո՞ք հետընտրական ընդվզման են պատրաստվում, թե՞ հակառակը՝  հաղթական հանդեսի: Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ հայտնի չէ կոնկրետ նպատակը: «Ոչ մի բանի էլ հլը չենք պատրաստվում եւ ամեն ինչի ենք պատրաստվում: Այսինքն, մենք միշտ պատրաստ վիճակում ենք եւ  ցանկացած պարագայում ցանկանում ենք, որ ամեն ինչ նորմալ ընթանա»,-մեկնաբանեց նա:

 

Նախապես ապահովագրելու մտադրությունն իհարկե, մեր իշխանության ձեռագրի դեպքում, լիովին արդարացված է: Չմոռանանք, որ իշխանությունը, նման դեպքերում ինչ-որ միջոցառումներ կազմակերպելով, փորձում է նմանատիպ վայրերը զբաղեցնել, որպեսզի միտինգային տրամադրությունների դեպքում ընդդիմությունը հարթակ չունենա: Իշխանության ճղճիմ քայլերից զերծ մնալու համար մարդիկ նախապես են մտածել եւ օրենքի շրջանակում զբաղեցրել հայտնի ամբիոնները: Մանավանդ, եթե դիտարկենք նախընտրական քարոզարշավը, կնկատենք, որ քարոզարշավի մեկնարկին Սերժ Սարգսյանի թիմը շատ ավելի հանգիստ էր ու ինքնավստահ: Ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի «ակցիաները» սկսեցին բարձրանալ, եւ նկատվեց ընտրողների ակտիվացում: Մինչդեռ ՀՀԿ թիմում տիրող հանգստությունը բավականին թուլացրեց Սերժ Սարգսյանի դիրքերը: Դրան նպաստեցին նաեւ վերջինիս  հրապարակային «կիքսերը»: Եվ արդեն վերջին օրերին նշմարվում է, որ իշխանության օլիմպիական հանգստությունը փոխարինվել է պարտության անհանգստությամբ: Խուճապային տրամադրություններն իշխանական թիմում անզեն աչքով նկատելի են: Այնպես որ, հետընտրական սրացումները եւս սարերի ետեւում չեն:

Գայանե Սարիբեկյան  

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728