Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացավ մրցույթի եզրափակիչ խաղը
Այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանի Բ դահլիճում տեղի ունեցավ «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթի եզրափակիչ խաղը: Aravot.am-ի հետ զրույցում բուհի ուսխորհրդի նախագահ Պարույր Աբրահամյանն ասաց, որ եզրափակչին մասնակցում են Ֆրանսիական համալսարանի, Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի եւ ԵՊՀ-ի թիմերը: Աբրահամյանի փոխանցմամբ` յուրաքանչյուր տարի ՀՖՀ-ում անցկացվում են նաեւ այլ մրցույթներ, դեբատներ. «Դրանց մասնակիցները տարբերվում են իրենց հասակակիցներից եւ առավել մեծ կարեւորություն են տալիս գիտելիքին ու առհասարակ` կրթությանը»:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը նշեց, որ մրցույթի հիմնական կազմակերպիչներն ուսանողներն են. իսկ համալսարանի ադմինիստրացիան աջակցում է նրանց. «Դա մաս է կազմում մեր քաղաքականության, ըստ որի` խրախուսում ենք ուսանողների նախաձեռնությունները` ինտելեկտուալ-պրոֆեսիոնալ ծրագրերում ներգրավվելու եւ փորձառություն ձեռք բերելու տեսանկյունից: Ի վերջո, խաղալով` սովորում են եւ սովորեցնում: Մեզ համար կարեւոր է ուսանողների ներգրավվածությունը տարբեր ծրագրերում, քանի որ ողջունում ենք ստեղծագործական միտքը, նախաձեռնողականությունը եւ վարչական լծակներ չենք կիրառում ուսխորհրդի նկատմամբ: Մենք դաստիարակում եւ ձեւավորում ենք մտածող եւ ինքնուրույն ուսանող եւ քաղաքացի: Դրան էլ նպաստում են նմանատիպ միջոցառումները»:
Կարդացեք նաև
Պրոռեկտորի խոսքով. «Ուսանողական տարիներին մարդը պետք է ինքնադրսեւորման դաշտ ունենա, որպեսզի հետագայում երկրի համար համապատասխան մասնագետ լինի»:
Պարոն Նավոյանը նաեւ տեղեկացրեց, որ ՀՖՀ ուսանողները ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ նախաձեռնել են հանգանակություն` սիրիահայ աշակերտներին օգնելու համար:
«Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթի ավարտին հաղթող ճանաչվեց ԵՊՀ-ի թիմը, իսկ 1-ին եւ 2-րդ հորիզոնականները զբաղեցրեցին Ֆրանսիական համալսարանի թիմերը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ինձ կներեք, բայց խաղին մասնակցել է ոչ թե Բրյուսովի համալսարանը ներկայացնող այլ Հայաստանի Ճարտարագիտական համալսարանը ներկայացնող թիմը: Խնդրում եմ խմբագրությանը ուղղել սխալը
Ուղղեցինք: Շնորհակալություն