Հայաստանը մի քանի այլ հետխորհրդային պետությունների` Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ադրբեջանի լուսանկարիչների ասոցիացիաների հետ հանդես կգա միասնական «Ուշադրություն` ժպիտ» նախագծում: Սրա մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի» նախագահ Սերգեյ Հակոբյանը: Վերջինս սա համարում է աշխարհին ներկայանալու լավ միջոց. «Այս ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստան պետությունը որպես տեսնող, գնահատական տվող լուսանկարիչների երկիր»:
Նախագծին մասնակցել ցանկացողների համար չկա ոչ մի սահմանափակում: Սակայն ծրագրի շրջանակներում շեշտը առավելապես դրվելու է մարզային բնակիչների ակտիվ մասնակցության վրա: Տոկոսային հարաբերակցությամբ մարզերից մասնակիցների թիվը կկազմի 80 տոկոս, իսկ մայրաքաղաքից` 20 տոկոս: Մի քանի փուլով անցկացվող մրցույթ- ծրագրի տասնհինգ լավագույն մասնակիցները հնարավորուրություն կստանան անվճար սովորելու Հայաստանում առաջին առցանց լուսանկարչական դպրոցում, որից հետո մասնակից հինգ պետությունների կողմից կստանան հավաստագրեր: «Այս ստեղծագործական անցուդարձը մեծ դռներ է բացելու Հայսատանում ցանկացած լուսանկարչի համար: Ես շատ ուրախ եմ նրանց համար, ովքեր նոր են ուզում մտնել լուսանկարչության բնագավառ»,- նշեց ասոցիացիայի նախագահը:
Հայտագրման եւ այլ մանրամասների ծանոթանալու համար պարոն Հակոբյանը առաջարկեց այցելել ասոցիացիայի ֆեյսբուքյան էջը` “Armenian Photographers National Assotiation” :
Ծրագրի ֆինանասավորումը կատարվել է Եվրամիության կողմից: Ընդհանուր բյուջեն կազմում է 622 700 եվրո, որից Հայաստանին տրվելիք գումարը 64 հազար եվրո է: Սա չի բավականացնում ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար, պակասում է եւս 20 հազար եվրո: Մինչդեռ ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը համոզված է, որ կկարողանա հավաքել անհրաժեշտ գումարը:
Կարդացեք նաև
Հանդիպման վերջում պարոն Հակոբյանը անդրադարձավ նաեւ գալիք նախագահական ընտրություններին: Նա հրապարակեց իր հեռախոսահամարը (091547894)` պատրաստակամություն հայտնելով ընդունել այն բոլոր զանգերը, որոնք կապված կլինեն ընտրատեղամասերում լուսանկարիչների իրավունքների խախտման հետ:
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ