Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ ինքը ֆավորիտային թեկնածուներից մեկն է
«Ոչ մի ձայն չի կորելու: Ոչ մի կոալիցիա չեմ պատրաստվում իրանց հետ մտնելու, ոչ մի համագործակցության: Մենք մեր ձայներով պարզապես ճնշելու ենք դամոկլյան սրի պես, որ քաշվեք մի կողմ, գանք, փորձենք երկիրը սարքել»,- այսօր նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Ազատության հրապարակում իր ընտրողների հետ հանդիպմանը այսպիսի հայտարարություն արեց:
Նա նշեց, որ լավ էլ գիտի, որ ընտրակաշառք են խոստանում, խախտումները շատ են. «Մի խոսքով, հեշտ չի: Հստակ իմացեք, իշխանությունը չեն տալու: Հստակ իմացեք, որ իշխանության թեկնածուի խոսքերը՝ բարելավելու, փոփոխելու մասին ոչ մի կոպեկի արժեք չունեն, ոչ մի կոնկրետ խոստում չկա»:
Կարդացեք նաև
Նա ընտրողներին շնորհակալություն հայտնեց՝ համբերության համար եւ ասաց, որ համենայնդեպս, այն, ինչ իրենք արեցին այս օրերին, համարում է հրաշք. «Ֆավորիտային թեկնածուներից մեկն եմ, եւ այստեղ երկրորդ կարծիք չկա: Մարդիկ գալիս են՝ մեզ լսելու: Ինչ որ հնարավոր էր՝ արեցինք»:
Վաղը Հրանտ Բագրատյանը գնալու է Նոյեմբերյան, մի քանի գյուղեր եւ ավարտելու է իր քարոզարշավը:
Պարոն Բագրատյանը նշեց, որ ամսի 18-ին անակնկալ է սպասվում: Մենք հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ համար է լինելու այդ անակնկալը, Հրանտ Բագրատյանը չլուսավորեց՝ հորդորելով մի քիչ էլ համբերել ու տեսնել:
Նա նաեւ չասաց, թե ինչ քայլերի է դիմելու ընտրություններից հետո, եթե արդյունքները չգոհացնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ