Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ ՀՀ Նախագահը 700 հազար ձայն «ֆորա» ունի
«Ամենուրեք խախտում են, կա վախի մթնոլորտ: Այնտեղ, որտեղ հնարավոր է փող տալ, որպեսզի չնկատվի դա, տրվում է: Մենք ունենք բազմաթիվ բողոքներ: Ինչեւէ, ահա այս մթնոլորտում անցավ քարոզարշավը»,- քիչ առաջ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Ազատության հրապարակում հանդիպում ունեցավ իր ընտրողների հետ եւ ամփոփեց իր քարոզարշավը:
Նրա խոսքերով՝ «Մենք ցույց տվեցինք, որ իշխանության թեզերը, մոդելը չի կարող աշխատել: Սրանք լուրջ հաղթանակներ են, ես կարծում եմ: Հեքիաթները, թե իբր մենք բարդ բան ենք խոսում, ժողովուրդը չի հասկանում՝ այդպես չի: Մենք շատ լուրջ բաներ ենք խոսում ժողովրդի հետ: Այս վերջին 3 օրերին արդեն վախ չկար: Արդեն երբ գնում էինք գյուղերում հավաքվում էինք, 300 տուն ունեցող գյուղում 200 մարդ էր հավաքվում: Քիչ առաջ Ջրաշենում ահագին մարդ կար, Արայում, էլ չեմ ասում Օհանավանում: Ես կարծում եմ, մեզ հետաքրքրիր իրադարձություններ են սպասվում, որովհետեւ չեն իմանում, թե ինչ են անելու իշխանության թեկնածուի հետ: Ամենակարեւորը, որ բոլորը հասկացան, որ կասկածներով չի, կա մոտեցում եւ կա սխալ մոտեցում: Այդքան բանը մարդիկ հասկացան»:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ ամսի 19-ին կասի, թե ինչ են անելու իրենք հետագայում. «Ես հույս ունեմ, որ շատ անսպասելի անակնկալ կլինի ամսի 18-ին: Ցավում եմ իհարկե, որ մի դեպք պատահեց թեկնածուներից մեկի հետ, որն ըստ էության կլանեց ամբողջ ուշադրությունը: Հիմա օբյեկտիվորեն թե սուբյեկտիվորեն ինչ կարող եմ ասել՝ ահա այսպիսի բան տեղի ունեցավ, եւ մենք սրանից հետո այդպիսի հանգամանքները նույնպես պիտի հաշվի առնենք: Ես, ճիշտն ասած, շատ գոհ եմ այն հնարավորությունից, որ կարողացա հանդես գալ: Գնալով ավելի շատ ՀԱԿ անդամներ կամ ՀՀՇ-ի անդամներ ներգրավվում են այստեղ: Երեկ եւս մի քանի հոգի, այսօր եւս մի քանի տասնյակ հոգի հայտնի դեմքերից: Չեմ ուզում անուններ տալ: Դա ինձ համոզում է նրանում, որ ճիշտը այս առաջադրումն էր: Մեծամիտ չթվամ, մենք այսօր հիմնական թեկնածուներից մեկն ենք»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ընդգծեց, որ վիրավորական է համարում իշխանության թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի պահվածքը. «Նա գոնե մեզ պիտի ասեր, թե ի՞նչ է ուզում, ի՞նչ է սարքելու: Անցած 5 տարին ո՞նց է անցել, ի՞նչն է իրեն խանգարել: Անկեղծ ասած, հույսս այն է, որ նա չի կարողանա ընտրվել: Կապրենք՝ կտեսնենք»:
Ընտրողներից մեկը հետաքրքրվեց, թե ձայները կկարողանա՞ պաշտպանել: Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ պիտի պաշտպանեն. «Շատ տեղերում ունենք վստահված անձեր, հանձնաժողովի անդամներ: Պիտի պաշտպանենք, ինչ ասեմ, պիտի կռիվ տանք: Նախ, պետք է տեղամասերում պահել այդ ձայները: Իրենք, ճիշտն ասած, այդքան մեծ ձայներից չեն վախենում, ինչքան այն բանից, որը մենք չենք կարողանում վերահսկել, նորից այս անգամ չստացվեց. ընտրացուցակներում առնվազն 400 հազար ավելի մարդ կա, գուցե եւ ավելի: Այդ մարդկանց տեղը շատ հանգիստ կարող են քվեարկություն անել: Սա արդեն դարձել է մեր աքիլլեսյան գարշապարը: Եթե դրան ավելացնում ես պետական ապարատն ու բանակը, ստացվում է, որ իշխանության թեկնածուն ունի նաեւ 650-700 հազար ձայն, ֆորա, էլի: Ոնց որ շախմատ խաղաս, թագուհուն հանես, ասես՝ խաղա դե: Եթե դիմացինդ ընդհանրապես խաղալ չգիտի, հասկանալի է, բայց եթե նույնիսկ 4-րդ կարգի մասնագետ է, եթե գրոսմայստեր հետը խաղա առանց թագուհու դժվար է հետ բերել: Մարդը 650-700 հազար ֆորա ունի արդեն: Եվ իրանց հույսը դրա վրա է: Մենք չենք կարող, ռեսուրս չունենք, որ գանք բռնենք, ասենք՝ էս ի՞նչ արիր»:
Նա հավատարիմ մարդկանց հրավիրեց շտաբ, որ վստահված անձ լինեն՝ իր համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ