Ինչով է պայմանավորված վերջին շրջանում հակառակորդի ակտիվությունը սահմանամերձ տարածքներում. պատերազմի նախազգուշացու՞մ է, թե հակառակորդի հերթական սադրանքներ:
ՀՀ-ում վերջին շրջանում սահմանամերձ տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք լարվածություն են առաջացնում երկրում, ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը կապում է նախընտրական շրջանի հետ. «Բոլոր կարևոր իրադարձություններից առաջ հակառակորդը փորձում է անհանգիստ իրավիճակ ստեղծել` ապակայունացնելով իրավիճակը: Այս դեպքերն էլ կարելի է կապել նախընտրական շրջանի հետ: Հակառակորդը փորձում է ակտիվություն ցուցաբերել սահմանային տարածքներում, բայց ինչպես տեսնում ենք, արժանի հակահարված, այնուամենայնիվ, հակառակորդը ստանում է»,- այսօր այս մասին «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Ըստ նրա, ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակումներից զոհված զինծառայողների թիվը միշտ էլ ճշտգրիտ չի հրապարակել, շատ դեպքերում որակել է անգամ ինքնասպանություն կամ դժբախտ պատահար: «Անընդմեջ գրում են, թե հայկական կողմը 7զոհ է տվել և 4 վիրավոր, սակայն իրականությունն այլ է: Երեկ այսպիսի տվյալներ էր տարածել az.apa.az-ը»:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը (լուսանկարում) նույնպես կարծում է, որ ադրբեջանական կողմի ակտիվացումը, որը հանգեցնում է լարված իրադրության, ՀՀ-ում երկու ներքաղաքական զարգացումների հետ է կապված. «Մեր երկրի ներկա նախընտրական շրջանը պարզապես առիթ է հանդիսացել: Իրական պատճառը ներքաղաքական զարգացումներն են Ադրբեջանում ` սոցիալ-քաղաքական ոլորտում , իսկ առիթ օգտագործվեց նախընտրական շրջանը»:
Կարդացեք նաև
Նա կարծում է, որ խնդիրը կարող է լուծվել միայն մի դեպքում, երբ կկնքվի հաշտության պայմանագիր. «Քանի չկա հաշտություն, կա թշնամանք, կա պատերազմ և եթե կա պատերազմ՝ կա նաև թշնամու կերպար: Սա նորմալ գործընթաց է, որը եղել է պատմության բոլոր ժամանակներում»:
Նարեկ Գալստյանն ընդգծում է, որ այսպիսի փոքր քայլերը կարող են պատերազմի առիթ հանդիսանալ, բայց ոչ պատճառ: Նա Ադրբեջանը չի համարում ռացիոնալ պետություն. «Ադրբեջանը կարող է հեշտությամբ տրվել ավանտյուրայի, բայց այստեղ էլ կա զսպող հանգամանք, քանի որ նրանք գիտեն , որ կայծակնային հաղթանակ չեն կարող տանել, իսկ ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում, նրանց համար կորուստները շատ մեծ կլինեն՝ սկսած իրենց էներգետիկ ծրագրերից, վերջացրած ալիևյան կլանի տապալումը: Սա է պատճառը, որ ռազմական գործողությունները առայժմ այսպիսի սադրիչ գործողություններից այն կողմ չեն անցնում»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ