Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ շահագործման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Լոռու մարզի ամբողջովին վերանորոգված «Թումանյան» կայարանը: Վարչապետ Սարգսյանը կայարանում կատարված վերանորոգման աշխատանքները դիտելու նպատակով Վանաձորից երկաթուղով է ժամանել «Թումանյան» կայարան` միաժամանակ ծանոթանալով նաև երկաթուղային ենթակառուցվածքների պայմաններին:
«Թումանյան» կայարանը վերանորոգվել է Լոռու մարզպետարանի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջև կնքված համաձայնագրի շրջանակում: Կայարանի շահագործումը կնպաստի մարզի երկաթուղային հաղորդակցության զարգացմանը: Կայարանում նորոգվել կամ վերազինվել են անհրաժեշտ ենթակառուցվածքները, ստեղծվել աշխատանքային լավ պայմաններ:
Փետրվարի 16-ից կայարանից կսկսի գործել Վանաձոր-Գյումրի ուղղությունը, որի տոմսի արժեքը կկազմի 600 դրամ: Իսկ նույն ուղղության երթուղային տաքսու երթուղու տոմսի արժեքը 700-800 դրամ է:
Թումանյան կայարանում բացվել է նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրին:
Կարդացեք նաև
Այնուհետև Տիգրան Սարգսյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում ներկա է եղել երկրորդ միջհամայնքային մշակութային փառատոնի և մարզային ԱրտԷքսպոյի լավագույն թատերական խումբ անվանակարգում անցկացված մրցույթի մրցանակաբաշխությանը: Այս անվանակարգում իրենց ներկայացումներով հաղթող են ճանաչվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մշակույթի տան թատերախումբը, Արմավիրի մարզի «Ընծա» և Արարատի մարզի Վեդու երաժշտական դպրոցի թատերախմբերը:
Կառավարության ղեկավարի մասնակցությամբ Վանաձորում բացվել է «Հորովել» երգի պարի անսամբլի հիմնադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լևոն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Վերջինս շուրջ 40 տարի ղեկավարել է նաև Վանաձորի մշակույթի տունը և մեծ ավանդ ունեցել քաղաքի մշակութային կյանքի զարգացման ու ամրապնդման գործում: Ներկաները ծաղիկներ են դրել Լևոն Սարգսյանի հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Լոռու մարզ կատարած այցի ավարտին Տիգրան Սարգսյանը մասնակցել է երկրորդ միջհամայնքային մշակութային փառատոնը և մարզային ԱրտԷքսպոն ամփոփող ցուցահանդեսին: Վարչապետը շրջել է մի շարք համայնքների կողմից ներկայացված տաղավարներով՝ ծանոթացել երգի և պարի, լավագույն համայնքային դպրոց, լավագույն համայնքային գրադարան, պատմամշակութային ժառանգության պահպանման, մշակութային լավագույն քաղաքային համայնք և այլ անվանակարգերում ներկայացված աշխատանքներին:
ՀՀ կառավարություն