Քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների անդամներ այսօր նույն հարկի տակ քննարկել են՝ ինչ ճանապարհով ՀՀ քաղաքացուն վերադարձնեն իր ընտրելու իրավունքը:
«Արդեն 20 տարի է, իշխանությունը չի ձեւավորվում քաղաքացիների կողմից, այլ գտնվում է բռնազավթված վիճակում»,- այսօր կազմակերպված ֆորումի ժամանակ ասաց քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արգիշտի Կիվիրյանը:
Նրա խոսքերով, մինչեւ այսօր կուսակցությունները չկարողացան քաղաքացիներին վերադարձնել ընտրելու իրավունքը , ինչի արդյունքում նրանց մասնակցությունը գլոբալ առումով վերածվում է զավեշտի:
«Առաջին հերթին դատաիրավական համակարգից պետք է սկսել, երկրորդ՝ կադաստր, քաղաքապետարան ու դրանից գնալ առաջ»,- առաջարկեց ճարտարապետ Ելենա Աթոյանը:
Կարդացեք նաև
Մասնակիցներից մեկն էլ ասաց, թե լսել է, որ անձնագրային տվյալներ են հավաքում ընտրակեղծիքները կազմակերպելու համար, բայց կեղծարարության ձեւերը չի պատկերացնում: Այդ հարցում տեղեկացված մասնակիցներից մեկն էլ՝ Գրիզելդա Ղազարյանը, բացատրեց՝ նորամուծություն է. «Ընտրական հանձնաժողովների անդամներին բաժանում են կնիքներ: Կնիքներով ինքը պետք է հաստատի, որ գրանցել է անձնագրի համարը եւ ընտրողն իր անվան դիմաց ստորագրել է: Բայց օրվա վերջում ոչ թե կնիքով դրվածներն են հաշվում, այլ ստորագրություններով: Հանձնաժողովի անբարեխիղճ անդամը հնարավորություն ունի լրացնել ու ստորագրել, ոչ ոք չի կարող ստուգել, այդ մարդը եկել է կամ այդ անձնագիրն այդ համարն ունի: Եթե իրեն էլ բռնացնեն՝ ասեն դու գրանցեցիր, կասի՝ ես չեմ արել, որովհետեւ իր կնիքը դրված չէ»:
Ֆորումի մասնակից քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ ընտակեղծիքի դեմ պայքարելն անհնար է. «Որեւէ հասարակություն կյանքում չի կարող կեղծիքի դեմ պայքարել: Հասարակությունը կարող է ստեղծել վիճակ, որ պարտադրի ռեժիմին՝ չկեղծել: Տասնյակ երկրներ կանգնած էին նույն խնդրի առջեւ: Ինչպես պայքարել ընտրակեղծիքի դեմ, երբ երկրում չկա անկախ դատարան» :
Ֆորումի մասնակիցներն առաջարկեցին քաղաքացիական հանձնաժողովներ ձեւավորել ու քաղաքացիական ճակատով համախմբված համակարգային պայքարել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ