Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսավորները անիվները համարակալում են, որ վարորդները «գլխներից չթռնեն», առանց մաքս` անիվ ներմուծեն

Փետրվար 15,2013 17:59

Մաքսայինը ավտոմեքենայում հին անիվ հայտնաբերելու դեպքում, դրանք առգրավում է:

Հայ-վրացական սահմանակետում աշխատող մաքսավորները Վրաստան գնացող հայկական ավտոմեքենաների անիվները համարակալում են: Aravot.am-ի տեղեկություններով, մաքսավորների այս նոր «գաղափարի» նպատակն այն է, որպեսզի հեշտորեն պարզեն, թե Հայաստանի ո՞ր քաղաքացին է համարձակվել իրենց «գլխից թռնել» եւ առանց մաքս վճարելու, Վրաստանից իր հետ մեքենայի անիվներ բերել: Մաքսավորները հայտնաբերել են, որ որոշ վարորդներ խորամանկության են դիմում եւ «քաչալ» անիվներով գնում են Վրաստան ու միանգամայն նոր, կամ համեմատաբար նոր անվադողերով հետ գալիս Հայաստան:

Հաճախակի հայ-վրացական սահմանը հատող վարորդների պատմելով, «օրինախախտներին» բացահայտելու համար, մաքսավորները գաղտնի կերպով ավտոմեքենաների անիվներն, այսպես ասած, համարակալում են եւ արդեն վերադարձին` վարորդին փաստի առաջ կանգնեցնում:

Մեզ հետ զրույցում վարորդները նաեւ պատմեցին, որ մաքսայինը ավտոմեքենայում հին անիվ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավում է: Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները անվադողերի առգրավումը պայմանավորում են կառավարության որոշմամբ, համաձայն որի արգելվում է վտանգավոր թափոնների մուտքը մեր երկիր: Օգտագործված անվադողերն, ըստ կառավարության թիվ 1093 որոշմամբ հաստատված ցանկի, համարվում են վտանգավոր թափոններ` նույնիսկ, եթե դրանք 10 % մաշվածության են:
Հայ վարորդները նախընտրում են անվադողերը Վրաստանից բերել, քանի որ, ինչպես իրենք են վստահեցնում, Վրաստանում անվադողերը անհամեմատ էժան են. միջին թանկարժեքության ավտոմեքենայի 20-30 % մաշվածության անվադողն այնտեղ արժե 20-30 դոլար, Հայաստանում` կրկնակի թանկ: Նոր անվադողի գնի տարբերությունն էլ, Վրաստանի համեմատությամբ, մոտ 30 դոլար է:
Մաքսայինի` այդպիսի «քրտնաջան» բացահայտումներն, ըստ վարորդների, ոչ այնքան միտված են բյուջեն լցնելուն, որքան՝ մեր երկրում անվադողերի բիզնեսով զբաղվող մեկ-երկու անձի բիզնեսի համար խոչընդոտները վերացնելուն: Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանում անվադողերի բիզնեսը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորներին:

Այսօր Aravot.am-ը Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հասցեին գրավոր հարց ուղղեց, թե մաքսավորների կողմից անվադողերը համարակալելը եւ ավտոմեքենայի գործող անիվների համար մաքս պահանջելն արդյոք օրենքի շրջանակներո՞ւմ է: Սպասում ենք ՊԵԿ-ի պատասխանին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728