Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՓԱԶ ԵՎ ՀՐԱՉ

Փետրվար 15,2013 17:23

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ 

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ քսանչորսերորդ

ՓԱՓԱԶ ԵՎ ՀՐԱՉ

Եվ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «որ ժիվոյ Մյասնիկյանին չես տեսել, ո՞նց ես ասում, որ էդ արձանն իրան նման ա», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «ժիվոյ չեմ տեսել, բայց ֆոտոն տեսել եմ» եւ  մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Արայիկն էլ է ֆոտոյից քանդակել», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «ով էլ ֆոտոյից քանդակեր, նման կստացվեր», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «դու քո եզդուն ֆոտոյից չէիր քանդակե՞լ, որ նման չէր ստացվել», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վերջում լավ էլ նմանացրինք», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «Արմենակն էլ Վանա լճի ֆոտոյին նայել՝ բանաստեղծություն է գրել», եւ Ռուբոն Շերենցին հարցրեց՝ «ո՞ր Արմենակը», եւ Շերենցը նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «Կյաժոյան», եւ ես ժպտալով Շերենցին ասացի՝ «շատ ուժեղ հիշողություն ունեք», եւ Ռուբոն ծիծաղելով ասաց՝ «հիշողությունն էլ հո սեփական միտք չի, որ չունենա», եւ Շիրազը խոսեց ու ասաց՝ «մարդ կա՝ իսկական Վանա լիճն է տեսել», եւ Ռուբոն ասաց՝ «թուրքերն ամեն օր էլ Վանա լիճը տենում են», եւ Շիրազն ասաց՝ «վերջերս հայերից էլ է տեսնող էղել», եւ Ռուբոն զարմացած  հարցրեց՝ «հայերից ո՞վ ա տեսել», եւ Շիրազը պատասխանեց ու ասաց՝ «Վարդգեսը», եւ Ռուբոն հարցրեց՝ «ո՞ր Վարդգեսը», եւ Շիրազը պատասխանեց ու ասաց՝ «Պետրոսյան»,  եւ Շերենցը հարցրեց՝ «գրողների նախագահը՞», եւ Շիրազը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «տարբեր ազգերի գրողներին ու ժուռնալիստներին տարել՝ Վանա լիճն ու ամբողջ Արեւմտյան Հայաստանը ցույց են տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Վարդգեսն էլ է մեջներն էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձի կանչեց իրա կաբինետ, Վանա լճի ու մեր մյուս սրբավայրերի լուսանկարները մեկ առ մեկ ցույց տվավ», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «գրողների  նախագահը՞», եւ Շիրազը զարմացած նայեց Շերենցին ու զարմացած հարցրեց՝ «ինչի՞ կզարմանաս», եւ մինչ Շերենցը կմտածեր, Ռուբոն Շիրազին ասաց՝ «զարմանում ա, որովհետեւ սաղ աշխարհը խոսում ա, որ Գրողների միության ղեկավարությունը Շիրազին հալածում ա», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Վարդգեսն ինձի չի հալածե», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «բա ո՞վ ա հալածում», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կողքինները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեկ էլ՝ ամենավերեւինները», եւ Շերենցը  շշուկով Շիրազին հարցրեց՝ «Սերոբիչը՞», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սերոբիչի կողքինները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամենամեծերն էնքան վտանգավոր չեն, ինչքան՝ իրանց էդ կողքինները», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ բախտը բերել է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ ամենամեծերի հետ եմ շփվում, ոչ էլ՝ կողքինների», եւ Ներսիսյանը ժպտալով  Շերենցին ասաց՝ «դու ամեն օր ես ամենամեծերի հետ շփվում», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ե՞ս», եւ Ներսիսյանը ժպտալով Շերենցին ասաց՝ «համարյա ամեն օր Հովհաննես Շիրազի ու Ֆրունզիկի հետ շփվում ես», եւ Ռուբոն ժպտալով ավելացրեց՝ «Լեւոն Ներսիսյանն էլ քեզ նվեր», եւ Ներսիսյանը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «չափազանցնես  գը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Շերենցին ասաց՝ «էլ չեմ ասում, որ ամեն օր ինքդ քեզ հետ ես շփվում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ներսիսյանին հարցրեց՝ «կուզես ըսես՝ ես է՞լ եմ մեծություն», եւ Ներսիսյանը ժպտալով Շերենցին ասաց՝ «ոչ թե ուզում եմ ասեմ, այլ ասում եմ», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «կարող ա՞ մյուս մեծությունները պոզովպոչով են» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սաղ մեծություններն էլ քո պես միս ու արյունից են», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «բայց մեծություններն էլ իրարից կտարբերվեն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չափսերը նկատի ունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Ֆրունզն ու  Խորենն էլ են մեծություն, բայց Փափազի ու Հրաչյա Ներսիսյանի հետ չեն կրնա համեմատվեն», եւ Շերենցի խոսքի վրա Ռուբոն անսպասելի սկսեց ծիծաղել, եւ Շերենցը զարմացած նայեց Ռուբոյին ու հարցրեց՝ «ինչի՞ կհռհռաս, այ բալա», եւ Ռուբոն  ծիծաղելով Շերենցին ասաց՝ «որ Լեննականի բարբառով ես խոսում, ծիծաղս գալիս ա», եւ Շերենցը զարմացած նայեց Ռուբոյին ու հարցրեց՝ «էդոր ի՞նչն է ծիծաղելի», եւ Ռուբոն ծիծաղելով Շերենցին ասաց՝ «դու ծնունդով լեննականացի չես, բայց հենց որ նստում ես Վարպետ Շիրազի մոտ, սկսում ես Լեննականի բարբառով խոսալ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Վարպետ Շիրազն էլ ծնունդով լեննականցի չէ», եւ Շիրազն ասաց՝ «բայց էրեխա վախտ Գյումրվա օդն եմ շնչել ու ջուրն եմ խմել», եւ Արայիկը փռթկացնելով հորն ասաց՝ «մեկ-մեկ  էլ Գյումրվա ջուրը ծախել ես», եւ Շերենցը փռթկացնելով Արայիկին ասաց՝ «Վարպետի ջուր ծախելը տեղոց տեղ գեղարվեստական հորինվածք է», եւ Շիրազը թարս նայեց Շերենցին ու ասաց՝ «դու սուս» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Գյումրվա բարբառը ղայդին չգիտես, բայց քեզնեն դուս կբլբլաս», եւ Շերենցը զարմացած նայեց Ռուբոյին ու հարցրեց՝ «ճիշտ չեմ ըսե՞», եւ Ռուբոն հարցրեց՝ «ի՞նչը», եւ Շերենցն ասաց՝ «Ֆրունզն ու Խորենը մեծություններ են, փայց Փափազի ու Հրաչյա Ներսիսյանի հետ չեն կրնա համեմատվեն», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «Շերենցը շատ ուժեղ թատերագետ կլիներ», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «կարող է՞ թատերագետները պոզովպոչով են», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին  հարցրեց՝ «էդ քեզ Ֆրունզն ա՞  ասել», եւ Շերենցը հարցրեց՝ «ի՞նչը», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «Ֆրունզն ա՞ ասել, որ ինքն ու Խորիկը Փափազից ու Հրաչյա Ներսիսյանից փոքր են», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Ֆրունզն ինքը իրա դուշմանը չէ, օր իրա մասին ըդպես բան հայտարարի»,  եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «Ֆրունզը որ ասեր, մենակ Խորիկի մասին կասեր», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «այո», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «այսինքն, էդ քո սեփական միտքն ա՞», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու վախեցած հարցրեց՝ «ո՞րը» եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «էդ որ ասում ես՝ ինքն ու Խորիկը չեն կարա Փափազի հետ համեմատվեն», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըդիկ իրանք էլ գիտեն», եւ Ռուբոն ժպտալով հարցրեց՝ «իրանք՝ ո՞վ», եւ Շերենցը պատասխանեց ու ասաց՝ «Ֆրունզն ու Խորենը», եւ Ռուբոն խորամանկ ժպտալով Շերենցին հարցրեց՝ «այսինքն, կարա՞մ Ֆրունզին ասեմ, որ իրա մասին ըտենց միտք ես ասել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու վախեցած հարցրեց՝ «ի՞նչ միտք», եւ Ռուբոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ինքնուրույն միտք», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու նեղսրտելով Ռուբոյին ասաց՝ «որոշեցիր առածդ  մառոժնին քթիցս հանե՞ս», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «ոչ թե մառոժնին, այլ՝ մառոժնիները», եւ Ռուբոն խորամանկ ժպտալով Շերենցին ասաց՝ «այ ըտենց կվախենաս», եւ Արայիկն ասաց՝ «Շերենցը ոչ թե Ֆրունզից ա վախենում, այլ՝ Խորիկից», եւ Շերենցը  զարմացած հարցրեց՝ «Խորենի՞ց ինչի պիտի վախնամ» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ֆրունզն ինձի հազար ու մի լավություններ է էրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամոթն էլ է լավ բան», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «լավ ա գոնե ամաչում ես», եւ Շերենցը նեղսրտած հարցրեց՝ «ինչի՞ համար պիտի ամաչեմ», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «էդ ինքնուրույն մտքիդ համար», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու նեղսրտելով Ռուբոյին ասաց՝ «էսորից հետո  կրնաս ընդհանրապես մառոժնի չառնես» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «ոչ մի գրամ» եւ  մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ոչ էլ կոֆե կառնես», եւ Արայիկը  ժպտալով Ռուբոյին ասաց՝ «մոռացել էինք, որ Շերենցի համար կոֆե էլ ես առնում», եւ Շերենցը քթի տակ փնթփնթալով ասաց՝ «համարյա ամեն Աստծո օր», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «Շերենցը ոչ Ֆրունզի արած լավություններն ա մոռանում, ոչ էլ՝ քո», եւ Շերենցը նեղսրտած ասաց՝ «իմ հերնումերն ինձի ավելի մեծ լավություն են էրել, քան՝ Ֆրունզն ու Ռուբոն», եւ Արայիկը Շերենցին հարցրեց՝ «ի՞նչ լավություն են արել», եւ Շերենցը նեղսրտած ասաց՝ «ինձի ծնել ու լույսաշխարհ են բերել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց իրանք էլ չեն կրնա Փափազի ու Հրաչյա Ներսիսյանի հետ համեմատվեն», եւ Շիրազն ասաց՝ «Փափազի ու Հրաչի հետ ոչ մեկը չի կրնա համեմատվի», եւ Արայիկը  ժպտալով ասաց՝ «Ռուբոն էս սաղ ղալմաղալը սարքում ա, որ եզդու պատմությունը չպատմի», եւ Շերենցը նեղացած ասաց՝ «ոչ թող պատմի, ոչ էլ թող սրանից հետո մառոժնի առնի», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «շատ չերկարացնես, թե չէ՝ կես կիլո էլ բերել կտամ», եւ Շերենցը թարս նայեց Ռուբոյին ու նեղացած ասաց՝ «քեզ ըլնի» եւ մի քիչ մտածեց ու նեղացած ավելացրեց՝ «կես կիլոն էլ, էրկու հարուրն էլ», եւ Շերենցի խոսքի վրա Խորոզը նորից զարթնեց, զարմացած նայեց Շիրազին ու հարցրեց՝ «Վարպետ ջան, կոնյակ բերե՞մ, թե՝ արաղ», եւ Շիրազը թարս նայեց Խորոզին ու ոչինչ չասաց, եւ Խորոզն անսպասելի գոռաց՝ «դե մի բան ասա, Վարպետ» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ եմ բերում», եւ Շիրազը զզվանքով նայեց Խորոզին, եւ Շերենցը Խորոզին ասաց՝ «ոչ մի բան էլ պետք չի, Խորոզ ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն ինչ էլ կա», եւ Խորոզը զարմացած նայեց Շերենցին ու հարցրեց՝ «հաստատ ամեն ինչ կա՞», եւ Շերենցը ժպտալով Խորոզին ասաց՝ «հա, Խորոզ ջան» եւ ժպտալով  ավելացրեց՝ «դու հանգիստ քնի», եւ Մարգունին աչքերը բացեց ու նեղսրտած ասաց՝ «էս ղալմաղալին քնե՞լ կըլնի», եւ Շերենցը Մարգունուն հարցրեց՝ «ի՞նչ ղալմաղալ», եւ Մարգունին ասաց՝ «էս սամալյոտների ձեները», եւ Շերենցը փռթկացնելով հարցրեց՝ «ո՞ր սամալյոտների», եւ Մարգունին պատասխանեց ու ասաց՝ «ռմբակոծիչների» եւ մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «չէիք լսո՞ւմ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով  ասաց՝ «լսեինք գը, բայց մտածեինք գը՝ ավտոների ձեներն են», եւ Մարգունին արհամարհական նայեց Շերենցին ու ասաց՝ «խելքի՜դ ձուն գա», եւ Շերենցը փռթկացնելով Մարգունուն հարցրեց՝ «էս ամառվա կեսին ի՞նչ ձուն», եւ Մարգունին արհամարհական նայեց Շերենցին ու ոչինչ չասաց, եւ Ռուբոն փռթկացնելով Շերենցին ասաց՝ «սամալյոտների ու ավտոների ձեներն էլ իրարից չես տարբերում, տնաշեն», եւ Շերենցը թարս նայեց Ռուբոյին ու ասաց՝ «Մարգունին ու դու տարբերեք գը՝ հերիք է», եւ Մարգունին ոչինչ չասաց, որովհետեւ վերստին քնել էր, եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «լեննականցի չես, բայց Լեննականի լեզվով ես ճտպտում», եւ Շերենցը թարս նայեց Ռուբոյին ու ասաց՝ «ինչ լեզվով ուզեմ՝ էն լեզվով էլ կճտպտամ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դեղնակտուցներից չպիտի իրավունք հարցնեմ», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «Շերենցը Լոռվա բարբառով էլ ա կարում խոսա», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «ինքը Լոռվա բարբառով մենակ կինոներում ա ճտպտում», եւ Շերենցը թարս նայեց Ռուբոյին ու ասաց՝ «քո գործը չէ» եւ մի քիչ մտածեց ու Արայիկին նայելով ասաց՝ «Հրանտ Մաթեւոսյանի կինոյից հետո շատերը կկարծեն՝ լոռեցի եմ», եւ Ռուբոն Արայիկին ասաց՝ «Էրեւանի ժարգոնով էլ ա շատ ուժեղ ճտպտում», եւ Արայիկը փռթկացնելով հարցրեց՝ «գողականո՞վ», եւ Ռուբոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «համարյա», եւ Շերենցը թարս նայեց Ռուբոյին ու ասաց՝ «ինչ լեզվով կուզեմ՝ էն լեզվով էլ կխոսեմ», եւ Արայիկը փռթկացնելով Ռուբոյին ասաց՝ «դեղնակտուցներից չպիտի իրավունք հարցնի», եւ Շերենցը թարս նայեց Ռուբոյին ու ասաց՝ «այո», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «փաստորեն, ահագին լեզուներ գիտես», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձի համար էդոնք օտար լեզուներ չեն»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728