Համաձայն լինելով հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի երեկվա հարցազրույցի (iLur.am, 14.02.2013) բոլոր դրույթներին՝ ուզում եմ պարզաբանել ընդամենը մեկ հարց։ Տեր-Աբրահամյանը նշում է. «Ես կնախընտրեի, որպեսզի (ՀԱԿ-ի վերափոխման) նախագիծը ոչ թե կուսակցություն, այլ ավելի լայն ու ազատ ձեւաչափ ենթադրող անվամբ կոչվեր, ասենք՝ միություն կամ նման մի բան։ …Կարծում եմ, որ, այսպես թե այնպես, ստեղծվելիք կուսակցությունը օբյեկտիվորեն գործելու է ոչ այնքան որպես նեղ իմաստով կուսակցություն, այլ յուրահատուկ քաղաքացիական-քաղաքական միություն, որի նպատակն է լինելու բռնապետության դեմ պայքարի միջնաբերդի դերը ստանձնելը եւ հասարակական մոբիլիզացիան, ինչպես նաեւ՝ նորացված ընդդիմադիր խոսքի եւ քննադատության ձեւակերպումը»։ Այս պնդումների վերաբերյալ էլ առարկություն չունենալով՝ հարկ եմ համարում միայն մատնանշել, որ հարգարժան հրապարակախոսի ցանկությունը լիովին արտահայտված է «Կոնգրես» բառում, որը նշանակում է ոչ այլ ինչ, քան հենց «միություն», «համաժողով» կամ նույնիսկ «ֆորում»՝ ծագելով լատիներեն «cum + gradi» (համաքայլ, համընթաց) բառից։ Մյուս կողմից՝ ինչ անունով էլ վերափոխված Կոնգրեսը կոչվեր, միեւնույն է, իրավական տեսակետից այն կուսակցություն պետք է համարվեր, քանի որ ըստ օրենսդրության՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու այլ ձեւաչափ գոյություն չունի։ Բայցեւայնպես, շնորհակալություն հայտնելով Տեր-Աբրահամյանին, գերճշգրիտ լինելու համար, վերափոխված Կոնգրեսը ես կբնութագրեի որպես իրավական կարգավիճակով կուսակցություն, իսկ էությամբ՝ հանուն սահմանադրական կարգի վերականգնման բռնապետության դեմ վճռական պայքարի դրոշ պարզած լայն զանգվածների համընդգրկուն միավորում։
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ