Օրը հռչակվել է 2001թ. Լուքսեմբուրգում, «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը գրավել քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին:
Ըստ վիճակագրության ամբողջ աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Հայաստանում տարեկան գրանցվում է 80-90 նոր դեպք:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունք տարեկան 200-ից ավելի երեխա է բուժվում:
Հայաստանում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը` լեյկեմիան, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ 30-40 տոկոսը: Երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, այնուհետև գլխուղեղի ուռուցքն է: Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են. քաղցկեղածին նյութեր սննդում և օդում, ծնողների կողմից վնասակար սովորություններ` ծխախոտի և ալկոհոլի չարաշահում, ինչպես նաև մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրներ և այլն:
Հիվանդությունն ավելի հաճախ հայտնաբերվում է 2-4 տարեկան երեխաների մոտ։ Գիտնականների համոզմամբ այդ ուռուցքները ոչ թե ժառանգաբար են փոխանցվում, այլ լինում են բնածին: Երկրորդ տեղում 11-14 տարեկան երեխաներն են. նրանց մոտ քաղցկեղն առաջանում է սեռական հասունացման շրջանում: Քաղցկեղի այն տեսակները, որոնք հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ գրեթե չեն լինում: Տարբերություն կա նաև ուռուցքների և բուժման մեթոդների միջև:
Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է սկզբնական փուլում։Հայաստանում երեխաների մոտ հիվանդության 65 տոկոս դեպքերը լիակատար բուժվում են: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 75-80 տոկոսի:
Աշխարհի շատ երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների համար այսօր տարբեր միջոցառումներ են անցկացվում, հանգանակություններ կազմակերպվում։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ևս քաղցկեղով հիվանդ երեխաների համար ուրախ ցերեկույթ կազմակերպվեց։
ՀՀ առողջապահության նախարարություն