Պայմանագրային զինծառայողին ազատազրկում է սպառնում
Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Արմեն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պայմանագրային զինծառայող, մարտական հրամանի համաձայն՝ 2012թ. հոկտեմբերի 5-19-ը որպես ռադիոհեռախոսավար ընդգրկված լինելով N հրամանատարական դիտակետում, հոկտեմբերի 8-ին, ժամը 10-ի սահմաններում, հրամանատարական դիտակետից դուրս է եկել գումարտակ տանող գծալարային հեռախոսակապը վերականգնելու համար: Այն վերականգնելուց հետո, ժամը 11-ի սահմաններում, ինքնակամ թողել է մարտական ծառայության վայրը, գնացել տուն, հղի կնոջը տարել բժշկի եւ ժամը 16-ի սահմաններում ներկայացել ծառայության վայր:
Նախկինում չդատված Ա. Քոչարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով: Այդ հոդվածով նախատեսվում է պատիժ` կարգապահական գումարտակում պահելը` մինչեւ 2 տարի ժամկետով կամ ազատազրկում`առավելագույնը 3 տարի ժամկետով:
Ա.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարդացեք նաև
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Ա. Քոչարյանի դատավարության առաջին նիստը նշանակված է փետրվարի 21-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ