Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 տարվա ազատազրկման էր դատապարտել վանաձորցի կապիտան, պաշտպանության նախարարության ուսումնական վաշտի տանկային դասակի հրամանատար Վաչե Սաֆարյանին:
Կապիտանը շարքային Արսեն Ավետիսյանին պարտադրել էր տանկ վարել: Երբեւէ տանկ չվարած շարքայինն էլ տանկը «բարձրացրել» էր ԶԻԼ-131 մակնիշի ՊՆ 6716 Շ զինհամարանիշի ավտոմեքենայի խցիկի վրայով:
Ըստ մեղադրանքն առաջադրած մարմնի՝ զինվորական կայազորի, «թռչող տանկի» պատճառած էական վնասը կազմել է 97.966 ՀՀ դրամի չափով:
Այսօր տեղեկացանք, որ Վաչե Սաֆարյանը բողոքով դիմել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան՝ վիճարկելով իր պատժաչափը: Ի դեպ, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը, որը դեռ կմնա, քանի դեռ օրինական ուժի մեջ չի մտել նրա նկատմամբ կայացված դատավճիռը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ