ՀԱԿ անդամը վստահ է, որ որեւէ մեկը չի կարող իրենց դավաճան անվանել
Այսօր «Նոյյան տապան» ակումբում Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը, խոսելով նոր ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության մասին՝ ասաց. «Ցանկացած կուսակցություն ստեղծելու գաղափարը կամ ցանկությունը ինչ-որ խմբի, մարդկանց Սահմանադրական իրավունքն է: Որեւէ մեկը չի կարող արգելել, բռնանալ: Բայց մեկ այլ խնդիր կա, փաստացի արդեն կա երկու Կոնգրես, մեկը՝ 10 կուսակցություններից բաղկացած դաշինքն է, որով մասնակցեց ընտրություններին, մյուսը, որը ստեղծվել էր 2008-ի օգոստոսին, որտեղ կային 18 կուսակցություններ: Հիմա հավելյալ դրա կողքին ստեղծվի համանուն կուսակցություն, մի տեսակ խառնաշփոթ կարող է առաջացնել: Շատ հարգում եմ առաջին նախագահին, գաղափարը իրենն է եղել, ինքն է ղեկավարել ՀԱԿ-ը, բայց ես կարծում եմ, որ կարող էր մի փոքր այլ անվանում լիներ»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ը լուծարելուն՝ նա ասաց. «Ոչ մի բան հավերժ չի լինում: Միայն Հայաստանում չի այդպես, տարբեր ժամանակներում քաղաքական ուժեր իրար միանում են, դաշինքներ են ստեղծում: ՀԱԿ-ն էլ շատերի կարծիքով պետք է դարերով մնա՞ր: Առայժմ ՀԱԿ-ը կա, իսկ թե ինչ կլինի հետո, փոխադարձ համագործակցության ինչպիսի ձեւաչափեր կգտնվեն, ինչպես կաշխատեն մարդիկ իրար հետ՝ չգիտեմ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով, թե ինչպիսի իրավիճակ է հիմա ստեղծվել Կոնգրեսում, Հրանտ Բագրատյանին սատարողների եւ չսատարողների թեւերում, Նիկոլ Փաշինյանի բեւեռում, ինչպե՞ս եք պատկերացնում այլեւս համագործակցությունը, չէ՞ որ Դուք էլ եք փաստորեն «դավաճան» համարվում որոշ կոնգրեսականների համար, քանի որ սատարում եք Հրանտ Բագրատյանին՝ նա պատասխանեց. «Որեւէ մեկը մեզ չի կարող դավաճան համարել: Մեր կուսակցությունը, հենց իր անունից ելնելով՝ աշխատում է»: Նա Հրանտ Բագրատյանի դեմ դուրս եկած կոնգրեսականների վարքը «էմոցիոնալ բաներ» որակեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ