Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուները` սոցցանցերում

Փետրվար 15,2013 16:16

Սերժ Սարգսյանը հետեւող չունի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին հետեւում է 14,650 մարդ, Արման Մելիքյանին`650, Հայրիկյանին` 4000, Բագրատյանին` 3000

«Սոցցանցերը եւ Ֆեյսբուքը հիմնականում դարձել է մի տարածք, որը օգտագործում են բոլորը իրենց նպատակին հասնելու համար՝ սկսած քաղաքական էլիտայից, վերջացրած հասարակ օգտատերերով»,-այսօր «Մեդիա կենտրոնում» նման կարծիք հայտնեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:

Սոցցանցերի եւ ընդհանրապես համացանցի ընտրական գործընթացին ներգրավված լինելու մասին թեմայի շուրջ քննարկման ժամանակ, ասուլիսի մասնակիցները կարծիք հայտնեցին, որ սոցցանցերը մեծ դեր են կատարում քաղաքական գործիչների համար, եւ սա Հայաստանում հատկապես նկատելի է նախագահական ընտրությունների նախաշեմին:

«Մեդիա կենտրոնում» այսօր ասուլիսը վարեց «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը, որի խոսքերով`հենց ավարտվի նախընտրական շրջանը, քաղաքական գործիչները այլեւս քաղաքականապես ակտիվ չեն լինի սոցցանցերում:

Լաուրա Բաղդասարյանի ներկայացմամբ` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տվյալներով` նախագահի այն թեկնածուները, ովքեր ֆեյսբուքում ունեն պաշտոնական էջեր, ունեն հետեւյալ թվով հետեւողներ սոցցանցում՝ Արմեն Մելիքյան՝ 650, Պարույր Հայրիկյան՝ 4000, Ռաֆֆի Հովհաննիսյան՝ 14650 հետեւող, Հրանտ Բագրատյան` 3000, Վարդան Սեդրակյան` 5000, իսկ գործող նախագահ եւ նախագահի թկնածու Սերժ Սարգսյանը ֆեյսբուք սոցցանցում պաշտոնական էջ չունի:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նկատեց, որ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջի այցելուների թիվն ավելացել է նրա վրա կատարված մահափորձից հետո, ընդ որում, ինքը` մահափորձի ենթարկված թեկնածուն էլ սկսել է ակտիվ գրառումներ կատարել իր էջում, կրկին մահափորձից հետո:

Ըստ «Ռեգիոնի» տվյալների, քաղաքական գործիչները, սովորական օգտատերերը ավելի ակտիվ են Ֆեյսբուք, Օդնոկլասնիկի սոցցանցերում, իսկ թվիթերում` պասիվ: Հայաստանում Ֆեյսբուքից օգտվում է 350.000 օգտատեր, Օդնոկլասնիկիից՝ 800.000, իսկ թվիթերի օգտատերերի քանակը համեմատաբար ավելի քիչ է:

Աննա ԹԱՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728