Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը «ներքեւիններին» էլ կընդգրկի սոցիալական փաթեթում (Տեսանյութ)

Փետրվար 15,2013 16:14

2012 թվականի հունվարից շուրջ 120 հազար պետական ապարատի աշխատակիցների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամներին մի խումբ սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռվեց: Սոցիալական ծառայությունները ընդգրկում էին առողջության ապահովագրությունը, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճարումը եւ հանգստի կազմակերպումը ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ` այս տարվանից ծրագրի շահառուների շրջանակը ընդլայնվել է շուրջ  30  հազարով:

«Տեղի է ունեցել շահառուների ավելացում: Երբ որ մենք 2012 թվականի համար նախաձեռնեցինք  սոցիալական փաթեթը, հիմնականում այն միտված էր քաղծառայողներին, պետական ապարատի միջուկին եւ նրանց հավասարեցված անձանց: Մենք այն ժամանակ ընդգրկեցինք հիմնական միջուկին՝ չընդգրկելով վերեւում եւ ներքեւում գտնվող անձանց: Վերեւում գտնվող անձինք՝ համապատասխան օրենսդրությամբ պաշտոնատար անձինք են համարվում, ներքեւում գտնվող անձինք, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի աշխատանքներ են կատարում նախարարություններում, նրանք եւս ընդգրկվել են սոցփաթեթի մեջ»,- ասաց Ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ սոցիալական փաթեթից նաեւ կարող են օգտվել Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի եւ նրան ՊՈԱԿ-ների հաստիքացուցակներում ընդգրկված աշխատակիցները եւ ՀՀ-ում մշտապես բնակվող ԽՍՀՄ եւ «Ժողովրդական» պատվավոր կոչմանն  արժանացած անձինք, ինչպես նաեւ Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները՝ բացառությամբ ղեկավար աշխատակազմի:

«Եթե քաղծառայողը առաջ այդ գումարը  տարվա ընթացքում, ամբողջովին չէր ծախսում,  ապա այդ գումարը նորից հետ էր վերադարձվում պետբյուջե, հիմա մենք այդ գումարը փոխանցելու ենք նրա հաշվին: Այդ գումարի օգտագործումը լինելու է փաթեթի կողմից նախանշված չորս ուղություններով: Ընդհանուր պայմանագրեր ունենք բանկերի հետ, այս պահին պայմանագրեր ենք կնքել 11 բանկերի հետ»,- նշեց նախարարը` ընգծելով, որ շահառուները արդեն հնարավորություն կունենան կուտակել գումարները եւ դրանց համար տոկոսներ ստանալ:

Ի դեպ, սոցիալական փաթեթով նախատեսված գումարը յուրաքանչյուր աշխատակցի համար կազմում է 11 հազար դրամ, որը տարեկան կտրվածքով հավասար է 132 հազար դրամին, իսկ առողջության ապահովագրության ծառայության համար սահմանված է 52 հազար դրամի չափով բազային ծածկույթ:

Ընդլայնվել է նաեւ բազային փաթեթի մեջ ներառված հատուցվող դեպքերի շրջանակը` սրտի ավելի ծավալուն վիրահատությունների փոխհատուցումը, ուռուցքաբանության ժամանակ կիրառվող վիրահատական բուժումը եւ սահմանափակ քանակությամբ ճառագայթային բուժումը:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728